Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԹՐԵՍԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 05,2010 00:00

Սթրեսի բացակայությունը մահ է

Սթրես (անգլ. Stress – լարվածություն, ճնշում). օրգանիզմի ընդհանուր եւ առանձնահատուկ հարմարվողական ռեակցիան է զանազան ազդեցությունների (սթրեսորների) նկատմամբ, ինչպես նաեւ օրգանիզմի նյարդային համակարգի համապատասխան վիճակը:
Սթրեսի տեսությունը մշակել է կանադացի բժիշկ-ախտաբան Հանս Սելյեն (1936թ.): Ձեւակերպելով սթրեսի տեսությունը՝ նա տվել է հարմարվողական համախտանիշ (ադապտացիոն սինդրոմ) հասկացությունը, ըստ որի՝ հիվանդածին գործոնն օժտված է յուրահատուկ «գործարկիչ» ազդեցությամբ: Նյարդային գերլարվածության վիճակ, որի նշաններն են՝ արյան եւ աչքի ներքին ճնշման բարձրացումը, մկանային լարվածությունը, արտազատման գործընթացների ակտիվացումը, սրտի աշխատանքի եւ շնչառության փոփոխությունները, խռովահույզ, տագնապալից հոգեվիճակները, գրգռվածությունը, ճնշվածությունը, գործունեության ցուցանիշների փոփոխությունը:
Սթրեսային ռեակցիայի տեսակետից նշանակություն չունի՝ հաճելի է, թե տհաճ այն իրադրությունը, որին բախվում է օրգանիզմը: Մի դեպքում առաջանում է հաճելի սթրես (էվսթրես), մյուս դեպքում՝ վնասաբեր սթրես (դիսթրես): Սթրեսային ռեակցիաները բնորոշ են նաեւ նյարդային համակարգ չունեցող ստորակարգ կենդանիներին, նույնիսկ՝ բույսերին: Ֆիզիոլոգիական սթրեսային վիճակները մարդու գործողությունների շարժառիթներն են, որոնցից խուսափելն անհնարին է:
Տվյալները ցույց են տալիս, որ սթրեսային իրավիճակների առաջացման հավանականությունը տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար լինում է տարբեր: Ներկայացվում է առավել անհանգիստ աշխատանքներ համարվող սթրեսածին մասնագիտությունների ցանկը նվազման կարգով՝ ըստ 10 բալանոց սանդղակի:
Ում աշխատանքն է
ավելի անհանգիստ

Հանքափոր 8.3
Ոստիկան 7.7
Լրագրող, օդաչու 7.5
Գործարար, ընկերության ղեկավար  7.4
Ատամնաբույժ 7.3
Դերասան 7.2
Տաքսու վարորդ 6.8
Մանկաբարձ, կինոռեժիսոր 6.5
Լոգոպեդ 6.4
Երաժիշտ, հրշեջ 6.3
Ուսուցիչ 6.2
Ավտոբուսի վարորդ 5.9
Վաճառող 5.7
Ֆերմեր, գյուղացի 4.8
Դիվանագետ 4.7
Զինվորական 4.6
Նկարիչ 4.2
Ճարտարապետ 4.0
Ծրագրավորող 3.7
Բանկի ծառայող 3.5
Թանգարանի աշխատող 2.8
Գրադարանավար 2.0

Մարդկանց զգալի մասն իր առջեւ չափից մեծ խնդիրներ է դնում եւ ձգտում արագորեն հաղթահարել դրանք: Մարդն անդադար շտապում է միաժամանակ բազում, բազմաբնույթ գործեր կատարել՝ իր իսկ կողմից սահմանված ժամանակահատվածում:
Բժիշկներն այդ երեւույթը որակում են որպես աճապարանքի հիվանդություն: Հուզական սթրեսը այդպիսի կենսակերպի ուղեկիցն է: Այնուամենայնիվ սթրեսը կյանքի համն ու հոտն է: Այն նաեւ դրական, կառուցողական նշանակություն կարող է ունենալ: Բազում, դաժան փորձություններ հաղթահարած մարդու դիմադրողականությունն աճում է, նա ավելի ու ավելի կազմակերպված, ամուր է դառնում:
Մեր խնդիրը պետք է լինի կանխել սթրեսի վերաճումը հոգեկան հիվանդության, ձեռք բերել սթրեսները հաղթահարելու ունակություն: Բոլոր դեպքերում սթրեսի հարվածներից էներգիայի զգալի կորուստ է ենթադրվում: Սթրեսին առավել ենթակա է ազնիվ, պատասխանատու եւ օրինապաշտ մարդը: Զարմանալիորեն սթրեսների քանակը ավելի շատ է առավել զարգացած երկրներում: Սթրեսածին գործոններ կարող են լինել երկրաշարժը, պատերազմը, բռնագաղթը, սոցիալական ցնցումները, էներգետիկ եւ իհարկե՝ ֆինանսական ճգնաժամերը: Հատկանշական է, որ այսօր սթրեսներով առավել «հարուստ» երկիրը համարվում է ԱՄՆ-ը:
– Յուրաքանչյուր փոփոխություն սթրես է,- գտնում են հոգեբան- գիտնականները:
ՈՒրեմն՝ հանուն եւ ընդդեմ սթրեսի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել