Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԱ՜Ն, ԳՈՐԾ ՉՈՒՆԻՄ, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՕՐԸ ԿԳՑԵՆ»

Նոյեմբեր 11,2010 00:00 Share

Գործարարները մրցակցային դաշտում խնդիրներ ունենալով՝ վախենում են իրենց բիզնեսի շահերը պաշտպանել

Օրեր առաջ մեր խմբագրություն էր զանգել կենտրոնում գործող մի օպտիկական խանութի եւ դեղատան տնօրեն, որը նաեւ այդ բիզնեսի սեփականատերն է: Նա շատ լուրջ հարց էր բարձրացնում այն մասին, որ մեր երկրում տնտեսական առողջ մրցակցության համար տարրական պայմաններ չկան: Գործարարին վրդովեցրել էր այն, որ օրերս իր դեղատան ու ակնաբուժական խանութի անմիջապես կողքին մի օլիգարխ որոշել է նույն բիզնեսով զբաղվել ու, այսպես ասած, «փախցնում է իր հաճախորդներին»: Այդ օլիգարխն այն ծառայությունները, որոնք վճարովի են, «ակցիայի շրջանակներում» անվճար է հայտարարել ու, բնականաբար, նույնիսկ այն հաճախորդները, որոնք տարիներ ի վեր այցելել են հենց իր ակնաբուժական կենտրոնը, արդեն «շեղվել են ճանապարհից» ու դարձել օլիգարխի հաճախորդները: Առաջին հայացքից թվում է, թե դա ողջունելի մրցակցություն է, որի արդյունքում օգտվում է հասարակությունը, սակայն գոյություն ունեն բիզնեսի որոշակի կանոններ, որոնք արգելում են մրցակից ընկերություններին իրար կողք կողքի նույն գործունեությամբ զբաղվել, պետք է նրանց միջեւ լինի որոշակի հեռավորություն:
Այս խնդրի մասին բողոքող գործարարը, որը, ի դեպ, արտերկրից է, համաձայն էր, որ հրապարկվի իր ընկերության անունը, ավելին՝ նա պնդում էր, որ իր անունն էլ նշվի բողոքում, որովհետեւ ինքը «վախենալու բան չունի», պարզապես ուզում է պաշտպանել իր բիզնեսի շահերը: Նա նաեւ որոշել էր նույն հարցով դիմել կառավարության տարբեր մարմիններին: Սակայն երեկ այդ գործարարը հանկարծակի միտքը փոխել էր, նա խնդրում էր իր անուն-ազգանունը չնշել, իր ընկերության մասին էլ չհիշատակել, որովհետեւ, «Էս պետությունում բողոքողներին Նիկոլ Փաշինյանի օրը կգցեն, ես չեմ ուզեր, ամա՜ն, գործ չունիմ, հարկայինը կընկնե հետեւիցս, գլխիս գործ մը կսարքեն»:
Իսկապես, կյանքը ցույց է տալիս, որ մեր երկրում թեկուզ շատ լուրջ պրոբլեմ բարձրացնող գործարարի բիզնեսը կարճ ժամանակ անց չորանում է, ուստի պատահական չէ, որ մրցակցային դաշտում տարբեր խնդիրների դեպքում բիզնեսմենները գերադասում են այդպես տուժել, քան իրենց անդարդ գլուխն իսկապես դնել ցավի տակ: Բայց կոնկրետ այս դեպքում իսկապես խնդիր կա պետության կողմից պաշտպանելու գործարարի շահերը եւ առողջ մրցակցությունը: Օրինակ, ամռանը, երբ մեկը որեւէ փողոցում, որտեղ անցուդարձը շատ է, պաղպաղակի սառնարան է դնում, հաջորդ օրը այդ նույն հատվածում մեկ ուրիշ գործարար որոշում է զբաղվել նույն բիզնեսով՝ հասկանալով, որ եկամտաբեր է եւ լավ առեւտուր է լինում: Պաղպաղակի դեպքում դեռ ծախսը մեծ չէ եւ ներդրումներ էլ առանձնապես չեն արվում, վատագույն դեպքում տուժած գործարարը կարող է այն տեղափոխել ուրիշ փողոց ու ուրիշ հատված: Բայց այլ դեպքում, երբ բիզնեսմենը խոշոր ծախս է կատարել, ռեստորան, հյուրանոց, թեկուզ հասարակ օպտիկայի խանութ կամ լուսանկարչական սրահ է բացել ու գլուխը կախ աշխատում է, հանկարծ այդ նույն հատվածում մեկ ուրիշին թույլտվություն են տալիս հենց այդ ռեստորանին կպած ուրիշ ռեստորան բացել, կամ դեղատան կողքին՝ էլի դեղատուն բացել: Աշխարհի բոլոր զարգացած երկրներում, որտեղ կարեւորվում է առողջ մրցակցությունը, գործում է օրենք, ըստ որի՝ իրար մրցակից ընկերությունները կարող են գործունեություն ծավալել իրարից առնվազն 300 մետր հեռավորության վրա: Դա շատ ընդունված է, այդ օրենքն ընդունվել է անգամ Վրաստանում: Ինչպես գովազդի դեպքում է արգելվում մրցակից ընկերությունների գովազդային հոլովակները հեռարձակել նույն հաղորդման ժամանակ կամ առավել եւս՝ մեկը մյուսից անմիջապես հետո, այնպես էլ նրանց գործունեության հետ կապված խնդիրները պետք է ինչ-որ կերպ կարգավորվեն: Բայց Հայաստանում ո՛չ Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին գործող օրենքով, ոչ էլ որեւէ այլ օրենսդրությամբ այդ խնդիրը չի կարգավորվում:
Էկոնոմիկայի նախարարույթան պաշտոնական կայքում հստակ ձեւակերպված է՝ «Մրցակցային միջավայրի ձեւավորման եւ շուկայի պաշտպանության ոլորտի պետական քաղաքականության հաջողությունը կախված է ոչ միայն մրցակցային օրենսդրության լիարժեք կիրառումից, այլ նաեւ շուկայի մասնակիցների միջեւ գործարար քաղաքակիրթ սովորույթների առկայությունից»: Սակայն հենց այդ քաղաքակիրթ սովորույթներն են, որ բացակայում են մեր երկրում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել