Լրահոս
Օրվա լրահոսը

Էական փոփոխություններ

Ապրիլ 08,2014 14:17

Կրկին աշխուժություն է տիրում: Նոր շեֆ են բերում: Միապաղաղ ու ձանձրալի առօրյան, որը դեռ երեկ անվերջ էր թվում, այսօր հանկարծ լցվեց անսովոր հույսերով ու տագնապալի հույզերով: Տարիներով աշխատում եմ այս անօգուտ հիմնարկում ու հրաշալի գիտեմ, թե ինչ է լինելու՝ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

Այսինքն՝ էլի սեղաններն ու աթոռները տեղափոխելու ենք սենյակից սենյակ, մի բաժինը միացնելու են մյուսին, որոշ բաժիններ լուծարելու են, փոխարենը բացելով նոր բաժիններ: Ամենակարեւորը՝ ամեն ինչ անվանափոխելու են, ավելի հնչեղ ցուցանակներ են փակցնելու պատերին…

Հանգիստ ինձ համար կանգնած ծխում եմ, ծխի անտարբեր քուլաներ ուղարկելով տիեզերական այդ իրարանցման ուղղությամբ: Արդեն 12 շեֆ եմ փոխել, բոլորն էլ բարեփոխիչ, լավ կրթված, նոր մտածողությամբ ու փայլուն գաղափարներով: Ճիշտ է, նրանց բարեփոխումները, չգիտես ինչու, ամեն անգամ սահմանափակվում էին բաժիններ միացնել-առանձնացնելով ու դրանց անունները փոխելով: Բայց կարեւորը՝ ինձ ձեռք չեն տալիս, խղճուկ աշխատավարձս էլ պահպանվում է: Հանեն էլ, կգնամ համանման անօգուտ մի հիմնարկում նույն խղճուկ աշխատավարձով կնստեմ ու կշարունակեմ մտածել Լոս գնալու մասին: Դե Լոս գնալու մասին մտածելը հիմա մեր ժողովրդի առօրյա զբաղմունքն է՝ Ֆեյսբուքում ավստրիացի երգչին, թե երգչուհուն հայհոյելու պես մի բան:
Միգուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է՝ այնուամենայնիվ, ինչ-որ բան չի ստացվում նրանց մոտ, ովքեր իրենց շարքերից նորանոր շեֆեր են ուղարկում: Բայց իրենք դա չեն ընդունում՝ նարդի խաղացողի նման, որը անընդհատ պարտվում է ու ամեն անգամ ասում՝ «Մի օյին էլ»…

Պարտվել ասացի՝ հիշեցի: Վաղը չէ մյուս օրը՝ ապրիլի 10-ին, Հնդկաստանում համընդհանուր ընտրություններ են: ԲիԲիՍի-ի էջում շատ հետաքրքիր մի պատմություն կարդացի հնդիկ բժշկի մասին: Այդ մարդը՝ Շիամ Բաբու Սուբուդին հիմա 78 տարեկան է ու 18 տարեկանից փորձում է Հնդկաստանի խորհրդարանի պատգամավոր դառնալ՝ մասնակցել է առանց բացառության բոլոր ընտրություններին: Բնականաբար, այս անգամ էլ է իր թեկնածությունը դրել: Ամեն անգամ 200 դոլար ընտրագրավ է մուծում, միշտ պարտվում է, բայց մինչեւ հաջորդ ընտրություններ կրկին հավաքում է այդ 200 դոլարը ու նորից առաջադրվում: Այս անգամ իր նախընտրական ծրագրում նույնիսկ գրել է, որ մտադիր է անպայման ընտրվել, պառլամենտում համախոհներ գտնել ու դառնալ Հնդկաստանի վարչապետ: Իսկ եթե դառնա, անպայման կիրականացնի ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ թե կառավարությունում, թե բոլորի կյանքում…

Մտածեցի՝ երեւում է, մերոնց նման շատ համառ ու աննկուն նարդի խաղացող է. տարիներ շարունակ ոչ մի բան չի ստացվում, բայց էլի ու էլի փորձում է, խոստանալով ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

Էդ համառությունն, իհարկե, ողջունելի է, բայց մեր հիմնարկի պարտքը ախր տարեցտարի աճում է, իսկ աշխատավարձը չի ավելանում, նոր ներդրումներ էլ չկան: Պարբերաբար փոփոխվող շեֆերը դա բացատրում են կամ նախորդ շեֆի անտաղանդ գործունեությամբ, կամ համընդհանուր ճգնաժամով:

Բայց կարեւորը՝ այսօր կրկին աշխուժություն կա: Շատ եմ սիրում այդ աշխուժությունը, միջանցքներով սեղաններ ու աթոռներ տեղափոխող գործընկերներիս խանդավառությունը, նաեւ նրանց հազիվ թաքցվող մտավախությունը՝ ինչպիսի՞ն կլինեն հարաբերությունները նոր շեֆի հետ:

Վաղը մեզ ներկայացնելու են նոր շեֆին: Դեռ պարզ չէ, թե ով է, բայց շշուկներ են պտտվում, թե հարեւան հիմնարկից է եւ այնտեղ ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ է իրականացրել՝ մի քանի բաժին իրար է միացրել, եվրոպացիների հետ բանակցությունների տարիներին իր առանձնասենյակում հասցրել է եվրոպական վերանորոգում անել, բայց աշնանից արդեն նոր վերանորոգում է նախաձեռնել՝ այս անգամ մաքսային:
Ես մեր շեֆերին շատ եմ հարգում, նույնիսկ նոր շեֆին եմ շատ հարգում, թեեւ դեռ չգիտեմ, թե ով է: Որովհետեւ մեր բոլոր շեֆերն ի վերջո հաղթողների թիմից են: Այո, միգուցե այդ թիմի անդամների մոտ նարդի խաղալը լավ չի ստացվում, բայց դա ուղղելի է՝ Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում կկայացնի, որ ոչ ոք չի էլ հասկանա, թե ով է հաղթել: Իսկ որ տնտեսությունը լավ չի աճում, դե այս վերջին կարկուտից հետո ի՞նչն է լավ աճում: Բայց հո ընտրություններում միշտ հաղթում են՝ անկախ եղանակային պայմաններից: Բա չէ՝ այդ խեղճ հնդիկ բժշկի նման, որն արդեն ընտրություններում պարտվելու Գինեսի ռեկորդ է սահմանել: Ու գիտեք՝ ինչո՞ւ է պարտվում: Որովհետեւ ոչ մի թիմից չէ, իսկ եթե ի սկզբանե ճիշտ թիմ ընտրեր այդ Բաբուն, վաղուց արդեն կլիներ ոչ թե շարքային բժիշկ, այլ առնվազն կրթության եւ գիտության նախարար: Միգուցե նույնիսկ այդ թիմի ղեկավար մարմնի անդամ:

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես միշտ ուրախ եմ, որ մեր որոշ հայրենակիցների կյանքում սպասվում են ԷԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930