Մշակութային քաղաքականության հիմնախնդիրները քննարկելու համար այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր կազմակերպել:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ասաց, որ մի քանի առաջարկներ ունեն: Օրինակ, առաջարկում են կոչում ունեցող գործիչներին տրամադրել ամբողջական ապահովագրություն, կարգավորել արվեստանոցների նպատակային օգտագործման եւ իրավահաջորդության հարցը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Նկարիչների միությանը պատկանող արվեստանոցների օգտագործմանը:
Թանգարանների եւ հուշարձանների պահպանության ոլորտում առաջարկվում է ստեղծել միասնական տեղեկատվական շտեմարան, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր թանգարանները: Այս դեպքում առաջարկվում է ընդունել գույքագրման միջազգային ստանդարտներ: Արտակ Դավթյանը նշեց, որ կարեւոր առաջարկ է նաեւ շարժական թանգարանների կիրառումն ընդլայնելը:
Կարդացեք նաև
Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն ասաց, որ ՀՀ-ում գործում է 77 թանգարան: Վերջին տարիներին ավելացել են, դարձել են 1178, որից 23-ը՝ մշակույթի նախարարության ներքո է գործում: Այս տարի ավարտել են Սարյանի տուն-թանգարանի վերանորոգման աշխատանքները: Ավարտվել է Կոմիտասի նորաստեղծ տուն-թանգարանի կառուցման աշխատանքները, Սեւակի տուն-թանգարանի վերակառուցման ծրագիրը:
Փոխնախարարն ասաց, որ իրենց համար կարեւոր է մեր մշակութային ժառանգության պահպանումը: Նա պատմեց, թե 2014-ին ինչ հաջողությունների են հասել՝ մշակույթի ոլորտում. «Միջազգային հարթակներում մեր մշակույթի հանրահռչակումն է շատ կարեւոր: Վերջին 3-4 տարիների ընթացքում ոչ նյութական ժառանգության մշակույթի ոլորտն օրենսդրորեն լիարժեք կարգավորել ենք եւ կարող ենք ոչ նյութական մեր մշակութային ժառանգությունը ներկայացնել: Ներկայացնում ենք դուդուկը, խաչքարագործությունը, «Սասունցի Դավիթ» էպոսը: Հայաստանում միջազգային բնույթի միջոցառումները լինելու են մեր թիրախը, փորձելու ենք միջազգային հյուրերի ներգրավել եւ հանրահռչակել ցեղասպանության մեր ցավը, մեր ողբերգությունը»:
Արթուր Պողոսյանը նաեւ նշեց, որ 2014-ին,որպես գերակայություն, եղել է նաեւ երգչախմբային արվեստը. «Այնպիսի ցուցանիշներ կան, որ ՀՀ-ում մենք արդեն ունենք մոտ 30 պրոֆեսիոնալ երգչախումբ՝ չհաշված ոչ պրոֆեսիոնալ երգչախմբերը: 2014-ի 9 ամիսների ընթացքում կատարվել են հուշարձանների նորոգման, ամրացման աշխատանքներ: Շիրակի մարզում իրականացվել են որմնանկարների հաշվառման, վերականգնման աշխատանքներ: 18 լուրջ աշխատանքներից 10-ն արդեն վերականգնել ենք: Սա շատ լուրջ աշխատանք է, որ իտալացիների հետ ենք անում»
Փոխնախարարը նշեց, որ նախարարությունը ընդամենը ուղղվածությունն է թելադրում. «Օրինակ, գրքերի մասով թելադրվում է ուղղությունը, ներկայացնում են գրքերը: Սցենարների գրման մասով էլ մենք ունենք լծակներ՝ քաղաքականություն իրականացնելիս: Կառավարման մասով լինում են տարակարծություններ, մասնավորապես, որ տնօրենի եւ գեղարվեստական ղեկավարի իրավասությունները կարգավորված չեն: Մեր շատ թատրոններում մենք այդպիսի խնդրի հետ չենք առնչվում՝ ստեղծագործական ազատությունների մասով: Բայց տնօրեն-գեղարվեստական ղեկավարի հարաբերութունները հիմքն են ստեղծագործական որակի ապահովման համար»
Փոխնախարարը տեղեկացրեց, որ այս տարի հաստատել են ստեղծագործական անձնակազմերի ատեստավորման կարգը: Տրվել են կարգեր ստեղծագործական կազմին՝ առաջին կարգի դերասան, բեմի վարպետ եւ այլն. «Հիմա պաշտոնների անձնագրերի խնդիր կա, որտեղ սահմանվում են յուրաքանչյուր աշխատողի պարտականությունները, իրավասությունները, կրթական ցենզը եւ այլն»:
Մշակույթի ոլորտում, որպես խնդիր, պարոն Պողոսյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունները, ստեղծագործական խմբերը ավելի ճկուն են, քան պետականները՝ պետական պատվերն իրականացնելու առումով: Պետական միջոցառումների բյուջեի 55 տոկոսը Հ/Կ-ներն են իրացնում՝ իրականացնելով միջոցառումներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































