Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՔԸ՝ ՄԵԿՈՒՄ

Ապրիլ 17,2010 00:00

Ապրիլի 16-ը հայաստանյան իրականությանը խիստ բնորոշ իրադարձություններով հագեցած օր էր

Երեկ քաղաքի մի հատվածում ոստիկանները հանդիսավոր շքերթով նշեցին իրենց մասնագիտական տոնը, իսկ նույն պահին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների  ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց «Մարտի 1»-ին ոստիկանների կրակոցներից եւ նրանց կողմից գործածված հատուկ միջոցներից սպանվածների հարազատների՝ որպես տուժողի իրավահաջորդների՝ ՀՀ Հատուկ քննչական ծառայության եւ Գլխավոր դատախազության անգործության, գործողությունների եւ որոշումների դեմ բողոքների քննությունը: Կեսօրին էլ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած՝ գազի սակագնի բարձրացման դեմ բողոքի բազմամարդ երթը:
Ոստիկանությունն ու նրանց զոհերը
Դեռ ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանապետ, այլեւս ոչ թե գեներալ-մայոր, այլ  գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանն իր ասուլիսում, պատասխանելով լրագրողների հարցերին, անկեղծորեն հայտարարել էր, թե ինքն անկախ ամեն ինչից՝ իր տեղը տեսնում է Սերժ Սարգսյանի թիմում: Սա շատ բնորոշ է ոչ միայն իրավապահ, այլեւ արդարադատության եւ ողջ պետական համակարգի համար: Բոլոր ոստիկանները, սկսած ոստիկանապետից մինչեւ թաղային տեսուչ, այդպես էլ կանգնած են ոչ թե պետության, քաղաքացիների պաշտպանության դիրքերում, այլ կոնկրետ գործող իշխանության կողքին կամ նրա թիմում: Հենց այդ թիմի շահերն է, որ պաշտպանում էր հայրենի ոստիկանությունը, երբ փողոցում կրակում, սպանում էր խաղաղ ցուցարարին: Ու հիմա այդ զոհված ցուցարարի ծնողներն են, որ երկու տարի շարունակ ապարդյուն փորձեր են անում՝ պարզելու, թե 2008թ. մարտի 1-ին Երեւանի կենտրոնում իրենց որդին ո՞ր ոստիկանի կրակոցից կամ գործադրած հատուկ միջոցից է սպանվել: Երեկ մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատները եւս մեկ անգամ, արդեն Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում համոզվեցին, որ ոչ միայն ոստիկանությունից, ՀՔԾ-ից կամ Գլխավոր դատախազությունից, այլեւ դատական համակարգից իրենց իրավունքների պաշտպանությունն ակնկալել չեն կարող: Այդ փաստն էլի մեկ անգամ արձանագրվեց այն ժամանակ, երբ «Մարտի 1»-ի զոհերից մեկի՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի  իրավահաջորդների բողոքի քննության դատական առաջին իսկ նիստը չկայացավ այն պատճառով, որ դատավոր Գագիկ Խանդանյանը սպանված երիտասարդի գործը քննելուց ավելի կարեւոր զբաղմունք էր գտել՝  մասնակցում էր ինչ-որ սեմինարի եւ չէր էլ բարեհաճել անձամբ գալ դատական նիստին եւ հայտարարել դրա հետաձգման մասին:
«Մարտիմեկյան» բոլոր մյուս զոհերի հարազատները, որոնք դատարան էին եկել իրենց սպանված զավակների լուսանկարները ձեռքներին, դեմքով շրջվել էին դեպի ՀՔԾ ՀԿԳ քննիչ, «Մարտի 1»-ի գործը վարող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, պարզել էին զոհերի լուսանկարներն ու հայտարարել, որ «Մարտի 1»-ի էջը չի փակվել, որ մարդասպանները պետք է պատժվեն: Դատական կարգադրիչներն էլ դա չէին հանդուրժել ու սկսել էին քաշքշելով դատարանի դահլիճից դուրս բերել զոհերի հարազատներին՝ պահանջելով իջեցնել, իրենց տրամաբանությամբ՝ «պլակատները»: «Սրանք պլակատ չեն, սրանք մեր զոհված անմեղ երեխաների նկարներն են»,- անզորությունից վրդովված բղավել է զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը:
Ավելի վաղ մեկնարկել եւ կարճ րոպեներ անց հետաձգվել էր նաեւ զոհվածներ Սամվել Հարությունյանի, Գրիգոր Գեւորգյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի իրավահաջորդների նույնաբովանդակ բողոքի քննությունը։ Այս դեպքում  դատավոր Արմեն Խաչատրյանը ներկայացել էր դատին, բայց դատախազությունն էր, ի դեմս մարտի 1-ի գործերով որպես մեղադրող հանդես եկած Հարություն Հարությունյանի, դատարանին ներկայացրել զոհերի իրավահաջորդների բողոքի անհիմն լինելու մասին «փաստարկող» փաստաթուղթ:
ՀՔԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Վահագն Հարությունյանը պնդում է, որ զոհերի հարազատների «բողոքը անհիմն է, եւ դրանում առարկայական որեւէ բան չկա՝ գոնե ձեւի համար»: Մինչդեռ իրենք՝ զոհերի հարազատները, վստահ են, որ իրենց պնդումները՝ ՀՔԾ-ի եւ դատախազության անգործության մատնված լինելու մասին, առավել քան հիմնավոր են, ու եթե վերջիններիս մոտ ցանկություն լիներ, երիտասարդների  սպանությունը վաղուց բացահայտված եւ սպանության պատասխանատուներն էլ, առնվազն այն չորս ոստիկանները, որոնք հատուկ միջոցներ են կիրառել, եւ որոնց ինքնությունը հայտնի է, պատժված կլինեին: «Մենք դատարանների հետ որեւէ հույս չենք էլ կապում, որովհետեւ իշխանությունն ինքն իր կատարած հանցագործությունը չի կարող «բացահայտել»: ՀՔԾ-ն ոչ միայն չի ուզում բացահայտել այդ սպանությունները, այլեւ կոծկում է առկա փաստերը: Խոսքը կոնկրետ իմ տղայի սպանության մասին է: Իմ տղայի հեռախոսը, որը  դեպքից 4 ամիս անց ինձ վերադարձրել է ՀՔԾ-ն,  ապացույց է այն բանի, որ տղաս մարտի 1-ին, մինչեւ 21:21 րոպեն Մյասնիկյանի արձանի մոտ տեսանկարահանում է անում, այն դեպքում, երբ քրգործի մեջ գրել են, թե ժ. 20-ի սահմաններում է սպանվել՝ լինելով անկարգություններին մի խումբ մասնակիցների հետ: Ո՞վ է նրանց իրավունք տվել կեղծել փաստերը: ՀՔԾ-ն ժամուկես խաբում է՝ ապացուցելու համար, որ իմ տղան անկարգությա՞ն մասնակից է: Տո, անկարգության մասնակիցն էլ են իրենք, թալանողն էլ են իրենք, մարդասպաններն էլ իրենց մարդասպաններն են»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը:
Հրապարակային դատաքննության պահանջով
Երեկ մի բողոք էլ, այս անգամ Վարչական դատարանի որոշման դեմ, նույն դատարանին ներկայացրել են Հայ ազգային կոնգրեսն ու այն 7230 քաղաքացիները, ովքեր պահանջում են չեղյալ ճանաչել ապրիլի 1-ից սպառված գազի սակագնի  բարձրացման մասին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշումը: Նախապես արված հայտարարության համաձայն, ՀԱԿ-ն ու գազի գնի թանկացումից դժգոհ քաղաքացիները, «Սերժիկ, գազ տուր՝ հեռացիր» եւ այլ կարգախոսներով, նաեւ իրենց ուղեկցող ոստիկանների մասնագիտական տոնը շնորհավորելով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից երթով հասան ՀՀ վարչական դատարան եւ վերջինիս փոխանցեցին իրենց անունից ընդունված՝ բանավոր ընթացակարգով եւ հրապարակային դատավարություն իրականացնելու, նաեւ  գազի գնի բարձրացման որոշումը անհիմն եւ ապօրինի ճանաչելու ու այն չեղյալ հայտարարելու դիմում-պահանջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել