Լրահոս
Օրվա լրահոսը

Վենեսուելայի սինդրոմը

Մարտ 07,2013 10:39

Վենեսուելան լալիս է, սգում է, ողբում է Ուգո Չավեսի մահվան առիթով: Հեռացավ աշխարհի բռնապետներից ևս մեկը: Եվ ևս մեկը, որի հետևից ժողովուրդը լալիս է: Սա պարադոքս է՝ մարդիկ լալիս են բռնապետի հետևից: Կամ ավելի շուտ՝ առաջին հայացքից է պարադոքս: 

Պարադոքս է ոչ միայն այն պատճառով, որ լացում են իրենց կամքի և ազատության վրա բռնացողի հետևից, այլ որովհետև այդ բռնացողը գոնե նյութական բարեկեցության առումով ոչինչ չի արել նրանց համար: Վենեսուելայում բնակչության մեկ երրորդն աղքատ է` այն դեպքում, երբ այդ երկիրն ուներ աշխարհում նավթի ամենախոշոր պաշարներից մեկը: Վենեսուելան ունենալով նավթի արտահանման զգալի ծավալներ՝ համաշխարհային ծավալի մոտ 3 տոկոսը, ըստ էության չուներ տնտեսություն: Եվ ահա այդ ամենից հետո Չավեսի հետևից լացում են: Սակայն այդ ամենն իր խորքում որևէ պարադոքս էլ չունի: Բռնապետի հետևից լացում են, որովհետև հասարակությունը բավական գիտակցություն չունի հասկանալու համար, որ բռնապետն ընդամենը խլում է ազատությունն ու ստեղծագործելու ունակությունները, էներգիան ու էներգետիկան: Եթե հասարակության մեջ լինի այդ գիտակցությունը, այն չի հանդուրժի բռնապետին, նրանց չի տարբերակի լավի ու վատի, արդարանալով, թե իր բռնապետը լավն է:

Լացել են Ստալինի հետևից, լացած կլինեն այլոց հետևից, որովհետև բռնապետության առաջին խնդիրներից մեկը հենց այն է, որ հասարակությանը զրկի կամքից, զրկի սեփական ունակությունների, ստեղծագործական պոտենցիալի գիտակցումից, ինքնասիրությունից, դարձնի կամազուրկ, դարձնի տկար, ներշնչի թերարժեքության բարդույթ իր և շրջապատում բոլորի հանդեպ՝ բացի բռնապետից: Այդպես դաստիարակվում են սերունդներ և վերջին սերունդը, ում բաժին է ընկնում բռնապետին սգալու բախտը, պատվով է կրում այն և լացում է որքան ուժերը կներեն:

Սա պարադոքս չէ, սա տրագիկոմեդիա է՝ ժողովուրդների ճակատագրերի տրագիկոմեդիա: Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ է լինելու հետո, ինչ է լինելու երկրի հետ, իրենց հետ, որովհետև կյանքի շարունակությունը, Երկրի պտույտը նրանք պայմանավորել են բռնապետով: Հիմա նա չկա, էլ ինչպես է պտտվելու աշխարհը: Այսինքն` ժողովրդի լացն ունի շատ կոնկրետ պատճառ, դրդապատճառ, ժողովուրդն ունի լացելու շատ կոնկրետ առիթ:

Օրինակ` տվյալ պարագայում արդեն իսկ լուրջ հարց է, թե ինչ է լինելու Վենեսուելայի հետ, ով է իշխելու, միջազգային ինչ շահեր են բախվելու, ինչ է լինելու երկրում՝ քաո՞ս, թե՞ ազատություն, ժողովրդավարություն: Առավել հավանականը քաոսն է, որովհետև հասարակություն չկա, երկիրը կախված է եղել մեկ մարդուց, որն այլևս չկա: Այս իրավիճակը տիպիկ է բոլոր ավտորիտար բռնապետություններին և ամբողջատիրական համակարգերին:

Օրինակ, երբ Հայաստանում որևէ մեկը կարող է հայտարարել, որ նախագահի ընտրությունն ազգային անվտանգության խնդիր է և Գերագույն գլխավոր հրամանատարի հարց, ու հետևաբար` ինչպես կարելի է Սերժ Սարգսյանից բացի, այլ մարդ պատկերացնել, դա այդ նույն շարքից է, երբ հասարակություններին ենթագիտակցական մակարդակով անգամ փորձում են կամազրկել և համոզել, որ այդ մեկ մարդուց բացի, որևէ ուրիշն այլևս ունակ չէ պետություն կառավարել, որ հասարակությունն ունակ չէ որևէ այլ մեկին գտնել ինքն իր միջից:

Հասարակությունները, որոնց ներշնչում են այդ գիտակցումը, դառնում են ամուլ: Նրանք անկարող են լինում որևէ բան արարել, ստեղծել որևէ նշանակալից արդյունք՝ փոխհարաբերությունների արժեհամակարգի բարոյական մեծություններից մինչև նյութական արժեքներ, արտադրություն, որը նրանց կօգնի մրցունակ լինել աշխարհում: Լավագույն դեպքում, բռնապետության պայմաններում, հասարակությունները կարող են ստեղծել կեղծիք՝ ընտրական կեղծիքից մինչև արտադրական կեղծիք, որի օրինակն է Չինաստանը:

Զարգանում են այն հասարակությունները, որոնցում քաղաքացին դաստիարակվում է ոչ թե փրկչի կերպարի հիմքով, որ կյանքը և մոլորակի պտույտը կախված է «թագավորից», այլ սեփական կարողությունների, սեփական աշխատանքի, արժանիքների, ինքնակատարելագործման հիմքով: Զարգանում են այն հասարակությունները, որտեղ մարդն ինքն իրեն է պատասխանատու համարում կյանքի որակի համար՝ թե իր, թե պետության: Զարգանում են անհատի ստեղծագործական ազատությունը երաշխավորող հասարակություններն ու պետությունները, նրանք են ստեղծում քաղաքակրթական և նյութական արժեքներ, նրանք են առաջ մղում գիտությունն ու տեխնոլոգիաները, նրանք են հասնում անվտանգության առավել բարձր մակարդակի:

Հերթական բռնապետի մահը և դրան հաջորդող ժողովրդական ողբը պետք է ուսանելի լինեն մեր հասարակության համար, որում ազատության խնդիրը հայտնվել է առաջնային պլանում և բախտորոշ, հանգուցային ժամանակահատվածում: Հասարակությունները, որոնք իշխող վերնախավի որևէ խմբի կամ անհատի են զիջում իրենց ազատությունը, անկախ, թե ինչ են ակնկալում դրա դիմաց տվյալ պահին, ապագայում ստանում են միայն լաց և հուսահատություն, ոչինչ ավելի:

 Արամ Ամատունի

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031