Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան. «Ի՞նչ տարբերություն՝ Միկոյանի ՞արձանը, թե՞ Բերիայի»

Մայիս 05,2014 14:11

Բոլշևիկ, լենինյան և ստալինյան շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը մայրաքաղաքում տեղադրելու՝ Երեւան քաղաքի ավագանու որոշումը բուռն կրքեր է հարուցել: Մտահոգված են նաեւ մի շարք մտավորականներ:

Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ այն պատճառաբանությունը, որ բերվում է Անաստաս Միկոյանի արձանը Երեւանում դնելու համար, գավառական է. «Ասում են՝ հայ ազգի ներկայացուցիչը զբաղեցրել է պաշտոն, ու չեն քննարկում, թե ինչ երկրում է դա եղել: Մինչդեռ հասարակարգը, որը գործել է այդ երկրում երկար տարիներ, եղել է հանցավոր, բազում հանցագործություններ է գործել բոլոր ժողովուրդների հանդեպ, որոնք բնակվել են այդ երկրի տարածքում: Այնպես որ՝ որեւէ տարբերություն չեմ տեսնում Հայաստանում Միկոյանի արձանը կտեղադրվի՞, թե՞ Բերիայի: Ցավոք սրտի, այս ամեն ինչը արդյունք է այն ուղղվածության, որը դրսեւորվում է մեր երկրում՝ իդեալականացնել այն ամեն ինչը, որ կապված է եղել Սովետական Միության հետ: Հայաստանի՝ Մաքսային միության մասնակցությունն էլ է այդ իդեալականացման արդյունք»:

Պարոն Բաբայանի խոսքով. «Օրինակ, Գերմանիայում ամենացածր դասարաններից աշակերտներին բացատրում են, թե ինչ է եղել նացիստական Գերմանիայում, եւ դա արվում է որպես պատվաստում, որպեսզի ապագա սերունդները այլեւս չհիվանդանան այդ կործանարար հիվանդությամբ: Մեզ մոտ, սակայն, այդ շրջանը հերոսացվում է, ներկայացվում որպես Հայաստանի ու հայ ազգի ամենալուսավոր շրջան եւ այդ տրամաբանության տակ էլ ծնվում են նման նախաձեռնություններ: Եթե այդ տեսակ արձան լիներ, եղածը քանդելու կողմնակից չէի լինի, բայց նորը տեղադրելն արդեն քաղաքական ակցիա է»:

Հավելենք, որ Միկոյանի արձանը նախատեսվում է տեղադրել Իսահակյան- Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։ Միջնորդությունը քաղաքապետարանին ներկայացրել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, որոշումը կայացվել է ավագանու ապրիլի 30-ի նիստում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Ընդ որում, Տարոն Մարգարյանի հայրը՝ լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, խորհրդային տարիներին այլախոհ է եղել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Միկոյանի արձանի տեղադրումը Հայաստանի մայրաքաղաքում, կլինի դաճված կնիքը մեր երկրի մասին այն կարծիքի տակ,՝ որին համամիտ են բացի մեզնից, մնացած մեզ ճանաչող բոլոր երկրները։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031