Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՈՍՄՈՊՈԼԻՏԻԶՄԸ

Հոկտեմբեր 09,2010 00:00

\"\"Շվեյցարացի արվեստագետ Ալեքսանդր Բրինկենը՝ հայերի եւ աշխարհի մասին

Շվեյցարիայում բնակվող երգահան, հայագետ Ալեքսանդր Բրինկենը, ով իր ուսանողական տարիներին Սանկտ Պետերբուրգում ծանոթացել է հայերի հետ, հիացած է հայ մշակույթով ու պատմությամբ: Կոմպոզիտորի՝ Հայաստան ժամանելու առիթը մեծ նվագախմբի եւ երգչախմբի համար նախատեսված «Երգ՝ Հայաստանի մասին» օրատորիան է: Վերջինիս վրա այժմ հեղինակն աշխատում է, պարտիտուրայի շուրջ 300 էջն արդեն պատրաստ է: Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ստեղծագործությունը շվեյցարացին ցանկանում է առաջին անգամ կատարել 2015 թվականին՝ Երեւանում: Օրատորիայի տեքստը մեծ մասամբ արեւմտահայերեն է, խոսքերը վերցված են Վարուժանից եւ Սիամանթոյից: Ռուսական, վրացական եւ գերմանական արմատներով երգահանը փայլուն խոսում է ե՛ւ արեւմտահայերեն, ե՛ւ արեւելահայերեն: Հայկական երաժշտությունը նրան ներշնչում է եւ լրագրողների ներկայությամբ անկեղծանում է՝ մեծ ազատություն է զգում հատկապես Կոմիտասի արվեստից: Հայկական երաժշտության տարրերը նա դարձրել է իր կոմպոզիտորական ոճի բաղկացուցիչը:
Խոսելով հայոց պայքարի, արցախյան պատերազմի մասին, Ա. Բրինկենն առաջին հայացքից տեղային թվացող պայքարը դիտում է միջազգային քաղաքակրթական համատեքստում ու նշում. «Կան ուժեր, որ աշխարհը փորձում են դիտել որպես մի ընդհանուր պետություն, կառավարություն: Այդ ուժերը չեն ուզում, որ պետությունները ինքնուրույնություն պահպանեն, իրենց սահմանները հսկեն, ամեն ինչ արվում է, որպեսզի ազգային ինքնազգացողությունը քոռանա եւ իր տեղը զիջի կոսմոպոլիտիզմին»:
Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանին եւ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին, շվեյցարաբնակ արվեստագետը կարծում է. «Մինսկի խմբի համանախագահները Հայաստանին եւ Արցախին ոչ մի օգուտ չեն բերի իրենց միջնորդությամբ, որովհետեւ նրանք հետաքրքրված եւ շահագրգռված չեն հարցի արդար, հայանպաստ լուծումով, հակառակը՝ նրանց նպատակը ազգերը եւ ազգային պետությունները հնարավորինս թուլացնելն է»: Ա. Բրինկենը գտնում է, որ թուրքերի եւ ադրբեջանցիների հետ բանակցելն անիմաստ է. «Թուրքը երբեք չի ընդունի, որ Արցախը հայկական հող է, նրանք չեն ընդունում նույնիսկ, որ Սյունիքն է հայկական»: Նրա կարծիքով, սահման բացելը հայերի համար այնքան էլ անհրաժեշտ չէ. «Եթե Թուրքիայի հետ սահմանը լայն բացվի, կնշանակի, որ Հայաստանը «կխեղդվի» թուրքերի ու թուրքական ապրանքների ներխուժումից»: Երգահանը կարծում է, որ Հայաստանի կառավարությունը հայ ժողովրդի ազգային շահերը ավելի հստակ, միասնական եւ համառ կերպով պետք է ներկայացնի միջազգային ասպարեզում: Համոզված է, որ քաղաքականության մեջ ուժը մեծ դեր է կատարում եւ, նրա խոսքով՝ Հայաստանը հաղթող կողմ է այդ մարտավարության մեջ:
Հայ մշակույթի շատ օջախներ ու հուշարձաններ, այդ թվում՝ Ջուղայի խաչքարերը, մեր հարեւան երկրներում ոչնչացվում են: Հարցին՝ ինչո՞ւ եվրոպական կառույցները չեն աջակցում նաեւ համաշխարհային մշակույթի մաս համարվող ժառանգության պահպանմանը, Ա. Բրինկենը պատասխանեց. «Այդ երկրները նույնիսկ իրենց սեփական մշակույթը լավ չեն պահպանում եւ չեն մտահոգվում, նրանք կոսմոպոլիտիզացիայի մեջ են: Նրանց համար ազգային ինքնազգացողությունը, նկարագիրը համարվում է հետամնաց, նույնիսկ նացիստական»: Այս ամենից զատ, ըստ արվեստագետի, Արեւմուտքը միշտ էլ դավաճանել է Հայաստանին, աջակցել ոչ թե գործով, այլ՝ խոսքով: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեղյակ էր կատարվելիք ընթացքին, բայց ոչ մի քայլ չձեռնարկեց: Ժողովրդավարությունն իրականության մեջ ժողովրդավարություն չի, դա մեծ դրամագլխի տերերի իշխանությունն է»,- եզրափակում է բանախոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել