Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հոկտեմբեր 17,2009 00:00

\"a\"

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ երրորդ

ՏԱՐԵԹՎԵՐ ԵՎ ԱՄՍԱԹՎԵՐ

Որ ասում եմ՝ Սամսոնը գրողների պադվալում Իգորին հանճար անվանեց, հաստատ բան եմ ասում, ու որ ասում եմ՝ էդ իրիկուն Գագոյենց տանը Լեւոնն էլ էր Իգորի մասին չափազանց բարձր կարծիքի, էդ էլ եմ հաստատ ասում, եւ չնայած էդ իրիկուն Իգորի, Պարույրի ու Շարժման մասին շատ խոսեցինք, էլի մտքովս չէր անցնում, որ Լեւոնը երբեւէ քաղաքականություն կմտնի, բայց դրանից ընդամենը մի քանի օր անց Գագոյի տանը վերստին Լեւոնին տեսնելով՝ հասկացա, որ Լեւոնն ու քաղաքականությունը լավ էլ գտել են իրար, որովհետեւ էդ երկրորդ անգամ Լեւոնը միանգամայն գործնական նպատակով էր Գագոյի հյուրընկալ օջախ այցելել. Գագոյի զոքանչ Հեղուշը՝ որ Ղարաբաղյան շարժման ամենաթունդ մասնակիցն ու համակիրն էր, պատրաստակամություն էր հայտնել ռուսերեն մեքենագրել Ղարաբաղին առնչվող տասնյակ փաստաթղթերը, որոնք Լեւոնը Մատենադարանի քսերոքսով բազմացնելով՝ պիտի հասցներ Մոսկվա ու Լենինգրադ եւ անձամբ հանձներ ռուս մտավորականներին ու դեպուտատներին, եւ երբ տիկին Հեղուշն արդեն մեքենագրել էր, եւ Լեւոնն էլ արդեն բազմացրել ու թռել էր Մոսկվա ու Լենինգրադ, Թամրազյան Հրաչն ինձ ասաց, որ Լեւոնին շատ շտապ պիտի Գրողների միության անդամ դարձնենք, եւ էդ բանը Հրաչն անձամբ ինձ ասաց, որովհետեւ էդ օրերին Գրողների միության ընդունող հանձնաժողովի անդամ էի, ու մի քանի օր անց ընդունելություն էր լինելու, եւ քանի որ Վանոն էլ էր ընդունող հանձնաժողովի անդամ, երկուսով՝ մնացած իննից ութին համոզեցինք քվեարկել Տեր-Պետրոսյան Լեւոնի օգտին, եւ միակ անդրդվելին տիկին Սիլվան էր, եւ Լեւոնն էդ օրը Ռուսաստանում գտնվելով ու տասնմեկ հնարավորից տասը ձայն հավաքելով՝ դարձավ Հայաստանի գրողների միության անդամ, ավելի ճիշտ՝ Սովետական Միության Գրողների միության անդամ, որովհետեւ Հայաստանը դեռեւս անկախ չէր, եւ, բնականաբար, Գրողների միությունն էլ էր միասնական, եւ Թամրազյան Հրաչի ասելով՝ Լենինի պատկերով ԽՍՀՄ Գրողների միության էդ անդամատոմսը ռուսաստաններում կարող էր Լեւոնին պետք գալ, եւ չնայած Լեւոնը ռուսաստաններից վերադառնալով՝ էդ անդամատոմսն ունեցավ, ձեզ կարող եմ հավաստիացնել, որ գրողական էդ անդամատոմսն արդեն հատկապես Լեւոնին պետք չէր, որովհետեւ ռուսաստաններից վերադառնալով՝ Լեւոնը հիմնավորապես ու վերջնականապես խրվեց քաղաքականության ու հեղափոխության մեջ, եւ երբ ինքը Ռուսաստանից վերադարձավ, համազգային գործադուլներն ու դասադուլներն արդեն սկսվել էին, բայց «Ղարաբաղ» կոմիտեի կազմը դեռեւս վերջնական տեսք չուներ, եւ Իգորին ու իր գնդին կոմիտեից հեռացնելով՝ հներից Վանոն, Սամսոնը, Վազգենը, Սամվելը, Բաբկենը, Համբարձումը, Դավիթը, Ալեքսանը, Մանուչարյանն ու Ռաֆայել Ղազարյանը մնացել էին, ճիշտ է, բայց անհրաժեշտություն կար, որ ժողովուրդն անձամբ Ազատության հրապարակում էս տասին ընտրելով՝ քվեարկեր, եւ չնայած էս տասը դեռեւս ժողովրդի քվեն չունեին, համազգային գործադուլներն ու դասադուլները լավ էլ կազմակերպել ու հունի մեջ էին գցել, եւ եթե որեւէ կոլեկտիվ ու կոլեկտիվի ղեկավար համազգային գործադուլից հրաժարվում էին, տեղում՝ հենց Ազատության հրապարակում դավաճան էին հռչակվում, իսկ էն հիմնարկներն ու կոլեկտիվները, որոնք միանում էին համազգային գործադուլին, պարտավոր էին Ազատության հրապարակի հարթակից հնչեցնել համազգային գործադուլին միանալու իրենց որոշումները՝ վավերացված հիմնարկի տնօրենի, կուսկոմիտեի քարտուղարի կամ առնվազն արհմիության ղեկավարի կլոր կնիքներով, եւ գործադուլի ու գործադուլավորների հիմնական պահանջը Հայաստանի ու Ղարաբաղի վերամիավորումն էր, եւ Լեւոնի Ռուսաստանից վերադառնալն ու Մատենադարանի կոլեկտիվի համազգային գործադուլին միանալը մեկին մեկ համընկան, եւ շատ հնարավոր է՝ Լեւոնի հորդորներով Մատենադարանի կոլեկտիվն էդ որոշումը կայացրած լիներ, եւ բնական էր, որ Մատենադարանի կոլեկտիվի էդ որոշումն Ազատության հրապարակի հարթակից Լեւոնն անձամբ կարդաց, որովհետեւ իր կարդալուց անմիջապես հետո բոլորի համար պարզ դարձավ, որ Լեւոնը հռետորական բացառիկ տաղանդի տեր է, եւ Մատենադարանի կոլեկտիվի էդ որոշումն ինքն էնպիսի առոգանությամբ կարդաց, որ իր էդ ելույթից հետո Ազատության հրապարակը ողողվեց ծափահարություններով, եւ չնայած Սարուխանյանով սկսված ու Իգորով շարունակված էդ հանրահավաքներում արդեն որոշակի ավանդույթ էր ձեւավորվել՝ հարթակից ելույթ ունեցողներին ծափահարելու փոխարեն՝ բռունցքները վեր բարձրացնել, Լեւոնի էդ օրվա հռետորական ընթերցումից անմիջապես հետո էդ ավանդույթը խախտվեց, եւ Ազատության հրապարակը ողողվեց ծափահարություններով, եւ չնայած չէի պատկերացնում՝ Մատենադարանի կոլեկտիվն ինչ կերպ պիտի գործադուլ անի, Լեւոնի էդ ելույթը նաեւ չպատկերացնողներիս համար էր տպավորիչ ու համոզիչ, եւ չպատկերացնողներս էլ էինք պատկերացնողներին հավասար բուռն ծափահարում, ու էդ օրը, հիշում եմ, իմ քավոր Գագոյի ու Արիսի հետ էի, եւ երբ Լեւոնն իր հռետորությունն ավարտեց, եւ երբ ներկաներս հոտնկայս ու երկար ծափահարեցինք պրծանք, Գագոն ինձ ու Արիսին հարցրեց՝ «բայց Մատենադարանի աշխատողները ո՞նց են գործադուլ անելու», եւ ես ծիծաղելով ասացի՝ «պիտի Մատենադարանի դռները փակեն ու այցելուներին ներս չթողնեն», եւ Արիսը մի քիչ մտածեց ու միանգամայն լուրջ ասաց՝ «ինձ թվում ա՝ էս գործադուլներն ուղղակի սիմվոլիկ իմաստ ունեն», ու էդ օրվա մեր խոսակցություններից ընդամենն էդ եմ հիշում, եւ չնայած Լեւոնի կարդացած Մատենադարանի հայտարարության էդ տեքստից էլ որեւէ բան չեմ հիշում, շատ լավ հիշում եմ, որ երբ Լեւոնն էդ տեքստը կարդում էր, Ազատության հրապարակի ժողովուրդն ուղղակի քար կտրած լսում էր, ու նաեւ շատ լավ հիշում եմ, որ իր ելույթից ու ծափահարություններից անմիջապես հետո խոսափողին մոտեցավ Վանոն ու հայտարարեց, որ հին «Ղարաբաղ» կոմիտեն այլեւս գոյություն չունի, եւ իրենք ժողովրդի օգնությամբ պիտի կոմիտեի միանգամայն նոր կազմ ընտրեն, ու էդ ասելով՝ Վանոն ներկաներիս բացատրեց, որ ինքը հերթով կկարդա կոմիտեի անդամության թեկնածուների անունները, եւ եթե ժողովուրդը տվյալ թեկնածուի թեկնածությանը համաձայն է, իր համաձայնությունը պիտի արտահայտի բռունցքները վեր բարձրացնելով, ու Վանոն էդ ընտրակարգը ներկաներիս բացատրելով՝ ժպտալով ավելացրեց՝ «էլ չծափահարեք. էս օպերայի հրապարակն ա, բայց օպերա չի» ու էդ էլ ժպտալով ավելացնելուց հետո Վանոն սկսեց հատ առ հատ կարդալ իրենց անունները, ու ամեն անունից հետո ժողովուրդը բռունցքները վեր բարձրացնելով՝ իր համաձայնությունն էր տալիս, եւ երբ վերջում Վանոն ժպտալով նաեւ իր անունը կարդաց, ներկաները ոչ թե բռունցքները վեր բարձրացրին, այլ երկարատեւ ու բուռն ծափահարեցին, եւ Վանոն ժպտալով նայեց ժողովրդին ու ժպտալով ասաց՝ «մերսի» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «էրեւում ա՝ օպերա շատ եք սիրում» ու ժպտալով էդ էլ ասելուց հետո Վանոն Ազատության հրապարակում հավաքված հազարավորներին բացատրեց, որ «Ղարաբաղ» կոմիտեի արդեն ընտրված անդամները թվով տասն են, բայց էդ թիվը պետք է կենտ լինի, որպեսզի որոշումներ ընդունելիս ու քվեարկություններ անելիս ավելորդ բարդություններ չառաջանան, ու էդ նրբությունը ներկաներիս միանգամայն հասկանալի լեզվով բացատրելով՝ Վանոն առաջարկեց, որ էդ վերջին տասնմեկերորդ կոմիտեականին ժողովուրդը լրիվ ինքնուրույն ընտրի, ու էդ ասելով՝ Վանոն առաջարկեց, որ ներկաներս մեր թեկնածուների անունները գրենք ու փոխանցենք հարթակ, ու էդ պահին իմ քավոր Գագոն բաճկոնի գրպանները քչփորելով՝ գրպանից մի թուղթ հանեց, արագ կտրտեց, բաժանեց կտորների ու էդ բոլոր կտորների վրա Լեւոն Տեր-Պետրոսյան գրելով՝ ուղարկեց հարթակ, եւ Գագոյից հետո Արիսն էլ ինչ-որ մեկից թուղթ ուզեց, մանր կտորների բաժանեց ու Գագոյի գրիչով էդ բոլոր կտորների վրա Լեւոն Տեր-Պետրոսյան գրելով՝ ուղարկեց հարթակ, եւ ժողովրդի միջից ուրիշներն էլ ուրիշ թղթի կտորներ էին հարթակ ուղարկում, եւ երբ բոլորի բոլոր թղթերն արդեն հասել էին հարթակ, Վանոն ու Համբարձումն սկսեցին էդ թղթի կտորները դասդասել ու հաշվել, եւ երբ հաշվեցին պրծան, Վանոն խոսափողին մոտենալով հայտարարեց, որ ժողովրդի ձայների բացարձակ մեծամասնությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է ընտրվել Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ, հիշում եմ, երբ Վանոն էդ ասաց, ժողովուրդը ոչ բռունցքները բարձրացրեց եւ ոչ էլ ծափահարեց, եւ երբ Վանոն ժողովրդի անտարբերությունը տեսնելով՝ ժողովրդին իրազեկեց, որ ընտրվածը Մատենադարանի կոլեկտիվի որոշումը կարդացած անձնավորությունն է, մեկից ամբողջ հրապարակը պայթեց ծափահարություններից, ու էդ պահին Լեւոնը դեռեւս հարթակում էր, եւ Վանոն ու կոմիտեի ընտրված անդամները հերթով մոտենում ու շնորհավորում էին Լեւոնին, եւ Լեւոնը խոսափողին մոտենալով ասաց՝ «շնորհակալություն, ժողովուրդ ջան», եւ Գագոն ու Արիսն էլ ներքեւում էին իրար շնորհավորում, որովհետեւ իրենց թեկնածուն բացարձակ առավելությամբ էր հաղթել երկրորդ տեղը գրաված մորուքավոր ճարտարապետին, որի անունը չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ, որ էդ ճարտարապետն էդ օրը Լեւոնից առաջ չափազանց բոցաշունչ ելույթ ունեցավ եւ ելույթից հետո ցուցադրաբար պատռեց ու փրթիկ-փրթիկ արեց իր կուստոմսը, բայց Լեւոնն էդ ճարտարապետից մի քանի անգամ ավել ձայն հավաքեց՝ իհարկե, նաեւ Գագոյի ու Արիսի շնորհիվ, որովհետեւ միայն Գագոյի ու Արիսի ուղարկած քվեաթերթիկներն ավելի շատ էին, քան՝ կուստոմսը պատռած ու երկրորդ տեղը գրաված էդ, ուրեմն, մորուքավոր ճարտարապետի ձայները, եւ, հիշում եմ, Վանոն Լեւոնի ձայները հաշվելիս ժպտալով ասաց՝ «էս ոնց որ ձեռագիրը կրկնվում ա» եւ լրջանալով ավելացրեց՝ «բայց եթե նույնիսկ էս կրկնվող ձեռագրերով ձայներն անվավեր ճանաչենք, մեկ ա՝ էլի Լեւոնը կրում ա», ու էդ օրն էդպես Լեւոնը դարձավ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, եւ քանի որ հարթակին բավական մոտ էինք կանգնած, տեսնում էինք, որ կոմիտեականները շատ ուրախ էին Լեւոնի ընտրվելու առթիվ, ու նաեւ Գագոն էր շատ գոհ, որ կարողացավ նպաստել իր ընկերոջ հաջողությանը, եւ Արիսն էլ էր շատ գոհ, որ էդ գործում իր մասնակցությունն ունեցավ, ու ես էլ էդ ամենի հանդեպ անտարբեր լինել չէի կարող, որովհետեւ ընդամենը մի շաբաթ Ռուսաստան մնալով ու Ռուսաստանից վերադառնալով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն արդեն Գրողների միության ու «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, ու մանավանդ Գրողների միության անդամության հարցում իմ մասնակցությունն էլ էր եղել, եւ չնայած էդ պահի դրությամբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների նշանակությունն ու կարեւորությունն առանձնապես չէի հասկանում, այդուհանդերձ, էդ կարեւորությունն ու նշանակությունը չափազանց երեւելի ու տեսանելի էին, որովհետեւ Սարուխանյանով սկսված ու Իգորով շարունակված Շարժումն արդեն ահագին առաջացել ու մեծ թափ էր հավաքել, եւ Շարժման հետ նաեւ մեր միտքն էր շարժվում ու առաջանում, եւ օրեցօր ու նույնիսկ ժամ առ ժամ փոխվում էին հանճարների մասին մեր պատկերացումները, եւ իրադարձություններն ու փոփոխություններն էնքան ակնառու ու տպավորիչ էին, որ, ինչպես տեսնում եք, առ էսօր տպավորությունս չի խամրել, եւ ընդամենը ճշգրիտ օրն ու ժամն եմ մոռացել, ու էս հարցում որեւէ մեկն ինձ չի կարող օգնել, որովհետեւ ուրիշները ոչ միայն օրերն ու ժամերը չեն հիշում, այլեւ՝ իրադարձություններն ու դեպքերը, եւ եթե Սամսոնը մոռացել էր, որ ընդամենը մի քանի օր առաջ Իգորին հանճար էր անվանել, պատկերացրեք՝ ինչքան մարդ ինչքան բան մոռացած կլինի, եւ, համոզված եմ, Լեւոնն էլ չի հիշի՝ Գագոյենց տանն ինչպիսի հպարտությամբ էր իր հաղթանդամ Դավթին դյուցազուն Իգորի հետ համեմատում, եւ շատերս շատ բաներ ու շատ մանրամասներ հիշում ենք միայն այն ժամանակ՝ երբ մեզ է հարկավոր. այսինքն, ինձ էս պահին հարկավոր էր էս մանրամասները հիշել, որովհետեւ հատուկենտ ընթերցողներիցս ոմանք շարունակաբար ինձ կշտամբում են, որ ամեն ինչի մասին երկարբարակ գրում եմ, բայց առ էսօր Ղարաբաղյան շարժմանը մարդավարի չեմ անդրադարձել, իսկ ոմանք էլ հորդորում են՝ էս նոր Շարժմանը մանրամասնորեն ու համակողմանիորեն անդրադառնալ, մինչդեռ ես հասկանում եմ, որ առանց հին Շարժմանն առնվազն թռուցիկ անդրադառնալու՝ էս նորի մեջ խորանալն անարդարացի կլինի, բայց, մյուս կողմից էլ, շատ անարդարացի է պատմական էդ կարեւորագույն իրադարձությունների նկարագրությունն իմ հույսին թողնելը, եւ նմանապես՝ ինձ պատմիչի ու պատմաբանի ֆունկցիաներ պարտադրելն է անարդարացի, որովհետեւ դպրոցում ու նաեւ ինստիտուտում հատկապես պատմությունից ու առանձնապես Հայ ժողովրդի պատմությունից էի կաղում՝ հատկապես տարեթվերի ու ամսաթվերի առումով, եւ եթե էդ առումով տարիներ շարունակ մեջս անլիարժեքության որոշակի բարդույթ էր ձեւավորվել, էս վերջին մի քանի տարիներին ու հատկապես էս ամառ էդ բարդույթս վերջնականապես հօդս ցնդեց, որովհետեւ, եթե անցած ամառ բուհերի դիմորդներից ընդամենը մեկն էր «Հայ ժողովրդի պատմություն» առարկայից 19 ստացել, էս ամառ ընդամենը մեկը 18 էր ստացել, մնացածները՝ ավելի ու ավելի ցածր, ու էս առթիվ հիմա հուսավառված մտածում եմ, որ մեր ժողովրդի պատմության չիմացությունը մեզանում, փաստորեն, համընդհանուր ու համազգային բնույթ է կրում, եւ քանի որ էս ասածս արդեն կայացած փաստ է, գոնե պիտի փորձենք հասկանալ եւ, ինչու չէ, նաեւ բացատրել էս փաստն ու եղելությունը, եւ ահա խորամուխ լինելով էս փաստի ու իրողության մեջ՝ սկսում եմ մտածել, որ վաղուց արդեն ժամանակն է, որ մենք ազգովի քննության ենթարկենք ամեն ամառ մեր երեխեքից մեր ժողովրդի պատմության քննություն ընդունողներին, որովհետեւ էս հարցի մեջ տեւականորեն խորամուխ լինելով ու էս հարցի շուրջ երկարբարակ փիքր անելով՝ սկսում եմ եզրակացնել, որ մենք ոչ միայն մեր ժողովրդի պատմության լիարժեք մասնագետներ չունենք, այլեւ՝ մեր ժողովրդի պատմության լիարժեք դասագիրք. ավելի ճիշտ, մենք ոչ թե մեր ժողովրդի պատմության լիարժեք դասագիրք չունենք, այլ, ընդհակառակը, մի քանի լիարժեք դասագրքեր ունենք՝ մեկը մեկից տարբեր ու մեկը մեկին հակառակ, ու էդ պատմություններն իրարից էնքան են տարբեր՝ ինչքան որ մեր կոմունիստը, մեր դաշնակցականը, մեր հհշականն ու մեր մյուսներն են իրարից տարբեր, ընդ որում, ոչ թե ընդամենը տարբեր են, այլեւ՝ տրամագծորեն ու տրամաբանորեն իրար հակառակ, ու մեր դիմորդ երեխեքը մեր ժողովրդի պատմությունից 20 կարող են ստանալ միայն էն դեպքում, եթե մեր ժողովրդի պատմության բոլոր տարբերակները սերտեն ու իմանան, բայց, համաձայնվեք, որ էս էլ հարյուրտոկոսանոց երաշխիք չի կարող լինել, որովհետեւ էդ բոլորի բոլոր տարբերակները սերտելուց ու սովորելուց հետո դիմորդը պարտավոր է նաեւ ճշտել, թե էդ տարբերակներից ո՞րն է քննություն ընդունողի կողմից ընդունելի, եւ ահա էս ամենից հետո հասկանալի է դառնում՝ ինչու են իմ հատուկենտ ընթերցողներն ինձանից պատմական նշանակության իրադարձություններ ու մանրամասներ պահանջում, ու ես էլ ժամանակ առ ժամանակ փորձում եմ բավարարել իրենց էդ պահանջը, ու իրենց էդ պահանջը բավարարելու համար ուղղակի պարտավոր էի անդրադառնալ նաեւ ութսունութի սկզբներին միանգամայն հանկարծակի սկսված Ղարաբաղյան շարժմանը, բայց, ինչպես տեսաք ու համոզվեցիք, ամսաթվերի մեջ ահագին թերանում եմ, ու էդ է պատճառը, որ դեպքերի ու իրադարձությունների ամսաթվերը չնշեցի, որովհետեւ ավելի լավ է ամսաթվերն ընդհանրապես չնշես, քան թե՝ հորինելով սխալ տարեթվեր ու ամսաթվեր գրես, մինչդեռ մեր հնագույն ու նորագույն պատմության դասագրքերի հեղինակներից շատերը հենց էդպես էլ անում են՝ երեւի պատմական դեպքերին ու իրադարձություններին հավաստիություն հաղորդելու նպատակով, եւ ցավը ոչ թե դա է, այլ այն, որ սրանք հետո էլ բոլորիս ու հատկապես մեր դիմորդ երեխեքին պարտադրում են սերտել ու անգիր անել էդ, ուրեմն, հորինովի տարեթվերն ու ամսաթվերը, ու էդ էլ քիչ համարելով՝ մեր դիմորդ երեխեքին վճարովի կրթության են մղում, եւ եթե հաշվի առնենք նաեւ դիմորդների ծնողների ֆինանսական հնարավորությունները, կարելի է «Հայ ժողովրդի պատմություն» կոչվող առարկան առնվազն ժամանակավորապես դուրս թողնել ընդունելության քննությունների ցանկից՝ մինչեւ վերջնական տեսքի բերենք մեր ժողովրդի պատմության վերջնական տարբերակը, բայց էս ասածս էլ է ռոմանտիկայի ոլորտից, որովհետեւ մեր մանավանդ նորագույն պատմության բովանդակությունը մշտապես ու հիմնականում կախված է լինելու էն հանգամանքից, թե՝ տվյալ պահին ո՞վ կամ ովքե՞ր են իշխանության գլուխ. այսինքն, ամեն ինչից բացի, մատաղ սերնդի մեր դիմորդները նաեւ քաղաքականապես պիտի թրծված լինեն, որպեսզի ճշգրիտ պատասխանեն հետեւյալ կարեւորագույն հարցին. ովքե՞ր լափեցին մազութը՝ մեզ մղելով համատարած խավարի ու ցրտի գիրկը, եւ եթե մատաղ սերնդի մեր դիմորդները քաղաքական տարրական նյուխ չունենան, մշտապես «Հայ ժողովրդի պատմություն» առարկայից անհամեմատ ցածր գնահատականներ կստանան, քան, ասենք, մաթեմատիկայից եւ այլ ճշգրիտ առարկաներից, եւ եթե առ էսօր մասնագետները շարունակում են վիճել՝ պատմությունն ընդհանրապես ճշգրի՞տ գիտություն է, թե՝ ոչ, ապա կոնկրետ հայ ժողովրդի պատմության առումով վաղուց պարզ է, որ վերջինս ոչ միայն ճշգրիտ չէ, այլեւ՝ չափազանց մոտավոր է ու չափազանց հարաբերական, ինչպես նաեւ՝ չափազանց փոփոխական, եւ հիմա արդեն բոլորս ենք հասկանում, որ էսպես այլեւս չի կարող շարունակվել, ավելի ճիշտ՝ հենց էսպես էլ կշարունակվի, եթե վերջապես ու վերջնականապես չսթափվենք եւ մեր ժողովրդի պատմության վերջնական ու համոզիչ ձեռնարկի հարցը համազգային հարց չհռչակենք, եւ, համոզված եմ, էս հարցում ֆինանսական բարդություններ առանձնապես չեն առաջանա, որովհետեւ եթե Քրքորյանն ասֆալտի համար փող չխնայեց, մեր ժողովրդի պատմության համար հաստատ չի խնայի, բայց եթե մերոնք էդ փողերի հետ էնպես վարվեն՝ ինչպես ասֆալտի փողերի հետ վարվեցին, դժվար թե որեւէ բան ստացվի, ու ինչպես Քրքորյանի փողերով փռած ասֆալտն ենք ամեն տարի վերանորոգում ու թարմացնում, էդպես էլ ամեն տարի մեր էդ պատմության դասագրքերն ենք վերանորոգելու ու թարմացնելու, եւ եթե նույնիսկ լավատեսորեն պատկերացնենք, որ մեր ժողովրդի պատմության համար հատկացվելիք Քրքորյանի ու այլ մեծահարուստների փողերը մեր պատմաբաններն ու մեր պատմության դասագրքի համահեղինակները միանգամայն բարեխղճորեն են ծախսելու, էդ դեպքում էլ դժվար թե մեր ժողովրդի պատմության եւ հատկապես նորագույն շրջանի պատմության ցանկալի ու օբյեկտիվ տարբերակ ունենանք, որովհետեւ մեր պատմիչներն ու պատմաբանները սիրում են գրել այն՝ ինչ իրենց պատվիրում են, ու մեր պատմության էս դասագրքերի հեղինակներն ավելի վտանգավոր են, քան նույնիսկ՝ Եհովայի վկաները, եւ եթե Եհովայի վկաներն աջուձախ ասում ու տարածում են, թե առաջինը Եհովան է աղաղակել՝ «եղիցի լույս», մեր պատմաբաններն ու մեր նորագույն պատմության հեղինակները գտնում են, որ էդ «եղիցի լույս» բացականչությունն առաջինն արել է անձամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն անցյալ հազարամյակի վերջին, ավելի ստույգ՝ Քրիստոսի ծնունդից հետո 1998 թվականին, եւ քանի դեռ Քրքորյանը նոր դասագրքի փող չի հատկացրել, եւ քանի դեռ երրորդ նախագահի համար նոր պատմության դասագիրք չի գրվել, դիմորդներն ընդունելության քննությունների ժամանակ Քոչարյանի տարբերակն են առաջ քաշում եւ, բնականաբար, չափավոր ու միջին կարգի գնահատականներ են վաստակում, ու մեր նորագույն պատմության էդ վերջին տարբերակի հեղինակներին իրավունք չունենք մեղադրել ոչ միայն էն պատճառով, որ սրանք առանց Քրքորյանի աջակցության եւ ընդամենը պետպատվերի շրջանակներում են էդ տարբերակն առաջացրել, այլեւ էն պատճառով, որ սրանք էն գլխից գիտեն, որ պատմության դասագիրքը նախ եւ առաջ պիտի զակազչիկի սրտով լինի, եւ քանի որ պետպատվերի զակազչիկը միանշանակ պետությունն է, եւ քանի որ մեր պատմաբաններն էն գլխից պետությունն ու տվյալ պահի իշխանությանը նույնացրած ունեն, մշտապես իրարից գոհ են մնում եւ, էս ամենից էլ բացի, մեր պատմաբաններն ու պատմության դասագրքերի հեղինակները համոզված են, որ իրենց էս արածն ամենեւին էլ ապազգային բան չի եւ ոչ էլ՝ ազգային պատմաբանությունից ու պատմագիտությունից շեղում, որովհետեւ մեր պատմաբաններն ու մեր պատմության դասագրքերի հեղինակները շատ լավ գիտեն, որ մեր պատմիչների զակազչիկներն էլ էին մեր իշխանավորներն ու թագավորները, որոնք տվյալ պահին լավից թե վատից մարմնավորել են մեր ունեցած կամ չունեցած պետությունը:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել