Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի․ «Փաստ»

Մայիս 16,2026 09:40 Share

2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031