Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ինձ կարող եք դիմել նաեւ Facebook-ով»

Դեկտեմբեր 28,2012 16:13

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) այսօր ՀԵՀ-ը կրթաթոշակների հավաստագրեր կտրամադրեց սիրիահայ ուսանողներին։ Հավաստագրերը հանձնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հավաստագրերի մի մասը սիրիահայ ուսանողներին հանձնեցին ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Դիմելով ուսանողներին` Սփյուռքի նախարարն ասաց. «Դուք  բախտավոր եք, որ ունեք ազատ եւ անկախ Հայաստանի Հանրապետություն, որը Ձեր մեջքին  է կանգնած: Դուք պետք է իմանաք, որ բոլորը Ձեր կողքին են, այդ թվում` վարչապետը եւ նախագահը: Ձեր թիվ 1 խնդիրն է` լինել օրինակելի ուսանող, ստանալ գերազանց գնահատականներ, որպեսզի Ձեզ բուհում մատով ցույց տան»:

Շնորհավորելով սիրիահայ ուսանողների գալիք տոները`տիկին Հակոբյանը ցանկացավ, որ 2013թ-ին Սիրիայում խաղաղություն հաստատվի, եւ ՀՀ-ում գտնվող սիրիահայերը հանգիստ լինեն իրենց ծնողների եւ բարեկամների համար:

Նախարարը նաեւ ուսանողներին առաջարկեց իրենց բուհերում ստեղծել սիրիահայ ուսանողների ուսանողական խորհուրդներ` խնդիրները քննարկելու եւ ուսանողական կյանքն ակտիվացնելու համար:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ նախարարությունը խտրականություն չի դնում տեղացի եւ սիրիահայ ուսանողների միջեւ. «Հայաստանաբնակների բոլոր ծրագրերը հասանելի են լինելու նաեւ սիրիահայ ուսանողների համար: Առ այսօր նախարարությունը բացառություններ անելով` ընդունել է սիրիահայ ուսանողների դիմումները` առանց փաստաթղթերի  ամբողջական փաթեթի»:

Աշոտյանն ասաց, որ շատ լավ է հասկանում սիրիահայ ուսանողների իրավիճակը. «Ժամանակին պապս Հալեպից հայրենադարձվեց Հայաստան եւ զրոյից կառուցեց պապենական օջախը: Վստահ եմ, որ ապագայում ձեզանից շատերը կփայլեն մշակույթի, սպորտի, եւ, ինչու չէ, քաղաքականության բնագավառում: Ի դեպ, ինձ կարող եք դիմել նաեւ Facebook-ով»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31