Լրահոս
Օրվա լրահոսը

«30-ականների զենքով էլ պիտի հաղթենք»

Մայիս 04,2016 17:00

Ապարանի ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը կարծում է,
որ բանակում առկա խնդիրները «ավելի վերեւների» հարցեր են

«Ես չգիտեմ՝ ինչի՞ համար են պաշտոնանկ արել, բայց անտեղի պաշտոնանկ չեն անում: Որքանո՞վ բավարար է՝ չգիտեմ. տեղեկությունները շատ սահմանափակ են»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով օրերս ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ ասաց Ապարանի ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանը: Հիշեցնենք. ապրիլի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով պաշտոնից ազատվել են պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ Զինված ուժերի կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանը, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը: «Մենք էլ ինչը որ դիրքերում ենք տեսնում, թե ի՞նչ կարելի էր անել, դրանք ավելի շատ խորքային խնդիրներ են` բոլոր ուղղություններով: Դրանք ավելի վերեւների խնդիրներ են:

Բայց, ամեն դեպքում, եթե այդ համապատասխան ծառայությունների ղեկավարներն են հեռացվել, նշանակում է՝ այդ ծառայությունների դեպքում թերացումներ են եղել»,- իր մտահոգությունը բարձրաձայնեց մեր զրուցակիցը: Հարցին` «վերեւներ» ասելով պաշտպանության նախարարի՞ն նկատի ունեք, պատասխանեց. «Նկատի ունեմ` քաղաքական իշխանությունների խնդիրն է: Եթե Հայաստանում կոռուպցիան այդ չափերի է հասել, ո՞նց կարող էր բանակի վրա իր ազդեցությունը չունենալ: Ասում ենք` ինչի՞ էս-էս զինատեսակները մեզ մոտ պակասում էին… եթե նորմալ կառավարման համակարգ լիներ, էս թալանը չլիներ, էդ միջոցներն ուղղվեին բանակին, բնական է, բանակը շատ ավելի նորմալ վիճակում կլիներ, մենք էլ էս վիճակը չէինք ունենա: Այլ հարց, որ դրանք ծառայության տարբեր ուղղություններ էին, բանակի համար շատ կարեւոր, եւ եթե կային թերացումներ, դրանք պետք է անպատիժ չմնային: Բայց ինչի՞, միայն դրա՞նք էին, ավելի բարձրի կամ ավելի ցածրի խնդիրներ չկայի՞ն, դեռ կլինե՞ն պաշտոնանկություններ, պատիժներ` չեմ կարող ասել, քանի որ տեղեկությունները սահմանափակ են: Թերություններ կան, իհարկե, բոլոր ուղղություններով ու բնագավառներում: Փառք ու պատիվ մեր հայ զինվորին եւ սպային, որ կարողացան իրենց նվիրվածությամբ էդ ահռելի հարձակման դեմն առնել, ոչ միայն մեզ պաշտպանել, այլեւ արժանապատվորեն հակահարված տալ թշնամուն: Սա է, որ մենք պիտի ասենք: Իսկ հետեւություններ կանե՞նք, ուրեմն՝ փառք ու պատիվ մեզ էլ, եթե ոչ` ներում-բեկում էլ չի լինելու»:

Իր իշխանության տարիներին նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ խոսել է «գիծը քաշելու» մասին, բայց խոսքից գործի այդպես էլ չի անցել: Ռազմիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք` քառօրյա պատերազմից հետո նախագահի հայտարարություններն ու քայլերը թույլ տալի՞ս են հավաստիանալ, որ այդ գիծն ի վերջո կքաշվի տեսանելի ապագայում: «Էնքան բացասական բաներ ենք տեսել, էնքան հիասթափություն ենք ապրել, որ մինչեւ չտեսնեմ, ես չեմ հավատա: Մանավանդ, որ բազում անգամ նման խոստումներ եղան, վերջում պարզվեց՝ դրանք իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այլ հարց, որ հիմա նոր իրավիճակ է: Անկախ ամեն ինչից` իսկապես սթափվելու ժամանակն է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս իրավիճակում, երբ առաջին նախագահը, քաղաքական ընդդիմությունը, հասարակությունը, Սփյուռքը համախմբված արձագանքեցին, միավորվեցին, գործող իշխանությունը պիտի կարողանա ազնիվ լինել, գոնե այսօր երկրում թալանը դադարեցնեն ու այդ հավաքական ուժն ուղղորդեն: Հակառակ դեպքում, մեր զրուցակցի կարծիքով, ոչնչի էլ չենք հասնի:

Այս ընթացքում շատ շահարկվեց նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայում արած այն հայտարարությունը, որ մեր բանակը կռվում է հիմնականում 1980-ականների զենքով: Դրանից հետո իշխանության տարբեր մակարդակների չինովնիկները սկսեցին բացատրել, որ 1980-ականների զենքերը բավական լավն են, մարտունակ, արդիական եւ կիրառական (ըստ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ նույնիսկ կառուցողական): Դա իսկապե՞ս այդպես է` հետաքրքրվեցինք ազատամարտիկից: «Դե, այնպես չէ, որ ասենք՝ եթե 1980-ականների զենք է, դա արդիական չի համարվում: Իհարկե, սպառազինությունում կան 80-ականների զենքեր, որոնք այսօր էլ կիրառելի են: Բայց մի բան էլ կա. բոլոր ժամանակներում էլ մենք Ադրբեջանից վատ ենք զինված եղել: Ուղղակի այստեղ կա օբյեկտիվ եւ սուբյեկտիվ իրավիճակ: Կարող էր այդպես չլինել: Մենք կարող էինք ավելի լավ զինված լինել: Ոչ պաշտոնական աղբյուրներից մեր ունեցած տեղեկություններով՝ որոշ ժամանակակից զինատեսակներ Իսրայելն այնպես չէ, որ միայն Ադրբեջանին էր առաջարկել: Մենք այդքան էլ աղքատ չէինք, որ այսօր այդպիսի զենքեր չունենայինք: Եթե, իհարկե, մարդիկ երկրի ունեցվածքը չթալանեին ու պալատներ, դղյակներ չկառուցեին իրենց համար: Կամ ամբողջ աշխարհին ուղեղով ներկայացող հայ ազգն ինչո՞ւ պիտի գոնե դրանցից պաշտպանվելու միջոցները չունենար: Մենք մեր արժեքը չկարողացանք գնահատել, մենք մեր ուղեղները չկարողացանք օգտագործել: Դա գալիս է նրանից, որ թալանեցին, ժողովրդի մոտ անվստահություն առաջացավ»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ գոնե հիմա պետք է հասկանալ եւ հետեւություն անել, քանի որ Աստված մի արասցե, թուրքի հաջողության դեպքում ոչ հարուստ, ոչ աղքատ չի փրկվելու, ու որեւէ մեկը թող հույս չունենա, որ կհասցնի երկրից փախչել:

«Բայց մենք երբեք այսքան մոտ չենք եղել վերջնական հաղթանակին: Նույնիսկ 1990-ականներին, քանի որ երբեք այսքան միասնական չենք եղել: Էն ժամանակվա ընդդիմությունը Օպերայում միտինգ էր անում, մենք կռվում էինք: Հիմա` դիմություն, ընդդիմություն, բոլորը հավաքվել են եւ դեմքով դեպի մեր սահմանները, մեր զինվորն ու ազգն են շրջվել: Գոնե կարողանանք այս հավաքական ուժով հասնել մեր վերջնական հաղթանակին: Ու էստեղ է, որ բոլորս, նաեւ լրագրողները, պիտի մեր հնարավորություններն օգտագործենք: Հարցերն էլ անգամ պիտի ոգեւորող լինեն: 1980-ականների չէ, 30-ականների զենքով էլ պիտի հաղթենք: Մենք դատապարտված ենք հաղթելու, զենքի տեսակի մասին չպիտի մտածենք»,- ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ արտասահմանից, նույնիսկ անձնական տարբեր խողովակներով զանգեր են ստանում, յուրաքանչյուրն առաջարկում է իր օգնությունն ու մասնակցությունը: Միայն մեկ բան է պետք` իշխանությունը չթալանի, ոգեւորենք նման մղումները եւ կարողանանք կոորդինացնել` ուղղորդելով վերջնական հաղթանակին:

Կամավորականների շրջանում, նաեւ բանակում քննադատության արժանացավ ՀՀ նախագահի եւ գերագույն գլխավոր հրամանատարի որոշումը` համաձայնել ՌԴ-ի միջնորդությամբ Ադրբեջանի աղերսանքին` կրակի դադարեցման մասին: Ռազմիկ Պետրոսյանը միանաշանակ պատասխան չունի այդ հարցին. «Չեմ կարող ասել` ո՞ր որոշումն ավելի ճիշտ կլիներ: Եթե մենք կարողացել ենք հանկարծակի հարձակումից հետո ուժերը վերադասավորելով առաջ անցնել հակագրոհի՝ հնարավոր է եւ կարող էինք հաջողություն ունենալ: Կարող է եւ չունենայինք: Բայց շատ կարեւոր է, որ ժամանակավոր զինադադարը կարողանանք օգտագործել հետագա հաջողությունների համար: Ես կարծում եմ, որ սա շատ կարճ է տեւելու, ու պիտի կարողանանք մեր ուժերը ի մի բերել, կազմակերպված պաշտպանություն իրականացնել եւ շատ ավելի մեծ հաջողությունների հասնել»:

 
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
03.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031