Ատոմյան եղբայրները «քցել» են Աղաբեկ Աղաջանյանին՝ Մոսկվայի հայ համայնքի ղեկավարների հովանավորությամբ
«1993 թվականին Արբակ Խաչատրյանի դեմ հարուցված շինծու քրեական գործի շրջանակներոմ նրանից բիզնես գործունեության շնորհիվ ձեռք բերված 1 միլիոն 200 000 դոլար արժողությամբ գույք է թալանվել, որն այդպես էլ մինչ օրս չի վերադարձվել: Դա էլ այն դեպքում, երբ «Բոինգ» ինքնաթիռներով հասցված օգնության մասին, որն օդ ու ջրի պես անհրաժեշտ էր պատերազմական իրավիճակում հայտնված Հայաստանին, տեղյակ են եղել հանրապետության թե այն ժամանակվա, թե ներկայիս իշխանությունները: Զինդատախազության պաշտոնական պատասխանում նշվում է, որ բռնագրավված 1 միլիոն 200 000 դոլար արժողությամբ գույքի վերադարձն ու մեղավորների պատժումը անհնար է՝ ժամկետանցության պատճառով». սա հատված է ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովի նախագահ, գեներալ-գնդապետ, ՍՍՀՄ հերոս Վլադիմիր Նիկոլաեւիչ Մամաեւի եւ ՀՀ «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպության նախագահ Գառնիկ Մարգարյանի՝ «Առավոտին» ուղղված նամակից: Նմանատիպ մի նամակ էլ ավելի վաղ ուղղվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին: Ըստ նամակի՝ վերոնշյալ գործը վարել է ՀՔԾ պետի պաշտոնից վերջերս հեռացված Անդրանիկ Միրզոյանը: Նամակի հեղինակները դիտարկում են անում. «Հետաքրքիր է, միջազգային դատարանում խնդրի վիճարկման եւ արդարության հաստատման դեպքում ո՞վ է վճարելու այդ գումարը ներկայիս փոխարժեքներով՝ պետությո՞ւնը, թե՞ դրանում կոնկրետ մեղավորություն ունեցող անձինք»: Նամակում նաեւ ասված է, որ արդարության հաստատման եւ գումարի վերադարձման դեպքում Արբակ Խաչատրյանը մտադիր է ամբողջ գումարը տրամադրել քաղցկեղով հիվանդ մարդկանց օգնություն ցուցաբերելու գործին:
Արբակ Խաչատրյանի դեմ սկսված հալածանքները, որոնց ընթացքում ցավալի հանգամանքներում կյանքին վերջ է տալիս նրա մայրը, սրանով չեն ավարտվում: «Այս մութ պատմությունն ու օրը ցերեկով իրականացված թալանը մոռացության տալու համար էլ 2003 թվականի իրադարձություններն են սարքվում. այն օրերին ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Օլեգ Միրոնովի խորհրդական Արբակ Խաչատրյանը կրկին ձերբակալվում է եւ երկուսուկես տարի անցկացնում Լեֆորտովայի հանրահայտ բանտում: Նրան ներկայացվում է հերթական շինծու մեղադրանքը՝ մաքսանենգ ճանապարհով ՌԴ-ից Հայաստան չհայտարարագրված գումար ուղարկելու համար: Ավելի ուշ պարզվում է, որ ռուս մաքսավորների գործողությունները պայմանավորված են եղել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների ցուցմամբ: Զավեշտականն այն է, որ «Շերեմետեւո» օդանավակայանում ձերբակալված անձի հանդեպ, ով փորձում էր 120 000 ԱՄՆ դոլար չհայտարարագրված գումար տեղափոխել Հայաստան, քրեական գործ չի հարուցվում, քանի որ վերջինս հայտնում է, թե իբր այդ գումարը հենց Արբակ Խաչատրյանի ցուցումով է Հայաստան տեղափոխում»,- ասված է նամակում՝ հիշեցնելով, որ այդ շրջանում ՀՀ-ում նախագահական ընտրություններ էին սպասվում, եւ ԱԱԾ աշխատակիցների կողմից, ըստ հավաստի աղբյուրների, գաղտնալսումներ էին իրականացնում հնարավոր թեկնածուների շրջանում: ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչները ռուս գործընկերներին ներկայացնում են նաեւ, թե իբր Խաչատրյանը «խառնված» է նաեւ Տիգրան Նաղդալյանի սպանության գործին, ինչպես նաեւ չեչեն գրոհայիններին զենիթահրթիռային համալիրների վաճառքի գործում է մասնակից: Հետագայում, իհարկե, ՀՀ դատախազության պաշտոնական պատասխանում ասվում է, որ Խաչատրյանը Նաղդալյանի սպանության մեջ մեղադրվողների մեջ անգամ չկա: Այդ ընթացքում «փորձաշրջանը չանցնելու կապակցությամբ» լուծարվում է ՌԴ ՄԻՊ-ի աշխատակազմի՝ Արբակ Խաչատրյանի հետ կնքած պայմանագիրը: Մինչդեռ Արբակ Խաչատրյանի ձերբակալումից որոշ ժամանակ առաջ ՌԴ ՄԻՊ Օլեգ Միրոնովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղած նամակում առաջարկում է Արբակ Խաչատրյանին շնորհել Առաջին կարգի պետական խորհրդականի աստիճան: «Առավոտի» տրամադրության տակ եղած նամակում սույն գործի վերաբերյալ այլ զավեշտական դրվագներ եւ մանրամասներ արձանագրելով՝ հեղինակները նկատում են, որ այնքան էլ դժվար չէ կռահել, թե ում հրահանգն են «սրբորեն» կատարել Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները:
Մինչ այս հարցը միջազգային ատյաններ հանելը՝ ՀՀ «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպությունը իր սկսած գործընթացի շրջանակներում երկու անգամ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ նախագահին՝ Արբակ Խաչատրյանի հետ կատարվածի հարցով: «Առավոտի» հետ զրույցում կառույցի նախագահ Գառնիկ Մարգարյանն ասաց, որ կարծում էին, թե սա մեր խնդիրն է, եւ պետք չէ այն տեղափոխել եվրոպական ատյաններ: Բայց վաղեմության ժամկետի մասին պաշտոնական պատասխանն ապշեցրել է պարոն Մարգարյանին. «Օրենքո՞վ եք արել, օրենքո՞վ եք խլել, որ հիմա օրենքի դիրքից եք խոսում: Եթե վաղեմության ժամկետների մասին ենք խոսում, ուրեմն ջուր ենք լցնում Թուրքիայի ջրաղացին ու հնարավորություն տալիս նրանց խուսափել վերադարձնել դեռ 1915 թվականի մեր 2 միլիոն հայրենակիցներից թալանածը»:
Կարդացեք նաև
Ի դեպ, պարոն Մարգարյանն ասաց նաեւ, որ ՀՀ «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպությանն է դիմել ԱՄՆ-ից Աղաբեկ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ մոսկվաբնակ Ատոմյան եղբայրները իրենից մոտ երեք միլիոն դոլարի կարողություն են «թալանել»: Այդ գործընթացին, ըստ Աղաջանյանի, Մոսկվայում «հովանավորել» են մոսկովյան հայ համայնքի ղեկավարները՝ չարաշահելով ՌԴ նախագահի անունը: Գործին միջամտել է նաեւ ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովը, եւ այն այժմ գտնվում է ՌԴ քննչական գլխավոր կոմիտեի քննչական վարչությունում:
Գառնիկ Մարգարյանը տեղեկացրեց նաեւ, որ հունիսի 17-ին Մոսկվայի քաղաքապետի մոտ տեղի է ունենալու հանդիպում, որին մասնակցելու են Գերմանիայի փոխոստիկանապետը, ով այդ երկրում հակակոռուպցիոն գործընթացի համակարգողն է, Իսպանիայի հակակոռուպցիոն կառույցի ղեկավարը, այլ բարձրաստիճան չինովնիկներ, ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ: Հանդիպման ժամանակ քննարկվելու են թալանվածը տվյալ երկրին վերադարձնելու մեխանիզմները: Նման առաջարկներ ՌԴ հակակոռուպցիոն հանձնաժողովը վերջերս ՌԴ ԱԳՆ-ի միջոցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է փոխանցել՝ 200 էջ նյութ: ՄԱԿ-ում վերջնական տեսքի բերելուց հետո ՄԱԿ-ի անդամ պետությունների համար դրանք կդառնան հիմնական փաստաթուղթ: Ի դեպ, մոսկովյան հանդիպմանը մասնակցելու է նաեւ Հայաստանի ներկայացուցիչը: ՀՀ «Հակակոռուպցիոն» հասարակական կազմակերպության ներկայացուցչությունը նաեւ ԱՄՆ-ում է հիմնադրվում:
«Երկրում ստեղծված ծանր վիճակը հետեւանք է չորս իշխանական բուրգերի կոռումպացվածության: Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, բայց մամուլն ավելի սենսացիոն հայտարարությունների ուղղությամբ տարավ, ճիշտ չի ընկալվել. մենք ոչ թե անձերի եւ անհատների անուններ ենք տալու: Վարկաբեկելու նպատակ չունենք: Մեր գերնպատակն է՝ սկսել պայքարը եւ հասնել հաջողության կոռուպցիոն երեւույթների համակարգի դեմ: Ցավոք, անգամ աշխարհի մասշտաբով մեխանիզմներ չկան թալանվածը վերադարձնելու, չնայած առանձին դեպքեր եւ դրվագներ կան ու կարող են իբրեւ օրինակ ծառայել: Ասենք, Շվեյցարիայի օրինակը, երբ անցյալ տարի Նիկարագուային վերադարձվեց այդ պետության ղեկավարի թալանածը, բոլորովին վերջերս «Մոսկվա» բանկի կառավարչի թալանած խոշոր գումարները որոշում կայացվեց Մոսկվային վերադարձնել եւ այլն»,- ասաց պարոն Մարգարյանը՝ հավելելով. «Դա է պատճառներից մեկը, որ հայ չինովնիկների մի մասը ազգային բանկից թալանած ոսկու չնչին պաշարները, պետական օբյեկտների սեփականաշնորհած կամ պետական օբյեկտներից թալանածը տեղափոխել են օֆշորային գոտիներ եւ իրենց շատ պաշտպանված են զգում: Բայց Կիպրոսի օրինակը ցույց տվեց, որ դա այդքան էլ ապահով չէ»: Վերջերս Բուդապեշտում հակակոռուպցիոն կառույցների ներկայացուցիչների հանդիպումից հետո Գերմանիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի, Լեհաստանի, Չեխիայի կառուցներն արդեն իսկ համաձայնություն են տվել հայաստանյան հակակոռուպցիան կառույցի հետ համագործակցելու: «Մեր կառույցը զբաղվելու է յուրաքանչյուրի հարցով, եւ վաղեմության ժամկետներ գոյություն չունեն»,- եզրափակեց Գառնիկ Մարգարյանը:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ


















































