Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞ւր է հայոց հետախուզությունը

Հունիս 25,2014 14:15

Երեւանում հայտարարասյան մոտ տեսա իր անունը հերթական ելույթի ազդագրում որոնող նախկին գործընկերոջս: Ջերմ հանդիպում. Գրիշան ինձ է ձգում իր վարձած տուն, ես՝ նրան: Իմ վարձած 7-րդ հարկի թագավորական տան համեմատ ընկերոջս տունը չափազանց խղճուկ էր՝ ներքնահարկ, մութ ու խոնավ, յուրօրինակ անհրապույր հոտով, բայց կարեւորը՝ մենք հանգրվանել էինք Հանրապետության հրապարակի աջ եւ ձախ կողմերում եւ հպարտ էինք կենտրոնում մեր բնակությամբ: Գրիշան ցուցամոլ է. գիտակցեց՝ իր մռայլ սենյակում ինձ գրավիչ ոչինչ չկա, տարավ ցուցադրելու իրենց մեկհարկանիի կենվորներին ու տանտիրուհուն: Տիկին Սուսանը, թեեւ տարիքին՝ հրապույրների փունջ էր: Գրիշան գովերգեց. «Այնքան բարի է, որ ինձ միշտ իր եփած համեղ տոլմայից բաժին է հանում»: Հետո տարավ միջանցք, ուր բացվում էին մյուս սենյակների մուտքերը, ի դեպ, բոլոր սենյակները ընկերոջս սենյակից շատ ավելի լավն էին եւ անհարկի ինձ ներկայացրեց բոլոր վարձկաններին: Կենտրոնի ամենալուսավոր ու շքեղ սենյակի մուտքի աթոռին նստած էր բավականին անախորժ, պարարտ մեկը, ումից ցնցված՝ հետագայում ես ոչ միայն անդադար պիտի հետաքրքրվեի, այլեւ իմ կասկածներում համոզվելու հույսով էլի պիտի գայի այս կացարաններ: Աշխատանքային օրվա թեեւ թեժ ժամն էր, բայց բոլոր կենվորները տանն էին եւ բոլորի առջեւ Գրիշան ձեռքը պարզեց դեպի անհրապույր անծանոթը եւ ոգեւորված ներկայացրեց.
– Սա էլ մեր թուրք եղբայրը:
Ընկերոջս ապսպրեցի մարդուն չներկայացնել կեղծանունով: Գրիշան խնդաց միամտությանս վրա՝ թե ինքը կեղծ անուն չի տալիս, այլ մարդը իսկապես թուրք է: Հարցրի՝ ադրբեջանցի՞, Գրիշան զարմացավ.
– Ինչո՞ւ ադրբեջանցի, թուրք է՝ Թուրքիայից:
– Հայերեն գիտի՞:
– Չգիտի, բայց ամեն ինչ հասկանում է,- պարծեցավ ինձ հյուրընկալածը:
Թուրքը անախորժ նայում էր իրենից մանրամասն հետաքրքրվողիս, ուստի ես շտապով դուրս եկա փողոց: Գրիշային այստեղ հարցախեղդեցի. դա ի՞նչ գործ ունի մեր երկրում, Սուսանը ինչի՞ է տեղ տվել դրան, ի՞նչ նկատառումներով է մեր ախ ու վախի օրերում, երբ մենք մեր երկրում գործ չունենք՝ դա եկել մեզ մոտ, ի՞նչ դավ է նյութելու մեր ժողովրդի ու երկրի թիկունքում…
Դիմացինս զուրկ է խորաթափանցությունից, տրված բեմի մակերեսայնությանը, հակիրճ եզրափակեց. «Գործարար է, եկել է Հայաստանում բիզնես զարգացնի, մեզ սիրելով՝ մեր կողքին ապրի»: Խորը վիրավորվեցի տածվող հարգանքից դեպ թշնամին, հատկապես, որ պարզ չէր ինչն է թուրքի բիզնեսը: Օրեր անց Գրիշան իմ տանն էր: Զգացի չի ուզում խոսել թուրքի թեմայով, բայց անկեղծ, այլ նպատակ չունեի այլեւս բարբաջել փուչ ելույթներից, երբ վտանգը մտել է երկրիս սիրտը ու կրծում է մեր բույնը: Գրիշան անթաքույց ասաց, թե փոշմանել է իր հարեւանին ինձ ներկայացնելուց, բայցեւ նոր թափով շեշտեց՝ բարին, ազնիվը, խելացին, թասիբի կանգնողը… Մտածեցի. գուցե թուրքը հալածվե՞լ է իր երկրում ու փրկություն է գտել մեզ մոտ: Փակեցի թեման, իսկ կասկածներումս համոզվելու հույսով հենց հաջորդ օրը, երբ Գրիշան աշխատանքի էր, գնացի Սուսանի մոտ: Թուրքը տանն էր: Նա պաղ, խորը հայացքով նայեց ինձ ու շրխկացրեց իր սենյակի դուռը: Պարզից պարզ էր. նա հատուկ իր Կարմիր մահիկին ծառայության լծված հմուտ, զգոն եւ զգույշ գործակալն է: Գրիշայի սիրտը մի երկու գռոշով շահած, իր երկիրը տեսցնելու խոստումներով գրաված, իրեն «սրբի» տեղ դրածը՝ մեր հայրենիքի գոյությունը չհանդուրժող Թուրքիայի լրտեսն է: Էլ հապաղել չկար, մտա Սուսանի սենյակ: Սա կարծելով՝ նոր կենվոր ձեռք գցեց, հույսով ժպտաց ինձ:
– Տիկին Սուսան, ինչո՞ւ եք տեղ տվել այդ թուրք շանը: Մի՞թե ուրիշ ցանկացող չկար:
Սուսանը լրջացավ: Մտածելով պատասխանը, ձեռագործը դանդաղ դրեց ու նշեց այն, ինչ ընկերս փորձում էր համոզել: Չհամոզվեցի: Խնդրեցի թուրքին անհապաղ վռնդի տնից:
– Ես վռնդեմ՝ մեկ ուրիշը կվերցնի, թուրքը շռայլ վճարել գիտի, թոռներիս եմ ուղակում գումարը, օգնում,- ագահությունը քողարկելով՝ սովոր մահանան արտաբերեց տանտիրուհին: Հայրենասիրական զեղումներս, թե մեր օջախ մտած սողուն-շպիոնին պիտի ոչ միայն արտաքսել, այլ օրենքին հանձնել՝ ծիծաղեցրեց տիկնոջը: – Ինչ է մեր երկրի թույլտվությա՞մբ չի սահմանն անցել ու իր գործով զբաղվում…
Իրոք. ախր ես հաշվի չէի առել սա ու թեւաթափված, մտածելով մեր խառնակ անորոշ դրության վրա, հեռացա Սուսանի անիծյալ ապաստարանից: Արդեն Գրիշան էր գալիս ինձ մոտ ու իմ նույն հարցին՝ նույնը պնդում, թե զուր եմ ես այդքան տանջվում: Թուրքի հետ հարաբերվող մեր համերկրացիները հաշտ ու խաղաղ են հանդուրժում նրան մեր կյանքում… ԱՍՏՎԱԾ չհանդուրժեց: Ավերեց Սուսանի տունը: Գրիշան տխուր էր. Հյուսիսայինը կառուցողները շտապով քանդում էին ամենը: Սուսանը լքեց որջը, փակ շուկայի դեմի շենքում 4 սենյականոց առավ, մեկում ինքը ծվարեց, մյուսները կրկին տվեց վարձով: Ես չհասցրի իմանալ՝ թուրքը հանգրվանե՞ց Սուսանի նոր տանը, երբ առավել ցնցող նորությունը գրեթե կաթվածահար արեց ինձ:
Ելույթներ էի ունենում Բաքվից փախստական երգչուհու համերգներում: Նա մի օր ապշած պատմեց.
– 2 օր առաջ հրապարակում տեսա բաքվեցի հարեւանիս՝ Ալիին: Ինձ թվաց՝ ես կրկին Բաքվում եմ: Նա փախավ: Համոզվելու համար ստիպվեցա վազել ինձնից ճողոպրողի հետեւից: Հ. Պարոնյանի անվան թատրոնի դեմը հասա: Հարեւան Ալին շփոթմունքից թլվատ, շողոքորթելով՝ ցածրաձայն բարբաջեց. «Կարինա բաշխի, մարդու բան չասես ինձ հայտնաբերելու համար: Ահա, ինչքան փող սիրտդ ուզի՝ վերցրու, բալամ, միայն ինձ չբացահայտես»: Ազերու շարունակ զգուշացումներից ձանձրացած երգչուհին հետաքրքրվում է. ինչու եւ ոնց է սա հայտնվել Հայաստանում: Անկոչ եկվորը «խոստովանել» է. «Շա՜տ էի կարոտել Մասիսին: Գնացի Իրան եւ այնտեղից անցա ձեր սահմանը… Ախր շա՜տ էի կարոտել Մասիսը»:

ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hay Mard says:

    Էտ ռսի շպիոնները բացեիբաց կֆռֆռան մեր երկրում, թուրքինը չէ? Արթուր Բաղդասարյանին մոռացաք? մարդանմանը օտարերկրյա գործակալ էր (բրիտանացիների ու թուրքերի հետ էր սիլիբիլի անում) , միևնույն ժամանակ զբաղեցնում ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի (նախագահի) պաշտոնը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30