Ընդհանրապես դա մի առեղծվածային նախագիծ է, ինչ-որ մի մութ բան կա դրա մեջ։ Առաջանում են հարցեր, որոնց տրամաբանական պատասխանը դժվար է գտնել: Ինչպես հայտնի է՝ Մարտի 1-ի զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու մասին (յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար) պահանջը առաջին անգամ հնչեցրել է Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ կրկնել է ոչ մեկ անգամ։ Ավելի ուշ, 2012 թ. խորհրդարանական ընտրություններում այդ պահանջը մտել է Հայ ազգային կոնգրեսի պաշտոնական նախընտրական ծրագիր՝ հետեւյալ ձեւակերպմամբ. «Ընթացիկ բյուջեում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու միջոցով լուծել Մարտի 1-ի զոհերի ընտանիքների եւ հրազենային ու բեկորային վնասվածքներ ստացած անձանց լիարժեք նյութական փոխհատուցման հարցը, եթե ոչ միանվագ, ապա գոնե մաս առ մաս, առաջիկա երկու տարվա կտրվածքով»։ (Իմիջիայլոց, նույն ծրագրում է նաեւ Մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու պահանջը):
Հիմա, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, լինելով Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության անդամ, առանց խմբակցությանն անգամ տեղեկացնելու, վերցնում նախընտրական ծրագրի հարցերից մեկը, այն որոշակիորեն դեֆորմացնելով (երկու տարվա փոխարեն փոխհատուցման ժամկետ դարձնելով 50 տարի)՝ փորձում հարցը «լուծել» միայնակ։ Իր բացատրություններում նա, համենայնդեպս, չի ասում, թե ինքն առաջարկել է Մարտի 1-ի հարցերը «առաջ գցել», իսկ խմբակցությունը մերժել է, որից հետո որոշել է գործել միայնակ։
Այն, որ Կոնգրեսի խմբակցությունը չի «զլացել» Մարտի 1-ի հետ կապված խնդիրներում, վկայում է թեկուզ վերջին խորհրդարանական գործընթացը: Հիշեցնենք՝ ՀԱԿ խմբակցությունը նախաձեռնեց Մարտի 1-ի հարցով խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու իր ծրագրային մյուս դրույթը։ Նախագիծը թեեւ չանցավ, բայց հավաքեց 1998 թվականից ի վեր խորհրդարանական ընդդիմության համար առավելագույն՝ 48 ձայն։
Ինչո՞ւ է Ն. Փաշինյանն իր նախաձեռնությանը համահեղինակ դարձնում հատկապես կին պատգամավորներին խորհրդարանական բոլոր ուժերից՝ սկսելով հենց հանրապետականներից։ Այս դեպքում ի՞նչ կապ ունի պատգամավորի սեռը։ Արդյո՞ք դա ընդամենը ձև չէ քողարկելու համար ինչ-որ մի իրողություն, որի բացահայտ երեւալը ցանկալի չէր։ Համենայնդեպս դժվար է պատկերացնել, որ նախագծի տակ ստորագրողները այդ հարցում կողմնորոշվել են առանց իրենց խմբակցությունների, իսկ խմբակցություններն՝ առանց ավելի վերեւի կարծիքը հարցնելու։ Ընդ որում՝ քաղաքական էթիկայի առումով դրա մեջ դատապարտելի բան չկա, եւ չի նվաստացնում նրանց մանդատի անկաշկանդ լինելը։
Կարդացեք նաև
Ն. Փաշինյանն ասում է, թե Կոնգրեսի խմբակցությունը դեմ եղավ իր նախաձեռնությանը։ Մեզ հաջողվեց պարզել, որ այս փաստաթուղթն իրականում նա չի էլ ներկայացրել խմբակցության քննարկմանը։ Նա այդ նախագիծը ամենավերջում տվել է ստորագրելու նաեւ Կոնգրեսի կին պատգամավոր Լ. Սարգսյանին, եւ միայն այդ ժամանակ է, որ խմբակցությունը իմացել է այդ մասին ու հայտնել իր նկատառումները։
Ն. Փաշինյանը արդեն պաշտոնապես շրջանառության մեջ դրած իր այս նախաձեռնությունը ստիպված է լինում հետ վերցնել զոհերի հարազատների միահամուռ պահանջով։ Բայց երբ նա նախաձեռնության տակ մյուս ստորագրողներին համոզել է հետ վերցնել իրենց ստորագրությունները՝ դրա համար բոլորովին այլ պատճառ է ներկայացրել (ըստ Բիշարյանի՝ «լրամշակելու համար»):
Ն. Փաշինյանը «միայնակ գործելու» իր քայլի մասին ասում է, թե պատգամավորն օրենքով կաշկանդված չէ հրամայական մանդատով, այսինքն, թե այս ամենն ինքը կարող էր անել առանց խմբակցությանը եւ առհասարակ որեւէ մեկին տեղյակ պահելու կամ խորհրդակցելու։ Ձեւականորեն՝ այո, սահմանադրությամբ պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով։ Բայց կարող է կաշկանդված լինել բարոյական մանդատով։ Մանավանդ, երբ պատգամավոր ես դարձել ոչ թե ինքնուրույն, որեւէ քաղաքական ուժից անկախ, անգամ՝ թեկուզ քաղաքական ուժի պաշտպանությամբ՝ բայց մեծամասնական համակարգով, այլ համամասնական համակարգով։ Բայց այստեղ կանգ առնենք, քանզի յուրաքանչյուրն ինքն է որոշում բարոյականության իր սահմանները։
Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի այսօրվա համարում


















































