Ռեպորտաժ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքից
Պատահական այցելությունս Վարդենիկ՝ իսկական հայտնություն էր: Մի կիսակառույց տան մոտով անցնելիս իմացա, որ այդ տնից էր բանակ մեկնել Արմեն Ռոբերտի Հակոբյանն, ում ծառայությանը 6 ամսից էլ պակաս ժամանակ էր մնացել, երբ 2004 թ. դեկտեմբերի 17-ին «Եղնիկներում» ընկավ դիրքերում թշնամու գնդակից: Նրա ծառայությունն աննկատ չի մնացել: Հետմահու ԼՂՀ նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Արմենը, դեռ տակավին պատանի, աշխատել էր հարազատ գյուղի եկեղեցու շինարարության վրա եւ պատահական չէր, որ մի քանի ընկերներով զորամասում մատուռ էին կառուցել: Ի դեպ, «Եղնիկներում» նրա անունով հուշաքար է տեղադրվել, որի առջեւ կատարվում է նորակոչիկների երդմնակալության արարողությունը:
«Ես հպարտ եմ, որ նման զավակ եմ պարգեւել իմ հայրենիքին, սակայն ինչո՞ւ հայրենիքը չի մտածում իր զոհված զինվորի ընչազուրկ ընտանիքի մասին… մենք տուն էինք կառուցում, երբ փլուզվեց խորհրդային երկիրը, փաստորեն՝ նրա հետ էլ մեր տուն ունենալու երազանքը, քանի որ չկա աշխատանք ու աշխատավարձ, որպեսզի մեր վաստակով շինանյութ ձեռք բերենք, ծածկենք քամուց հողմահարվող, անձրեւից, ձյունից քայքայվող պատերը: Մի կերպ ծածկել ենք տան մի անկյունն ու պատսպարվել»,- արցունքները սրբելով՝ ասում է մարտիրոսվածի մայրը՝ Նորվարդը:
Կարդացեք նաև
Այո, այդ հատվածն էլ չունի նորմալ տանիք, ծածկել են ինչով պատահի, միայն թե չկաթա, հատակը սառը ցեմենտ-բետոնն է, պատերին՝ սեւ ավազի սվաղն է, առաստաղը՝ դարձյալ ցեմենտ -բետոնն է՝ դաջված տախտակի հետքերով: Պարզ է, այս մութ պայմաններում (որոշ պատուհաններ շարել են՝ տունը տաք լինելու համար) ապրող ընտանիքի բոլոր անդամները կորցրել են առողջությունը, սակայն չունեն հաշմանդամության կարգ (այս խնդրին կանդրադառնանք ավելի ուշ-Գ. Ա.): Ընտանիքը գոմ էլ չունի, որ անասուն, հավ պահի, գոյատեւում է զոհված Արմենի 30 հազար դրամով, մշակած կարտոֆիլը փոխանակելով այլ բնամթերքով, հարազատների ու հարեւանների աջակցությամբ: Կտրել են ընտանեկան նպաստը, քանի որ մյուս վատառողջ որդին արդեն չափահաս է, փոխարենը՝ 2012 թ. հուլիսից նշանակվել է հրատապ օգնություն: Իրենց անծածկ տունը ծածկելու համար բազմաթիվ պաշտոնյաների դռներ է թակել ու շարունակում է թակել տիկին Նորվարդը, վերջին դիմումը ուղարկել է վարչապետ Տ. Սարգսյանին, նախավերջինը՝ նորանշանակ մարզպետ Ռ. Գրիգորյանին: Ցույց է տալիս մարզպետարանից եկած պատասխանը՝ հսկողական նամակով ուղարկել են համայնքապետին, բայց տիկին Նորվարդը հույսեր չի կապում համայնքի հետ, քանզի տունը բոլորի աչքի առջեւ է…
Նա 3 դիմում էլ երկրի նախագահին է ուղարկել, ընդ որում՝ վերջին դիմումը գարնանը անձամբ է հանձնել (հասկանալի է, որ թիկնազորի անդամներից մեկն է վերցրել՝ նախագահի աչքի առաջ) որդու դիմանկարի հետ՝ մայիսյան ընտրությունից առաջ Վարդենիկ կատարած նրա այցելության ժամանակ: Փաստորեն, գործին քաջատեղյակ է երկրի նախագահը, սակայն ամիսներ են անցել ու մինչեւ օրս պատասխան չի ստացվել:
Իմ այն հարցին, թե դիմե՞լ է պաշտպանության նախարարին, տիկին Նորվարդն ասաց, որ իրեն զգալի օգնություն է ցուցաբերել ՊՆ-ն ու տարավ ցույց տվեց հարեւանի ներքնահարկում 8 տ ցեմենտը, բակում՝ 92 շիֆրը, իր հավերժ խոնավ ներքնահարկում՝ զուգարանակոնքը, վարդակները, խրոցներն ու մի քիչ էլ հաղորդալար, որ հազիվ 1 սենյակին բավարարեր ու հավելեց.
«Ես շնորհակալ եմ այս ամենի համար, բայց ինչպե՞ս դրանք օգտագործենք, երբ գլխներիս ծածկ չկա, տեսնում եք՝ առանց դուռ-լուսամուտների քայքայվող պատերը: Ստացած ցեմենտն էլ արդեն քարանում է, ճաքճքված շիֆրներն էլ շարժելիս կոտրվում են, մեկին տալիս են մետալոպլաստմասե շիֆրեր, մեզ՝ ազբեստե, ու դեռ 40 հատ էլ պակասում է, չնայած ՊՆ -ից եկան չափեցին, հաշվարկեցին… միայն արմատուրաների ծախսը կազմում է 1,5 հազար դոլար (մոտ 300 մ), 40 հատ հենասյուն, 4 ներսի ու 1 մուտքի դուռ, 7 պատուհան է անհրաժեշտ տանս շինարարությունն ավարտելու համար: Ի՞նչ գյուղացի, որ անասուն չպահի, տեղ չունենալու, զրկանքների պատճառով դա էլ չունենք: Խոհանոցից ու կոմունալ հարմարություններից չեմ խոսում…Մի՞թե այսպես են օգնում 8 տարի բնակարանի հերթում գտնվող զոհվածի ընտանիքին: Չգիտենք՝ մեր հերթը ե՞րբ է հասնելու, ինչքա՞ն պետք է սպասենք եւ էլ ո՞ւմ դիմենք: Ես ինչքա՞ն մուրացկանի նման խնդրեմ, որ ինձ 20, 30 կամ 100 հազար դրամով օգնեն եւ ինչո՞ւ պետք է խնդրեմ, իմ որդին պատվով ծառայել է, պատվով էլ զոհվել՝ հանուն հայրենիքի»:
Ամեն անգամ ջրի ծորակին մոտենալիս օրհնում է ընտրատարածքի պատգամավոր Հ. Հակոբյանին, որի շնորհիվ այլեւս ջրկիր չէ: Մտադիր է հերթագրվել ու կրկին դիմել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, վերջինս նրա միակ հույսն է…
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. Մեր թերթի միջոցով դիմում ենք բոլոր պատվախնդիր մարդկանց, մեծահարուստ հայերին՝ աջակցել հայրենիքի համար զոհված պաշտպանի տունը կառուցելուն, որ տանն ապրող բնակիչների հոգու ջերմությունից բացի, արեւի լույսն էլ ողողի այս տունն ու Արմենին նվիրված խորանը: Այլապես՝ այս դեպքը մեր ամոթն է…
«Առավոտ» օրաթերթ




















































