Լրահոս
Օրվա լրահոսը

Ամասիայի մանկական արվեստի դպրոցում պատրաստվում են ութերորդ «Վերածնունդ» միջազգային փառատոնին

Փետրվար 18,2016 11:02

Ապրիլին արդեն ութերորդ անգամ Գյումրիում կմեկնարկի «Վերածնունդ» միջազգային փառատոնը: Մեծ մասշտաբներ ընդգրկող եւ Հայաստանում երաժշտական թերեւս ամենամեծ միջոցառումը հերթական անգամ աշխարհի հայացքը կուղղի մշակութային Գյումրուն ու աշխարհի չորս ծեգերից ու հանրապետության բոլոր մարզերից հայրաքաղաք կշտապեն պատանի երաժիշտ-կատարողները: Փառատոնին ամենայն պատասխանատվությամբ նախապատրաստվում են նաեւ Ամասիայի մանկական արվեստի դպրոցում: Առաջին անգամ 2010-ին ու արդեն 7 տարի՝ երաժիշտ կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնը իրադարձություն է, որին պատրաստվում են ողջ տարվա ընթացքում եւ բոլորը: Տնօրեն Ջեմմա Մանուկյանը հպարտորեն ցույց է տալիս փառատոնից իր սաների ստացած դիպլոմները, շնորհակալագրերն ու պատվոգրերն ու մեզ ուղեկցում է փառատոնին պատրաստվող աշակերտների սենյակ:

Այս տարի Ամասիայի մանկական արվեստի դպրոցը միջազգային երաժշտական ստուգատեսին կներկայացնի վեց անհատ կատարող, 8-րդ «Վերածնունդ»-ի նոր՝ խորեոգրաֆիկ արվեստ անվանակարգում ուժերը կփորձի դպրոցի «Ամարաս» պարի համույթը, երգչախումբ անվանակարգում Ամասիայի ձայնը լսելի կդարձնի դպրոցի աղջիկների երգչախումբը: Ընդհանուր թվով՝ 40 մասնակից, որ դպրոցի աշակերտների թվի մոտավորապես կեսն է՝ Ամասիայից Գյումրի կգա՝ ապրելու վերածննդյան շնչով, յուրացնելու միջազգային փառատոնի միջավայրն ու անկախ գրանցած արդյունքներից հետ կվերադառնա՝ ինչ-որ նոր բան յուրացրած, բացահայտած ու վստահությամբ՝ մասնակցել նաեւ հաջորդ «Վերածնունդին»:

Ամասիայի տարածաշրջանի միակ արվեստի դպրոցում, որտեղ երաժշտական կրթություն են ստանում նաեւ հարակից գյուղերի երեխաները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ մանկավարժները հաջողության հասնելու բանաձեւը վաղուց են գտել. չանել պակաս, քան կարող են, երբեք չբավարարվել արդեն ունեցածով, պարգեւների ու կոչումների նկատմամբ էլ ունենալ պատասխանատվության բարձր գիտակցում: Հենց այս սկզբունքով էլ 2014-ին տնօրեն Ջեմմա Մանուկյանը ընդունեց ՀՀ մշակույթի նախարարության պատվոգիրն ու Գրիգոր Նարեկացի հուշամեդալը: Կառավարական պարգեւների շարքում ոչ պակաս կարեւոր տեղ դպրոցն արդեն երկու տասնամյակից էլ ավել ղեկավարող տնօրենի համար զբաղեցնում է «Վերածնունդ» միջազգային փառատոնի կազմկոմիտեի կողմից ստացած պատվոգիրը՝ «Լավագույն տնօրեն» անվանակարգում: Շիրակցուն բնորոշ հումորով ասում է՝ ամեն բան փոխադարձ է. լավագույն տնօրեն դառնում են, երբ աշակերտներն են լավը, աշակերտները լավն են, երբ տնօրենն է լավագույնը:

«Վերածնունդ» -ին աշակերտներից ոչ պակաս ոգեւորված են նաեւ ուսուցիչները. շաբաթը մի քանի անգամ Գյումրիից Ամասիա հասնող մանկավարժները ոչ մի տարբերություն չտեսնելով գյուղի ու քաղաքի երեխաների ընդունակությունների մեջ, «Վերածնունդը»-ը բարձր են գանհատում նախ եւ առաջ սեփական երկրում միջազգային փառատոնի մասնակցության հնարավորություն ունենալու իմաստով: Սաների ելույթներից ակնկալիքները մեծ են, զբաղեցրած տեղերից առավել կարեւոր՝ միջազգային փորձի փոխանակման եւ վարպետության դասերի անցկացման հնարավորություն ունենալը:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29