Լրահոս
Օրվա լրահոսը

Լույսի բեկորներ… Ռուբեն Ֆիլյան

Մայիս 21,2015 11:30

Ռուբենը ընթացավ հոգեւոր իմացության ճանապարհով…Նա գնաց, բայց թողեց մեզ իր գրականությունը որպես կտակ, պատգամ, ընթերցելու եւ վերընթերցելու համար…Կյանքի ամենից պարզ ու ամենից բարդ ճշմարտությունները, խտացված մեկ վեպի մեջ, մի քիչ սյուրռեալիստական, մի քիչ աբսուրդային, լի այլաբանությամբ ու ակնարկներով: Կենցաղից դեպի կեցություն…մարդկային գոյության չբացահայտված առեղծվածներով: Արամբոլ… քաղցր լճակ, լուսավոր ու բարի, այնքան ջերմ ու տաքուկ…Լճակ, որը ցերեկվա ժամերին անմիջապես լուսավորվում ու ջերմանում է արեւից: Եվ հատկապես այդ ժամերին այնքան հաճելի է լողալ այստեղ: Կարծես դրախտն այստեղ է: Ռուբենը փնտրեց ու վերագտավ իր ներքին դրախտը, Աստծուն իր մեջ հենց այստեղ՝ Գոայում, Արամբոլում:

Ruben_Filyan

ԽՍՀՄ-ը կառուցում էր կոմունիզմ, լուսավոր ապագա, սակայն մարդկության լուսավոր ապագան եկավ-հասավ Գոա…Տեսնելով այս վայրերը, հասկանում ես, թե որքան նման են դրանք Ռուբենի նախնիների բնակավայրերին, որոնք նույնպես ծովի ափին էին, մեր ազգի կորուսյալ հողերը: Ռուբենն իր փնտրած երանությունը՝ նիրվանան, հենց այստեղ գտավ…Հենց այստեղ ահա, այս լճակի մյուս կողմում, որտեղ անանցանելի անտառներն են, եւ դրանց մեջ, հենց լճի ափին Ռուբենի խրճիթն է, փոքրիկ ու գողտրիկ: Եվ երբ նա առավոտյան զարթնում էր, օրհնում Հնդկաստանի սուրբ հողի բոլոր աստվածներին, ապա դուրս էր գալիս տնից, նրա առջեւ բացվում էր դրախտային մի համայնապատկեր՝ ծով ու արեւ, անամպ, ջինջ երկինք ու սաղարթախիտ կանաչ բնություն…Եվ մի ծառ, որն այնքան ներդաշնակ է ապրում տեղանքի հետ, այնքան հարմոնիկ, որ նույնիսկ դրա մասին իմանալու կարիք այլեւս չկա:

7-5 7-2

Արամբոլ լճակում լողալուց հետո բարձրանում ենք իսկական ջունգլի, անտառ, որի խորքերում Մեծ Բանյանն է, տեղանքի Սրբազան ծառը, որի տակ նստում է տեղի ամենաուժեղ էներգետիկական դաշտ ունեցող հոգեւոր ուսուցիչը՝ գուրու Բաբան: Նրանք այստեղ, այս ծառի տակ, որի տակ, ըստ լեգենդի, ամենակալ Շիվան պայծառացում է ստացել: Բոլորն այստեղ հավաքվում են, զրուցում, ծխում ու նվագում…իմացության, լուսավորության եւ պայծառացման ուղին բռնելով: Գնում-գալիս ու հեռանում են նրանք: Պարզվում է, որ այստեղ Ռուբենին հիշում են…Բաբան պատմում է, որ երբ Ռուբենը իջնում էր լողափ, ամենը լուսավորվում էր նրա ժպիտից: Իսկ երբ նա մայրամուտից հետո հեռանում էր իր փչակը՝ Ծագող արեւի տունը, ամենը մթնում ու դատարկվում էր: Ասում են՝ դեռեւս կան նրա աշակերտները, ազգությամբ ֆրանսիացի, որոնք Ռուբենի հեռանալուց հետո մեկնել են հեռավոր Հիմալայներ, սրբազան Ռիշիքեշ եւ Հարդվար քաղաքները, դեպի Նեպալի հետ սահմանը:

ՄԱՐԻԱ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Հնդկաստան, Գոա նահանգ, Արամբոլ

«Առավոտ» օրաթերթ
20.05.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031