Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը

Հունիս 17,2014 10:15

Այսօր վաղ առավոտյան երկարատև ծանր հիվանդությունից հետո վախճանվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գևորգյանը:

Սամվել Վոլոդյայի Գևորգյանը ծնվել է 1948 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Թալինի շրջանի Զառնջա գյուղում:

1965թ. ավարտել է Էջմիածին քաղաքի թիվ մեկ դպրոցը արծաթյա մեդալով և նույն տարում ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ:
1970թ. ավարտելով համալսարանը աշխատել է Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում որպես ուսուցիչ:

1973-1988 թթ. աշխատել է Հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեում, եղել է «Լրաբեր» լրատվական ծրագրի բաժնի վարիչ, Հայաստանի երկրորդ հեռուստաալիքի գլխավոր խմբագիր:

1965թ. ակտիվ քաղաքականության մեջ է եղել, մասնակցել է Հայաստանի անկախության համար մղվող պայքարին, էկոլոգիական շարժմանը:

1988թ. Ազատության հրապարակում ընտրվել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ: 1988թ. դեկտեմբերին ձերբակալվել է և տեղափոխվել Մոսկվայի «Մատրոսսկայա տիշինա» բանտը:

1989թ. ազատվելով բանտից շարունակել է քաղաքական գործունեությունը որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հիմնադրել է Խորհրդային Միությունում առաջին պաշտոնական ընդդիմադիր «Հայք» շաբաթաթերթը, եղել է նրա գլխավոր խմբագիրը:

1990թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. դեկտեմբերին նշանակվել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի պետական կոմիտեի նախագահ:

1993թ-ին նշանակվել է ՀՀ Նախագահի ավագ խորհրդական՝ ներքին քաղաքականության գծով:

1995թ. ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր, ապա և ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Սամվել Գևորգյանը վարել է ակտիվ հասարակա-քաղաքական գործունեություն, քաղաքականության մեջ կարևորելով բարոյականությունը, սկզբունքայնությունը, անկաշառությունը և ազնվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ցավակցում ենք: 1991թ., երբ Սամվել Գևորգյանը Ռադիոյի և Հեռուստատեսության տնօրենն էր, մենք էլ Գառնիի տաճարում կազմակերպել էինք Միհր աստծո ազգագրական տոնակատարությունը, դրա վճարովի տեսագրությունը եթեր չհեռարձակվեց: Մենք ոչ հաճելի խոսակցութուն ունեցանք հանգուցյալի հետ: Իսկ 2000 թ., երբ «ԾՆՆԴՈՑ-ԱՅԱ» մենագրությունը հրատարակման ընթացքում էր և դրան աշխատակցում էր նրա շատ կիրթ և համակրելի տիկինը, այդ առիթով հեռաձայնեցինք բնակարան: Հեռախոսափողում ներկայացավ Սամվել Գևորգյանը շատ բարեկամաբար հարցնելով «Ինչպե՞ս են ձեր գործերը»…
    Կրկնակի ցավալի է, որ ժամանակին շատ-շատերս միմյանց չհասկացանք և ընկանք այս ողբերգական և անելանելի օրը: Հազա՜ր ափսոս…

  2. Mayis says:

    Թալինի սեփականաշնորհված ու գործող Արտենի գինու գործարանի գինու դյուրալիումինի տակառները թե ինչպես էին զոդման միջոցով կտրտվել իննսունականներին Իրանում վաճառելու համար….ու գործարանի տարածքը հիշելիս այն ժամանակ հաստատ կարտասանեիր ՜՜այստեղով թուրքն է անցել՜՜….մեռածի մասին կամ լավ կամ ոչինչ…ոչ ոք չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվել…

  3. Տիգրան says:

    Հերթով այսպես անց ենք կենում էս անցավոր աշխարհից….. Գնում ենք ու թողնում բազում խնդիրներ, որոնք կարող էին եւ չլինել, եթե գիտակցենք, որ գնալու ենք ու ոչինչ չենք տանելու հետներս….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30