Հայաստանի պարի պետական անսամբլը պատրաստվում է հոբելյանների
Փոխվում են ժամանակները, փոխվում են պատկերացումներն ու գնահատականները: Սակայն կան հասկացություններ, որոնք երբեք չեն կարող արժեզրկվել, որովհետեւ ներկայացնում են պատմության փառավոր կենսագրությունը:
Իր ոսկեդարն ունեցած Հայաստանի պարի պետական լեգենդար անսամբլը պատրաստվում է այս տարի նշելու հիմնադրման 55-ամյա հոբելյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Ասատրյանի, ժողովրդական արտիստ Էդուարդ Մանուկյանի եւ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի նախաձեռնությամբ 1958թ. հիմնվեց պարի պետականը՝ իր առջեւ նպատակ դնելով ներկայացնել ու աշխարհով մեկ պարի լեզվով տարածել հայերիս անցյալը, ներկան, մաքառումները, երազանքներն ու ձգտումները: Անսամբլը տարբեր տարիների ղեկավարեցին պարարվեստի երախտավորներ Ազատ Ղարիբյանը, Վանուշ Խանամիրյանը, Ալբերտ Կիզիրյանը, Սուրեն Չանչուրյանը: Այսօր էլ գլխավոր բալետմայստերն է ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանը: Տարբեր տարիների այս անսամբլում են սկսել իրենց բեմական գործունեությունը պարողներ, որոնցից շատերն այսօր Հայաստանում ու արտերկրում ղեկավարում են արդեն ճանաչում վայելող կոլեկտիվներ:
Այս տարի լրանում է նաեւ պարի պետականի երկարամյա անփոխարինելի «պարագլուխ», անվանի արվեստագետ Սուրեն Չանչուրյանի ծննդյան 75-ամյակը:
«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ անսամբլի տնօրեն Էրիկ Չանչուրյանն ասաց, որ հոբելյանը ծրագրված է նշել աշնանը, բանակցություններ են ընթանում հայտնի պարային կոլեկտիվների, այդ թվում՝ Վրաստանի եւ Իգոր Մոիսեեւի անվան անսամբլների ղեկավարների հետ: Հատուկ նշեց Գյումրիի՝ Շաբոյանի ղեկավարած անսամբլի եւ պարի պետականի համատեղ «Գյումրվա կոլորիտ» պարային համար բեմադրելու մասին, ինչպես նաեւ հայտնեց, որ ավարտվում են Հարություն Ազարյանի՝ պարի պետականի մասին պատմող ֆիլմի մոնտաժման եւ armdance.am կայքի ստեղծման աշխատանքները: Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ հոբելյանի նախապատրաստական աշխատանքները չափից ավելի աշխատատար են, սկսած նոր զգեստների էսքիզների ու պատրաստման աշխատանքներից, մինչեւ, օրինակ, հայ պարողների հետ վրացի կոլեգաների կողմից իրենց ազգային պար բեմադրելը:
Անսամբլի տնօրենը հիշեց հոր՝ Սուրեն Չանչուրյանի՝ ժամանակին ասած հետեւյալ խոսքերը՝ ամենադժվարը, գուցե եւ ամենաերկարատեւը հյուրախաղերն էին Լատինական Ամերիկայում, որ տեւեցին ավելի քան 3 ամիս եւ, որ ամենակարեւորն է, տեղի քննադատները նշում էին, թե հայ պարողներն ու երաժիշտները իսկապես տաղանդավոր ներկայացրին 3000-ամյա Հայաստանի բանահյուսական ժառանգության ողջ հարստությունը:
Ռեպլիկին՝ զբաղվածության պատճառով երեւի հոր «երեսը» չէին տեսնում, կրտսեր Չանչուրյանը պատասխանեց. «Հայրս կարողանում էր ամեն ինչ հասցնել, նրա համար ժամանակը երբեք քչություն չէր անում եւ հերիքում էր ընտանիքի, աշխատանքի ու ընկերների համար»:
Հետաքրքրվեցինք՝ ժամանակին աշխարհը ոտքի տակ տված անսամբլի հոբելյանական տարվա առիթով սպասվելիք շրջագայություններով: «Վերջին տարիների օրինակով հանդես կգանք Հայաստանի մարզերում, Արցախում: Բանակցություններ են ընթանում ՀՀ-ում Արգենտինայի դեսպանության հետ եւ հուսով ենք հանդես գալ նաեւ Վրաստանում»,- հայտնեց Էրիկ Չանչուրյանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ



















































