Եվս մեկ արյունոտ ընտրություն
Նախորդ օրը Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ՝ Եղվարդի Մշակույթի տանը կայացած հանդիպմանը իշխող Հանրապետական կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն ասաց. «Լավ, ազատ, արդար ընտրություններով ընտրված նախագահի լեզուն միշտ երկար է լինում, երկար է լինում միջազգային ատյաններում, երկար է լինում երկրի ներսում բարեփոխումներ իրականացնելիս»: Դեռ քարոզարշավի մեկնարկից առաջ հանրապետականները հանդես էին գալիս ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու հորդորով՝ բացարձակ առաջատար լինելու մասին ուրույն գիտակցումով եւ հայտարարություններով: «Գիտեք, որ մենք մշտապես կարեւորել ենք լավ, ազատ, արդար ընտրությունների անցկացումը։ Դա չափազանց անհրաժեշտ է հզոր, զարգացած պետություն ունենալու համար։ Եթե քո քաղաքացին չի վստահում քեզ, չի հավատում ընտրությունների արդյունքներին, ապա դժվար թե այդ քաղաքացին կարողանա իրեն լիարժեքորեն դրսեւորել: Մենք ապրում ենք միջազգային հանրության ներսում, եւ շատ-շատ ցանկալի է, ուղղակի օդի պես անհրաժեշտ է, որպեսզի մեր գործընկերները եւս ունենան վստահություն այդ ընտրությունների արդյունքի վերաբերյալ, որպեսզի նրանք վստահ լինեն, որ գործ ունեն մարդու հետ, ով իրականում քվե է ստացել։ Ուստի խնդրում եմ բոլորիդ այնպես անել, որ որեւէ մեկը մեզ չկշտամբի՝ ո՛չ մեր քաղաքացիները, ո՛չ էլ միջազգային դիտորդները, մանավանդ, որ մենք ունենք փայլուն հնարավորություններ։ Այս անգամ ասես սկուտեղի վրա մեզ մատուցում են, որպեսզի մենք կարողանանք անցկացնել լավագույն ընտրությունները, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին»,- քարոզարշավի առաջին հանդիպման ժամանակ Դավիթաշեն վարչական համայնքում ասաց ՀՀ նախագահի հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանը։
Քարոզարշավի հարթ, սահուն ընթացքը խաթարվեց 11-րդ օրը հնչած աննախադեպ կրակոցներով: Ո՞վ եւ ինչո՞ւ կրակեց ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածուի վրա: Ո՞ւմ դեմ էին ուղղված այդ կրակոցները՝ Հայրիկյանի՞, Հայաստանի՞, Սերժ Սարգսյանի՞, հանդարտ քարոզարշավի՞, նախագահական ընտրությունների ու դրանց արդյունքների՞: 1995-ի խորհրդարանական, ապա՝ 1996-ի նախագահական ընտրություններ՝ իրենց հետեւանքներով, հոկտեմբերի 27, ապրիլի 12-13, մարտի 1, փետրվարի 1. ինչո՞ւ այդպես էլ հետանկախական Հայաստանում չի հաջողվում անարյուն ընտրություններ անցկացնել: «Առավոտը» փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանից:
– Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպը հնարավո՞ր է, որ Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ բերի:
Կարդացեք նաև
– Չեմ կարող ասել, թե դրանից ինչ կստացվի, բայց որ սա Հայաստանում նորություն է՝ հաստատ կարող եմ ասել: Հայաստանում առաջին անգամ են կրակում նախագահի թեկնածուի վրա: Ճիշտ է, նախագահի թեկնածուների նկատմամբ նախկինում բռնություններ եղել են. հիշենք Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքերը, եղել է մարտի 1, Ազատության հրապարակի «մաքրում», ամեն ինչ եղել է, բայց կրակել թեկնածուի վրա՝ սա առաջին դեպքն է: Ես չգիտեմ՝ ո՞վ, ինչո՞ւ, ինչի՞ համար: Հուսով եմ, որ կբացահայտվի, եւ կարելի կլինի ինչ-որ բաներ ասել:
– Կիսո՞ւմ եք գնահատականները, որ կատարվածը քաղաքական քայլ էր՝ Հայաստան պետության ու պետականության դեմ:
– Սա քաղաքական գործչի դեմ քայլ էր, նախագահի թեկնածուի նկատմամբ քայլ էր, եւ այդ քայլն, իհարկե, միանշանակ ուղղված պետք է լինի պետությանը:
– 1996 թվականի ընտրական շրջանի եւ ներկայիս ընտրական շրջանի միջեւ նմանություններ տեսնո՞ւմ եք:
– Ոչ, չեմ տեսնում: Հիմա ես ընտրական շրջան չեմ տեսնում ուղղակի: Այսինքն՝ ընտրություն չեմ տեսնում: Ես վստահ կարող եմ ասել, որ ընտրություն գոյություն չունի: Չկա մի գործընթաց, որի արդյունքում հասարակության որեւէ մի հատված պետք է կասկածի՝ սա՞ է ընտրվելու, թե՞ նա: 1996-ին կար նման իրավիճակ. կար իշխանություն, կար ընդդիմություն, եւ ընդդիմությունն, ըստ էության, կարող էր եւ հաղթել:
– Նկատի ունեմ, որ 1996-ին էլ տեխնոլոգիաներ կիրառվեցին, որոնք ստվերում էին Լեւոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունը: Հիմա էլ, կարծես, նման միտում կա:
– Ցանկացած իշխանություն ստվերվելու վտանգի տակ է՝ կլինի Լեւոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, ես՝ միեւնույն է: Իշխանությունները պետք է մաքսիմում քայլեր ձեռնարկեն, որպեսզի այդ ստվերվելն իրենցից հեռու պահեն: Այդ իմաստով միայն կարելի է նմանություն գտնել՝ սա էլ է իշխանություն, նա էլ է իշխանություն:
– Չե՞ք կարծում, որ Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները կրակոց էին՝ ուղղված ուղղակի Սերժ Սարգսյանին: Այս իրավիճակում ամենաշատը Սերժ Սարգսյանին պետք չէր այս միջադեպը՝ իր բոլոր հետեւանքներով:
– Չգիտեմ՝ ում էր պետք, ում պետք չէր եւ ով դրանից օգուտներ կքաղի կամ չի քաղի, բայց կրակոցի արդյունքում գնդակը կպել է Պարույր Հայրիկյանին, ոչ թե Սերժ Սարգսյանին:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































Հայրիկյանի մահափորձը պետք էր,՝ անուղեղ և անգիտակից գավառականներին: