Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատը քննարկեց Սահմանադրության ձևավորման «ժողովրդական գործառույթը»

Հունիս 11,2014 17:47

Այսօր «Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատի նախաձեռնությամբ հրավիրվեց կլոր սեղան և մասնակից մտավորականները, քաղաքական գործիչներն ու սահմանադրական իրավունքի մասնագետները քննարկեցին «հայկական Սահմանադրության ձևավորման ժողովրդական գործառույթը»:

«Հանուն հայրենիքի» շարժման երիտասարդական ճակատի համակարգող Դավիթ Մուսինյանը տեղեկացրեց, որ հրավիրվածները ժամանակին ևս առաջ են քաշել այս թեման ու փորձել ընթացք տալ.«Ցանկալի է, որ իրադրությանը նայենք ամբողջովին և համակողմանի: Ի՞նչ է այսօր մեզ մոտ կատարվում. հիասթափված հանրություն, չկողմնորոշված ընդդիմություն, ուժասպառ իշխանություն, արդյունքում՝ հիվանդ իրականություն: Ո՞վ է որոշելու ելքը: Ելք գտնելու համար պետք է գիտակցել, որ բոլոր նախկին ելքերը լուծում չեն հանդիսացել: Այսինքն՝ պետք է ազատվել նախկին գործառույթներից. դրանք անիմաստ են: Պետք է գտնել նոր լուծում՝ նոր ապրելակերպով ու շնչով: Ժամանակի ընթացքը ցույց է տալիս, որ հեղափոխությունը ոչ մի օգուտ չի տալիս: Մեր ՝ երիտասարդական ճակատն առաջարկում է` ոչ թե ռևոլյուցիա, այլ էվոլյուցիա: Մենք ցանկանում ենք զարգացման ճանապարհով գտնել ելքը»:

Աշոտ Մանուչարյանը մոտ մեկ տարի առաջ սահմանադրական գործառույթների վերաբերյալ զեկույցով էր հանդես եկել, այսօր կիսվեց մտահոգություններով. «Մարդն ապրում է ընթացիկ կյանքով ու ապագային մակերեսային նայում: Սահմանադրական գործառույթն այն գործառույթն է, որը մարդուն ստիպում է նայել դեպի հեռուն, նայել կյանքին ամբողջական ու խորը: Այսպիսի հազվագյուտ հնարավորությունը մենք արդեն քսան տարի վերածել ենք անհեթեթության:

Մենք հաճախ ենք օգտվում արտասահմանյան փորձից ու փորձում կրկնօրինակել այլ երկրներից: Բայց Սահմանադրությունը մեր ուրույն պատասխանը պիտի լինի՝ հասկանալու համար, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը, մարդը, ինչ կյանքով ենք ուզում ապրել ու ինչ հասարակություն կառուցել: Այն պետք է բխի մեր մշակույթից ու պատկերացումներից: Վերցնենք լավագույն երկրները. օրինակ Շվեյցարիայում գործող սահմանադրական գործառույթները չեն աշխատում Հայաստանում: Նման է նրան, որ Անտարկտիդայում փորձենք հայկական ծիրան աճեցնել: Անտարկիդայում չի աճի ծիրանը ճիշտ այնպես, ինչպես որ մեզ մոտ չի «աճի» արտերկրյա սահմանադրությունը: Գործառույթը պետք է տանել երկու կողմով. խորքային դիտարկել բոլոր հարցերն ու կոնկրետ բնագավառներում հրավիրել մասնագետների՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, ինչու մեր Սահմանադրությունը չի արգելում այն խայտառակ երևույթները, որոնք տեղի են ունենում ամեն օր, ինչու է իշխում օլիգարխիան, թալանվում ընդերքը, ինչու ենք մենք թունավորվում, ու ինչու ոչ մի մեխանիզմ չի գործում: Ներկայիս դրությամբ Սահմանադրությունն օգնում է օլիգարխներին ներքին կարգով իրենց խնդիրները լուծել: Ինչու՞ է այդպես: Ոչ մի սահմանադրական գործառույթ Հայաստանում չի կատարվել»:

Սյունե ՍԵՎԱԴԱ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30