Լրահոս
Օրվա լրահոսը

Ռախմանինովի ստեղծագործություններն Արևիկ Գրիգորյանի կատարմամբ

Ապրիլ 04,2013 16:42

Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ վոկալ երաժշտության համերգ` նվիրված Ս. Ռախմանինովի 140-ամյակին:

Aravot.am-ի հետ զրույցում սոպրանո, օպերային երգչուհի Արևիկ Գրիգորյանը, որը կատարեց 11 ստեղծագործություն Ռախմանինովից, նշեց, որ Ռախմանինովն իր ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր է խաղացել: Որպես կատարողական արվեստ` այն շատ խիստ փիլիսոփայական է: Երգչուհին խոստովանում է, որ եթե մինչև վերջ չհասկանաս իր գրած ստեղծագործության բուն իմաստն ու բովանդակությունը, ապա հնարավոր չէ Ռախմանինով կատարել:

Այս կարծիքին է նաև երգչուհու մայրը` Սաթիկ Վարդանյանը, որը Գյումրիի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիրիժորն է:  «Ռախմանինով կատարելու համար առաջին հերթին բարձր պրոֆեսիոնալ գրագիտություն է հարկավոր, մեծ կամք, արտիստիզմ, Ռախմանինովի գույն և որակ»:

Լիբանանահայ մենեջեր և պրոդյուսեր Վիգեն Թանաշյանն Արևիկ Գրիգորյանի կատարման մասին խոսեց հիացմունքով. «Այնքան հիացած եմ, այնքան հուզմունքի պահեր ապրած եմ, որ ոչ մի բան չեմ կրնար ասել, բացի բարձր գնահատական տալով Արևիկ Գրիգորյանին` իր այս գեղեցիկ կատարման համար: Եվ վստահ եմ այնպիսի գեղեցիկ համերգ մը տեղի ունեցավ այսօր, որ կարծեմ ուրիշ տեղ կարելի չէ լսել Սերգեյ Ռախմանինովին նվիրված համերգաշար` բացի Արևիկ Գրիգորյանի ձայնով»:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, «Գոհար» երգչախմբի անդամ Սոնա Զառաֆյանը համերգից առաջ հանդես եկավ Ս. Ռախմանինովին նվիրված զեկուցումով, որտեղ նա առանձնացրել էր կոմպոզիտորի կյանքից մի քանի կարևոր փաստեր. «Սերգեյ Ռախմանինովն այն կոմպոզիտորների և մտավորականների շարքին է դասվում, ում ստեղծագործությունն ամբողջությամբ հագեցված է ռուսական ոգով: Նրա երաժշտության մեջ կարևոր և գլխավոր դեր է կատարում ռուսական ճակատագրի թեման: Նա ստեղծագործեց այն ժամանակաշրջանում, որը կոչվում է Արծաթե դար: Նրա անվան շուրջ պտտվել են լեգենդներ: Մեկ անգամ ԱՄՆ-ում, երբ ցանկանում են Ռախմանինովին լուսանկարել, վերջինս փակում է իր դեմքը ափերով: Հաջորդ օրը ամսագրում հայտնվում է նրա լուսանկարը և մի գրություն, որտեղ ասված է. «Ահա այն ձեռքերը, որոնք արժեն միլիոններ»: Ռախմանինովը ստեղծագործել է մինչև իր կյանքի վերջին պահը, նրա մտքում հնչում էր երաժշտությունը: Նա հասկացավ, որ այդ երաժշտությունը չի դադարի հնչել մինչև այն ժամանակ, երբ ինքը գրի կառնի, բայց ձեռքերն արդեն չէին ենթարկվում իրեն: «Goodbye my hands», «Հաջողություն իմ ձեռքեր», այսպիսին եղան 20-րդ դարի վերջին ռոմանտիկի վերջին խոսքերը»:

Արմինե ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930