Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ վանդալները եկան ու կառուցապատեցին հրապարակի հարակից տարածքը

Մայիս 31,2013 10:45

«Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձևավորվել հրապարակի շուրջ, էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարեւոր պայմանները»։ Երեք փորձից կռահեք, թե ով է այս հայտարարության հեղինակը։ Ոչ, սա Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվող ընդդիմության հայտարարությունը չէ։ Ոչ, սա իշխանության եկած նախկին ընդդիմության, նախկին իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատություն չէ: Ոչ, սա իշխանություններից նեղացած ճարտարապետի հայտարարություն չէ։ Չկռահեցիք։ Սա նախադասություն է Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարված մի մրցույթի ներածական մասից։ Քաղաքապետարանը Երեւանի Հանրապետության հրապարակը վերակառուցելու մրցույթ է հայտարարել եւ դրա պայմանների նախաբանում էլ հենց գրված է այդ նախադասությունը։

Եվ սա հաշվի առնելով ստացվում է հետեւյալ պատկերը, մենք մեր համար հանգիստ քնած էինք, մեկ էլ մի օր առավոտ արթնացանք, տեսանք ինչ-որ մեկը բռնել ու հրապարակին անմիջականորեն հարող տարածքներում կառուցապատումներ է իրականացրել ու աղճատել «համալիրի մասշտաբայնության և դոմինանտության կարեւոր պայմանները»։ Մինչեւ արթնացանք, լվացվեցինք-հագնվեցինք-տնից դուրս եկանք, որ բռնեինք այդ աղճատողներին, տեսանք թռել են՝ չկան: Մինչեւ էսօր ման ենք գալիս ու չենք գտնում, բայց այդ վանդալների արած սեւ գործը մնաց՝ Հանրապետության հրապարակը այդպես էլ աղճատվեց ու աղճատվեց։

Ու հիմա մեծն քաղաքաշինարար ու առանձնահատուկ բարձր ճաշակ ունեցող Տարոն Մարգարյանը եւ նրա ՀՀԿ-ական ավագանիները վերջապես որոշեցին վերացնել այդ դավադիր վանդալների գործունեության հետեւանքները եւ կարգի բերել Հանրապետության հրապարակը։

Իսկ հիմա փորձեք կռահել, թե ով է հայտարարված այս մրցույթի մրցութային հանձնաժողովի նախագահը։ Այո, Նարեկ Սարգսյանը։ Այն նույն Նարեկ Սարգսյանը, որը Հանրապետության հրապարակի «անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման» հետ ոչ մի, բացարձակապես ոչ մի կապ չունի։ Նա ոչ մի, բացարձակապես ոչ մի շինթույլտվությունչի տվել։ Նա երբեք, մանավանդ այդ կառուցապատումների ժամանակահատվածում չի եղել, բացարձակապես չի եղել Երեւանի գլխավոր ճարտարապետ։ Նա էլ մեզ նման տանը քնած էր, երբ անհայտ վանդալները եկան ու կառուցապատեցին հրապարակի հարակից տարածքը։ Նա էլ մինչեւ արթնացավ-լվացվեց-հագնվեց, վանդալների հետքն արդեն կորել էր։ Հա, մեկ էլ չմոռանանք նշել, որ Երեւանի քաղաքապետարանի ոաումնասիրություններով՝ Հանրապետության հրապարակը «վերածվել է տրանսպորտային գերբեռնված հանգույցի, իր բոլոր բացասական ազդեցություններով»։ Փաստորեն այդ վանդալները դեռ Երեւանում են՝ նրանք դավադրաբար իրար հետ պայմանավորվում են ու անընդհատ իրենց մեքենաները քշում են Երեւանի կենտրոնում, որ հրապարակը գերբեռնվի։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031