Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցեր Պահքի մասին-3

Մարտ 09,2016 12:30

Սկիզբը

Կարելի՞ է Պահք պահել կոնկրետ նպատակի համար (ասենք՝ երեխա ունենալու, կամ առողջության եւ նման բաներ)

Ընդհանրապես՝ այո, կարելի է եւ պետք է Պահք պահել մի բարի նպատակի համար, բայց Մեծ Պահոց շրջանն այլ նպատակ ունի: Մեծ Պահոց շրջանի նպատակը սեփական զղջումն է, որը տանում է անձի փոփոխության: Սա ձեր անձի անհատական փոփոխության ժամանակն է, որ բոլորս, որպես Աստուծո եկեղեցի, անում ենք միասին ու պատրաստվում դիմավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սբ. Հարության տոնը: Տարվա մյուս ժամանակաշրջաններում դուք կարող եք, եւ լավ է, որ պահք կամ ծոմ պահեք, մի բարի նպատակի համար: Քրիստոնեական եկեղեցին սա քաջալերում է, եւ եկեղեցու հայրերը շատ օգտակար ու քաջալերական օրինակներ ունեն այս մասին: Միշտ հիշեք մեր Տիրոջ խոսքը, թե «ձեր երկնավոր Հայրը գիտե ձեր կարիքները», ու հավատացեք այս խոսքին: Դուք այս Մեծ Պահոց շրջանն օգտագործեք ձեր անհատական ապաշխարության, մաքրման ու Քրիստոսի առաջ զղջացող խոնարհությամբ կանգնելու համար: Ու ձեր երկնավոր Հայրը, ով Սեր է ու գիտե ձեր կարիքները, առատապես լցնելու է ձեր կյանքերն իր օրհնությամբ ու լույսով:

Կախվածություններից ձերբազատվելը լրացնո՞ւմ է Պահքի խորհուրդը
Այո, կախվածություններից ձերբազատվելը Պահքի գլխավոր խորհուրդներից մեկն է: Օրինակ: Եթե այսօր, քո ժամանակի մեծամասնությունը դու անցկացնում ես հեռախոսիդ հետ կամ ինտերնետում, ուրեմն դու անտեսում ես իր իրական շփումը քո ընտանիքի կամ մտերիմների հետ: Ուրեմն, հեռախոսը, ինտերնետը կամ հեռուստացույցը խանգարում են քո իրական հոգեւոր կյանքին, քո աղոթքի կյանքին: Իսկ եթե դու աղոթես, պատվիրանները կատարես, նույնիսկ շնորհ ունենաս հրաշքներ գործելու, բայց մերձավորիդ անտեսես ու նրան չսիրես, ապա դա ոչ մի արժեք չունի, գրում է Պողոս առաքյալը: Այս մասին, խնդրում եմ, կարդացեք Պողոս առաքյալի Կորնթացիներին ուղղված առաջին նամակի 13-րդ գլուխը: Պահքի իմաստը փոխվելն է եւ հետեւաբար, այդ բոլոր կործանարար կախվածություններից ազատվելը: Պահքի ու Քրիստոնեական կյանքի նպատակը հենց այդ կախվածությունների դեմ պայքարն է: Այդ կախվածությունները ձեզ ազդում են մարմնի ու մտքի ցանկության պատճառով: Հետեւաբար մենք թուլացնում ենք այդ լծակներն ու միտքը կենտրոնացնում Հիսուս Քրիստոսի վրա: Մեր Տերն ասաց, ով մեղք է գործում, դառնում է մեղքի ստրուկը, իսկ երբ ճանաչեք ճշմարտությունը, այն ձեզ կազատի: Ու ասաց. «Ես եմ ճշմարտությունը» (Հովհ. 14:6): Ուրեմն այս Մեծ Պահոց շրջանն օգտագործենք, մեր միտքը դնենք Քրիստոսի վրա, որպեսզի ավելի լավ ու իսկապես ճանաչենք ճշմարտությունը եւ ազատվենք տարբեր տեսակի կրքերի կախվածությունից:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/ hareyanarm/

«Առավոտ» օրաթերթ
08.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031