Լրահոս
Օրվա լրահոսը

 Նախագահն ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահին

Դեկտեմբեր 19,2014 15:42

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ-ի Բյուրոյի անդամ Ռիշարդ Չարնեցկուն:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Նախագահի համոզմամբ, լավ հնարավորություն են Եվրոպական համայնքի Հայաստանի բարեկամների հետ քննարկելու Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Հանրապետության Նախագահը և ազգությամբ լեհ Ռիշարդ Չարնեցկին ջերմությամբ են հիշել նախկինում տեղի ունեցած իրենց հանդիպումները և Հայաստանի ու Լեհաստանի Նախագահների փոխայցելությունները, գոհունակությամբ փաստելով, որ հայ-լեհական միջպետական հարաբերությունները վերընթաց զարգանում են: Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ի դեմս Լեհաստանի՝ միջազգային ասպարեզում Հայաստանն ունի վստահելի գործընկեր, որի հետ բարեկամական հարաբերությունները հիմնված են պատմական առնչությունների և տարբեր հարցերի նկատմամբ ընդհանուր մոտեցումների վրա: Ռիշարդ Չարնեցկին նշել է, որ իր երկիրը շատ լավ է պատկերացնում և հատուկ ըմբռնում ունի այն աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, որում գտնվում է Հայաստանը:

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՄ-ի հետ միջխորհրդարանական համագործակցությունը, որը տեղի է ունենում ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության կոմիտեի, ինչպես նաև Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` ԵՎՐԱՆԵՍԹ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը և Ռիշարդ Չարնեցկին քննարկել են այդ փոխգործակցությունն արդյունավետորեն զարգացնելու հնարավորությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանը Չարնեցկուն ներկայացրել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների և Հայաստանի ջանքերն ու առկա խնդիրները: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյակի ոգեկոչման խորհրդին՝ մեծապես կարևորելով այդ ոճրագործության ճանաչման, դատապարտման, այդպիսով՝ հետագայում այլ ցեղասպանությունների կանխարգելման գործում խորհրդարանականների դերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031