Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախը հոգալու է հացահատիկի գները միջինը պահպանելու համար

Մայիս 14,2015 12:09

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների հետ՝ նվիրված գյուղատնտեսության ոլորտում իրականացվող աշխատանքներին: Հատուկ ուշադրություն է դարձվել հակահրդեհային միջոցառումների իրականացմանը:

Մայիսի 13-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղում հարավային թևի համայնքների ղեկավարների մասնակցությամբ կայացավ շրջխորհրդի նիստ՝ նվիրված ցանքատարածքները հրդեհներից պաշտպանելու խնդիրներին և բերքահավաքը ժամանակին ու անկորուստ իրականացնելուն:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն խաչատրյանը, բացելով խորհրդակցությունը, նշեց, որ մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարի հացահատիկի ցանքատարածքների հարևանությամբ մեծ քանակությամբ փուշ ու տատասկ է աճել, որն էլ չորանալով դառնում է հրդեհավտանգ:

DSCN4499

Տեղեկացրեց, որ արդեն գործում է շտաբ, շուտով կգործեն 3 հակահրդեհային հենակետ՝ վարչակազմի ղեկավարներ Արտուշ Մխիթարյանի (Թովմասարի սարահարթ. այս մասում հնարավոր է գործի նաև երկրորդը), Արտավազդ Ալեքսանյանի (Կովսականի տարածք) և Հակոբ Սայամյանի (Որոտան սարահարթ) պատասխանատվությամբ:

Տեղեկացրեց նաև՝ պայմանավորվածություն կա տարածքում գործող զորամասերի հրամանատարության հետ, որ բերքահավաքի օրերին նրանց կողմից իրականացվի օժանդակություն: Զինվորականները հենակետերին կտրամադրեն վրաններ, մահճակալներ, հարկ եղած դեպքում նաև՝ անձնակազմ:

Աշխատանքներին անդրադարձավ նաև շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը: Հորդորեց համայնքների ղեկավարներին հակահրդեհային աշխատանքները սկսել ժամանակին, համայնքներում կազմել կամավորական ջոկատներ, որ հարկ եղած դեպքում հասնեն օգնության: Կարևորեց այն, որ այսօրվանից մտածեն կոմբայնների ձեռքբերման համար՝ նշելով, որ ամենալավ հակահրդեհային աշխատանքը բերքահավաքը ժամանակին ավարտելն է:

Գարնանացանի տվյալները ներկայացրեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտավազդ Ալեքսանյանը՝ տեղեկացնելով, որ բացի հացահատիկային մշակաբույսերից, կատարվել է նաև բանջարաբոստանային բույսերի ցանքս:

Շրջանի հրշեջ ծառայության պետ Անդրանիկ Մարտիրոսյանն անդրադարձավ 2014թ. շրջանում տեղի ունեցած հրդեհներին՝ ասելով, որ գրանցվել է 13 դեպք, որի արդյունքում այրվել է 1 սենյականոց բնակելի տուն Կովսականում, օժանդակ շինություն Այգեհովիտ գյուղում, ընդհանուր 302հա տարածք: Ա. Մարտիրոսյանը հորդորեց համայնքների ղեկավարներին՝ աշխատանքներ տանել բնակչության հետ՝ պահպանելու հակահրդեհային կանոնները՝ տեղեկացնելով, որ եղած հրդեհների մեծ մասը բնակիչների անփութության պատճառով է:

DSCN4461

2015թ. հացահատիկի բերքահավաքն անկորուստ կազմակերպելու համար կարևորեց, որ հենակետերում գործեն ջրատար մեքենա, գութանով տրակտոր, հրշեջ կազմավորումներ, բերվի խմելու ջուր: Ավելացրեց նաև՝ անհրաժեշտության դեպքում կստեղծվեն ևս 2 հենակետ՝ Գորիսի հրշեջ մասի ուժերով:

Իշխանաձորում գործող «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲԸ-ի Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն Սուրեն Աբունցը տեղեկացրեց, որ իրենց տրամադրության տակ կա 8 կոմբայն, որը բերքահավաքի օրերին անբավարար է լինելու:

Նշված հարցերի շուրջ եղան քննարկումներ: Անդրադառնալով հացահատիկի գներին՝ Ս. Խաչատրյանը տեղեկացրեց, որ պետությունը հոգալու է հացահատիկի գները միջինում պահպանելու համար՝ կարևորելով բերքահավաքը ժամանակին և անկորուստ իրականացնելը:

Խորհրդակցությանը ներկա էին նաև Քաշաթաղի ՇՈԲ պետ Վրույր Խաչատրյանը և տարածքում գործող զորամասի ներկայացուցիչ Լեռնիկ Կնյազյանը:

Շրջխորհրդի նիստից հետո համայնքների ղեկավարները տարածքների հակահրդեհային հենակետերի պատասխանատուների հետ ճշտեցին հետագա անելիքները:

Օրվա ընթացքում շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հետ բարձրացանք Թովմասար, շրջեցինք սարահարթում, որտեղ հացահատիկի արտերում ցորենն ու գարին արդեն քիստեր են արձակել, և մոտ 1 ամսից կսկսվի բերքահավաքը: Առատ է նաև հրդեհի վտանգ ներկայացնող փուշը; Մնում է՝ մայր բնությունը վնաս չհասցնի հողագործներին, իսկ մարդիկ լինեն զգույշ ու պահպանեն հակահրդեհային կանոնները:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031