Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակառակորդը զինամթերքի տեսանկյունից գերազանցում է մեզ, բայց մի քանի անգամ զիջում է մարդկային ռեսուրսների որակով». Գագիկ Գինոսյան

Ապրիլ 06,2016 21:00

«Սա այն դեպքն է, որ ակամայից Սարդարապատի հետ ես համեմատում: Հաղթեց հայ ժողովուրդը՝ իր ոգով և միասնականությամբ: Այն, ինչ եղավ, եղավ տղաների ոգու, գաղափարի, մարտավարական հմտությունների շնորհիվ, բայց ոչ սպառազինության: Եղավ հակառակորդի լավագույն սպառազինությամբ տգետ մասնագետների շնորհիվ: Այո, նրանք տեխնիկայի, զինամթերքի տեսանկյունից գերազանցում են մեզ, բայց մի քանի անգամ զիջում են մարդկային ռեսուրսների որակով»,­- «Արմենպրես» լրատվական գործակալությունում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան ազատամարտի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը՝ ամփոփելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով տեղի ունեցած քառօրյա մարտերի արդյունքները:

«Աննախադեպ է այն խանդավառությունը, որ կա ժողովրդի մեջ,- շարունակեց նա.- սա նման չէ Արցախյան պատերազմի ժամանակ եղած մթնոլորտին: Այն ժամանակ շատերն արտագաղթեցին: Հիմա հակառակն է. թե´ երկրի ներսում, թե´ նրա սահմաններից դուրս բազմաթիվ հայեր պատրաստակամ են մեկնել ռազմաճակատ: Հասարակության մեջ սեփական ճակատագրին տեր կանգնելու պատրաստակամություն կա: Եթե մինչև այս զարգացումները շատերը կարծում էին, որ պատերազմի դեպքում քչերը կգնան ռազմաճակատ, ապա վերջին չորս օրերը ցույց տվեցին, որ իրավիճակը բոլորովին այլ է»…

«Ամեն սերունդ պիտի գերազանցի իր նախորդին»,- Գարեգին Նժդեհի խոսքերը հիշեց Գ. Գինոսյանը և ավելացրեց. «Նոր սերունդը վաղուց գերազանցում է մեզ: Դա ոգու հրամայականն է, այլապես ազգերը կկործանվեն: Մենք կպարտվեինք, եթե նոր սերունդն ավելին չլիներ»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930