Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլային մեկնաբանները՝ Վարուժան Սուքիասյանի նշանակման մասին

Դեկտեմբեր 11,2015 20:12

Երեկ ՀՖՖ գործկոմում միաձայն որոշում է կայացվել Վարուժան Սուքիասյանին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Վարուժան Սուքիասյանը մարզչական գործունեությունն սկսել է 1988 թվականից: Նա մարզել է Կոտայք, Լոռի, Բանանց, Վան, Ցեմենտ, Արաքս, Սպարտակ, ՀՄՄ (Լիբանան), Արարատ, Իմպուլս թիմերը, երկու անգամ եղել է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, 2000/2001 թվականներին գլխավորել է ազգային հավաքականը:

Aravot.am-ը ֆուտբոլային մեկնաբաններից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիքի են այս նշանակման մասին:

slava

Սլավա Սարգսյան: «Վարուժան Սուքիասյանը մեր այսօրվա մասնագետներից ամենափորձառուն է եւ տարիների ընթացքում թե ակումբներում, թե հավաքականում աշխատելու փորձ է ձեռք բերել: Փորձը ցույց է տվել, որ տեղացի մարզիչ նշանակելն ավելի արդյունավետ է մեր հավաքականի համար: Վարուժան Սուքիասյանը բազմիցս ապացուցել է, որ կարողանում է համախմբել եւ հաղթողի բնավորություն ներարկել ֆուտբոլիստների մեջ: Դա շատ կարեւոր հանգամանք է հատկապես հավաքականի համար: Գիտեք՝ հավաքականի մարզչի աշխատանքը հիմնականում սելեկցիոն աշխատանք է: Ֆուտբոլիստներ պատրաստում են ակումբները, իսկ հավաքականի մարզիչները պետք է կարողանան արդյունավետ կազմակերպել հրավիրված ֆուտբոլիստների խաղը: Իսկ Վարուժան Սուքիասյանն այդ կարողություններն ունի»:

ashot

Աշոտ Մարտիրոսյան: «Ինձ թվում է, որ այս պահին սա օպտիմալ տարբերակն է: Վերջին շրջանում անընդհատ խոսվում էր տեղացի մարզիչ նշանակելու նպատակահարմարության մասին եւ Վարուժան Սուքիասյանը ամենահարմար տարբերակն է: Նա հիմա «Արարատում» է եւ ցույց է տալիս, որ կարողանում է թիմ ստեղծել, թիմ հավաքել՝ առաջին հերթին իր խստապահանջությամբ: Նա հավաքականում աշխատելու փորձ ունի. Երկու անգամ գլխավորել է երիտասարդական հավաքականը, մեկ անգամ՝ ազգայինը: Կարծում եմ, այդ փորձը նրան կօգնի: Հիմա շատ է խոսվում, որ մեր հավաքականը բարոյալքված է: Ամեն դեպքում երկար ժամանակ ունենք: Ուղղակի պետք է ճիշտ մոտեցումներ դրսեւորվեն, առաջին հերթին ֆուտբոլիստներին հոգեբանորեն պատրաստեն: Շատ կարեւոր է, որ մինչեւ ընտրական փուլի մեկնարկը մի քանի ընկերական հանդիպում լինի: Եթե ոչ միջազգային, թեկուզ Հայաստանի ներքին ռեսուրսներով: Ասենք, ստեղծվի երկու հավաքական, կամ երիտասարդականի հետ խաղան, որպեսզի գլխավոր հավաքականն աշխատող օրգանիզմ լինի: Եթե գրեթե ամբողջ տարի չխաղան, կարծում եմ, դա հավաքականին օգուտ չի տա: Այդ խաղերը հարկավոր են, որպեսզի նորանշանակ մարզիչը հավաքականի տոնուսն զգա, այլ ոչ թե նավից միանգամից հայտնվի պարահանդեսում»:

khachik

Խաչիկ Չախոյան: «Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ամենափորձառու մարզիչներից մեկն է եւ կարողանում է թիմ սարքել: Շատ բան կախված է մարզչից: Դրանում երկու կարծիք լինել չի կարող:  Մարզիչը պետք է կարողանա իր մտքերը փոխանցել ֆուտբոլիստներին: Բայց ամեն բան միայն մարզչից չի կախված: Երկար ժամանակ հավաքականը խաղացել է ֆուտբոլիստներով, որոնք, հատկապես վերջին շրջանում լավ մարզավիճակում չեն եղել, բացի Հենրիխ Մխիթարյանից: Դրա համար ենք բազմաթիվ խնդիրներ ունեցել: Հուսով եմ, համենայն դեպս, հավատում եմ, որ Վարուժան Սուքիասյանը կկարողանա առաջընթաց ապահովել: Բայց կրկնում եմ, դա միայն նրանից կախված չի լինելու: Պետք է ֆուտբոլիստներն էլ պրակտիկա ունենան, մարզավիճակում լինեն: Բոլոր դեպքերում շատ լավ է, որ հավաքականի մարզիչը հայաստանցի է: Կարծում եմ, որ Վարուժան Սուքիասյանն իր փորձով առաջընթաց կկարողանա ապահովել: Ինչ կստացվի, կերեւա ապագայում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031