Լրահոս
Օրվա լրահոսը

Օտար ու թանկ ճամփեքի վրա. «Հայկական ժամանակ»

Մայիս 29,2014 11:23

Հայաստանի հարավային սահմանը հյուսիսային սահմանի հետ կապող «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության շուրջ տարօրինակ բաներ են կատարվում։

ՀՀ ֆինանսների նախարարությունը, ինչպես հաղորդում է «Սիվիլնեթը», հայտ է ներկայացրել Եվրասիական զարգացման բանկին՝ այդ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության համար վարկ ստանալու համար։ Տարօրինակն այն չէ, որ մինչ այս այդ ավտոմայրուղու տարբեր հատվածների շինարարության համար վարկային միջոցները ներգրավվում էին, պատկերավոր ասած, Արեւմուտքի վերահսկողության տակ գտնվող Ասիական զարգացման բանկից, իսկ հիմա հայտ է ներկայացվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Եվրասիական զարգացման բանկին։ Ուշագրավն այն է, որ 42 կիլոմետրանոց այդ հատվածի շինարարությունը ընդամենը մեկ տարի առաջ՝ 2013 թվականի հունիսին գնահատվում էր 100 միլիոն դոլար, իսկ Եվրասիական զարգացման բանկին ներկայացված հայտով Հայաստանը ակնկալում է 150 միլիոն դոլարի վարկ։ Այսինքն, այդ հատվածի շինարարության ծրագիրը, փաստորեն, մեկ տարվա ընթացքում թանկացել է 1.5 անգամ։ Դժվար է ասել, թե սա ինչով է պայմանավորված։

Ամենահավանական պատճառն այն է, որ Ասիական զարգացման բանկը դժվարությամբ կհամաձայներ ֆինանսավորել մեկ տարում 1.5 անգամ թանկացած ծրագիրը՝ այդ թանկացման մեջ տեսնելով կոռուպցիոն ռիսկեր։ Իսկ Եվրասիական զարգացման բանկի պաշտոնյաների հետ ավելի հեշտ է «լեզու գտնել»։

Եվ ընդհանրապես, «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությունը գնալով ավելի ուշագրավ է դառնում։ Ավելի քան 550 կիլոմետր երկարությամբ այդ մայրուղու շինարարությունը գնահատվում է 1-ից մինչեւ 1.5 միլիարդ դոլար եւ պետք է ավարտվի 2017– 2018 թվականներին։ Այդ գումարները ամբողջությամբ վարկային միջոցներ են եւ տարիներ անց դրանք պետք է վերադարձվեն տոկոսներով հանդերձ։ Ինքը՝ մայրուղին, ուղղակի շահույթ չբերող կառույց է լինելու։ Այսինքն, հաջորդ սերունդները չեն կարող այդ վարկը փակել մայրուղու շահագործումից ուղղակի ստացվող եկամուտներից։ Ըստ այդ ծրագրի «գաղափարախոսության», մայրուղին պետք է ապահովվի ոչ ուղղակի եկամուտներ։ Այսինքն, կլինի արագընթաց, բարձրորակ ճանապարհ, որը, որպես ենթակառուցվածք, կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, եւ դրա շնորհիվ կփակվի վարկը։ Թե որքան կլինի այդ մայրուղու տնտեսական ոչ ուղղակի էֆեկտը, որեւէ կերպ չի հաշվարկվել։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031