Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի յուրաքանչյուր ընտանիք $800 պարտք ունի»

Նոյեմբեր 11,2010 00:00 Share

Ահազանգում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը

«Կառավարության համար ավելի հեշտ ու ցանկալի է արտաքին ռեսուրսներ ձեռք բերել՝ մեր ու մեր երեխաների անունից: Հայաստանի յուրաքանչյուր ընտանիքի պարտքը հասել է $ 800-ի, չծնված երեխաներն էլ նույնիսկ պարտք ունեն, պետությունը վերցրել ու անօգուտ մսխել է, ժողովրդին էլ պարտքերի տակ գցել»,- ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ բանավեճում ասաց ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը: Ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց. «Ամեն ինչը տոչնի ա: Հիմա դա որ տենց ա, ի՞նչ կարող ենք ասել՝ սպանե՞լ էս գիտունիկներին: Ինչքան էլ ուզենանք ծածկել, չենք կարող… ինչը ճիշտ է, պետք է համաձայնենք»: Ըստ նրա, Հայաստանի՝ $3,7 միլիարդի հասնող արտաքին պարտքը մեծ թիվ է, բայց հանրապետությունը մինչ օրս պարտքի սպասարկման առումով խոցելի չի եղել: «Հայաստանն այլընտրանք չուներ՝ խնդիրները լուծելու միակ ելքը պարտք վերցնելն էր: Պարտք վերցնելն էլ իր հերթին հետաքրքիր է, կարող ենք եւ չվերադարձնել»,- կատակեց ԲՀԿ-ական պատգամավորը: Գ. Արսենյանն էլ անդրադարձավ կառավարության գործունեությանը՝ նշելով, որ այն պետք է լինի արդարացի ու արդյունավետ, սակայն մեր երկրում այս գաղափարները դեռ իդեալ են. «Հայաստանում ճիշտ հակառակն է՝ անարդյունավետ ու անարդար կառավարում»:
Թե ինչքանով է Հայաստանը գնում կայուն զարգացման, ըստ պարոն Բոստանջյանի. «Անշուշտ, օբյեկտիվ պատճառներից ելնելով, չեմ կարող գնահատել այնպես՝ ինչպես մտածում եմ, բայց կարող եմ ասել, որ նույնիսկ ամենահզոր երկրներում էլ միշտ կատարելագործվելու ռեսուրսներ կան, առավել եւս Հայաստանի նման մի երկիր, որը հազիվ է դուրս եկել կենտրոնացված կառավարման սկզբունքներից, ունի չնչին փորձ, բարոյահոգեբանական նստվածքներ ու տեսել է ճգնաժամ: Իհարկե, չեմ կարող ասել, որ մեզ մոտ կառավարման բարձր մակարդակ կա: Իսկ ինչ վերաբերում է կառավարության արդյունավետ աշխատելուն, իմ կարծիքով, աշխատում է այնքան, ինչքան կարող է… եթե մարդու պոտենցիալը մեծ չէ, չի կարող ավելին անել»: 2011թ. բյուջեի նախագծի մասին էլ Վ. Բոստանջյանն ասաց, որ 1 տրիլիոն դրամի հասնող բյուջեն շատ չի կարելի համարել, քանի որ մեր պետության համար չլուծված շատ խնդիրներ կան դեռ. «Մեր հնարավորություններն ավելի շատ են… բայց դրա մասին կխոսեմ այն ժամանակ, երբ դրա պատասխանատուն ես լինեմ»:
Պարոն Արսենյանի գնահատմամբ էլ, հաջորդ տարվա բյուջեն ոչնչով չտարբերվող բյուջե է, որը հանրային բարիք ստեղծելուն չի ծառայում. «Երկիրը գտնվում է շրջապտույտի մեջ ու գնալու տեղ էլ չունի»: Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի մաքսային ու հարկային վարչարարությանը՝ նշելով, որ այն մեծապես խոչընդոտում է տնտեսության զարգացմանը. «Ինչո՞ւ, որովհետեւ բյուջեում հարկային մուտքերի ավելացման պարագայում, երբ տնտեսության զարգացման ակնհայտ միտումներ չկան, տեղի է ունենում շրջանառու միջոցների զրկում, ինչն էլ արյունաքամ է անում տնտեսությունը: Էլ չխոսեմ նրանից, որ տնտեսվարող սուբյեկտները ստիպված են լինում կատարել իրենց վրա պլանային կարգով դրված պարտավորությունները, ինչի արդյունքում վարչարարության կիրառումը դառնալու է հերթական խնդիր հատկապես չպաշտպանված դաշտում գործող տնտեսվարողների համար»: Պարոն Բոստանջյանը համամիտ է. «Հանրապետությունում հարկային ու մաքսային վարչարարության, այսպես կոչված՝ բարեփոխումները նպատակին չեն ծառայում, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտները, որոնք հիմնականում մեր կերակրողներն են, գտնվում են աշխատանքային ոչ ցանկալի պայմաններում: Պետք է նրանցից հարցնեն՝ գո՞հ են իրենց վիճակից»:
Անդրադառնալով գնաճին՝ պարոն Բոստանջյանը խորհուրդ տվեց. «Թող մտածեն նրանք, ովքեր դրա տերն են: Հասարակ պատգամավորին դա այնքան էլ պետք չէ»: Արսենյանն էլ հետաքրքրվեց, թե ովքե՞ր են գնաճի տերերը. «Չեմ իմանում, դուք լավ էլ գիտեք, ինչո՞ւ եք ինձ հարցնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել