Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե բռնեն «ատելության խոսքի» համար…

Մայիս 16,2026 10:00 Share

Մենք ապրում ենք այնպիսի մի աշխարհում, որ բացարձակապես չենք կարող կանխատեսել վաղը մեր գլխին գալիքը: Դա հատկապես վերաբերվում է ժամանակակից Հայաստանին եւ առաջին հերթին՝ Փաշինյանի քաղաքականությունը մերժող քաղաքացիներին, գործիչներին, ընտրական ցուցակներում ընդգրկվածներին, լրագրողներին, բլոգերներին: Հազարավոր քաղաքացիներ Փաշինյանի «իրավապահների» ուշադրության կենտրոնում են, եւ ոչ ոք ապահովագրված չէ գաղտնալսումներից, խուզարկություններից, ձերբակալություններից եւ տարբեր (ինչպես այսօրվա երիտասարդներն են ասում, random) հոդվածներով «կարված» գործերից:

Կարող են նաեւ Երեւանից ուղարկած «պասով», «հիբրիդային սպառնալիքները» չեզոքացնելու շրջանակներում, փակել հասանելիությունը այս կամ այն սոցցանցին: Թե ովքեր են ուղղորդում եւ մատնագրեր ուղարկում այդ սոցցանցերին՝ ԱԱԾ-ն, թե «եվրոպամետ» հ/կ-ները, կպարզվի իշխանափոխությունից հետո:

…Բլոգեր Արտակ Ավետիսյանի տեսանյութը ես դիտեցի, անգամ արհեստական բանականության միջոցով պարզեցի, թե ինչ է նշանակում հեղինակի կողմից մի քանի անգամ կիրառվող «կուտոկ»՝ ինձ համար անծանոթ բառը: Էլ չասեմ, թե որքանով է այդ բառապաշարն ինձ համար անհանդուրժելի եւ մերժելի: Ես 30 տարուց ավելի պայքարում եմ, որ հանրային դաշտում ոչ ոք ոչ մեկի հասցեին այդպես չխոսի:

Բայց այն գործը, որն իշխանությունը կարում է Արտակի վրա, պարզապես անհեթեթ է, որովհետեւ նրա ասածը որեւէ կապ չունի «ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու մասին հայտարարությունների» հետ, որոնք նրան մեղսագրվում են: Այդ հոդվածը կարելի է կպցնել ցանկացած տեքստի, եթե քննիչներն ու դատախազները չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում «հրահրել» եւ «քարոզել»:

Մենք Հայաստանում ունենք բացարձակ չեմպիոններ՝ այս կամ այն խմբի նկատմամբ («թալանչիներ», «նախկիններ», «ռսաստրուկներ» եւ այլն) ատելություն հրահրելու տեսանկյունից: Եվ եթե այն բառապաշարը, որը տվյալ բլոգերն է կիրառում, քրեորեն պատժելի է, ապա Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք այլ ՔՊ-ականներ վաղուց արդեն մի քանի տարով դատապարտված պիտի լինեին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Մենք պետք է ընդունենք, որ այլասերված գլոբալիստների քաղտեխնոլոգները, ովքեր տրիլիոն դոլարների միջոցով քանդեցին սովետը, նրանք շարունակում են քանդել փլատակները, ինչպես մեծ քարը մեծ կտորների են բաժանում, հետո այդ կտորներն են մանրացնում մինչեւ ազգայինն ու պետականը փոշիացվեն եւ վերանան: Իսկ այդ մանր քարերի ղեկավար են նշանակում նրանց, ովքեր պետք է գորբաչով խաղան՝ իրենք իրենց պետք է վարկաբեկեն ժողովրդի առաջ եւ ինչպես գորբաչովը գնաց, հետն էլ իր ղեկավարած պետությունը վարի տվեց: Ստացվում է, ինչքան վարկաբեկում ենք հայկական ազգանուններով գորբաչովներին, այնքան այլասերվածների ջրաղացին ջուր ենք լցնում: Արարչի ամենազորությունը մեկ էլ ժողովուրդն ունի, իմաստ չկա թիրախավորել մանրապճեղներին, ովքեր հլու հնազանդ այլասերվածների քաղտեխնոլոգների հրամաններն են կատարում եւ ինչքան վարկաբեկում ենք մանրապճեղներին, այդքան այլասերվածների կողմից գովասանքի են արժանանում՝ իրենց գործը ճիշտ են անում եւ երկիրը տանում են փլուզման: Սա միայն մեզ չի վերաբերում, պարզապես, այն ժողովուրդները, ովքեր իրենց աստվածային շնորհքն են ցուցաբերում եւ պայքարում են, նրանք իրենց երեխաներին, թոռներին ու ծոռներին ապագա են կերտում, իսկ այսօրվա թե երեկվա ախմախներին ընտրողներ մոլորյալները, նույնիսկ առանց ընտրակաշառքի, իրենք իրենց աստվածային շնորհքի մասին գաղափար չունեն եւ իրենց միամտությամբ սատանայի գործիք են դառնում: Աստվածային ժողովրդի դեմ սատանայի այլասերվածները խաղ չունեն: Ազատենք մոլորյալներին այլասերվածների ճիրաններից եւ Արարչի ամենազորությունը կվայելենք բոլորովս: Ինչ խելոքներս, ինչ մոլորյալներս, մի բախտի մի ճակատագրի հայ ժողովուրդ ենք, կամ կփրկվենք բոլորովս, կամ էլ կփրկվենք բոլորովս, այլընտրանք չկա 🙂 ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել