Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան էական խնդիրներ, որոնք վնասելու են տնտեսությանը». Աղվան Վարդանյանը՝ հարկային փաթեթի մասին

Հունիս 15,2016 15:10

ՀՅԴ-ն այսօր ձեռնպահ քվեարկեց Հարկային նոր օրենսգրքին՝ ասելով, որ իրենք առաջարկությունների փաթեթ են պատրաստում:

Մենք ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է ներառում այդ փաթեթը, մասնավորապես ի՞նչ են առաջարկելու:

Նա պատասխանեց, որ առայժմ աշխատանքային քննարկումներ են անցկացնում, փորձագետներ են աշխատում, եւ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կունենան ամբողջական փաթեթը:

Մեր դիտարկմանը՝ կա տեսակետ, որ սա այն «կմախքը» չէ, որի վրա հնարավոր է հավաքել այն, ինչ պետք է մեր տնտեսությանը՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մեկ բան է ԱԺ-ում ելույթ ունենալ, քննադատելը, միանշանակ գնահատականներ տալը, մեկ բան է փաստաթղթի հետ աշխատելը: Մենք ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հիմնավորված, փաստարկված աշխատանքով կարողացել ենք էապես ազդել նման նախաձեռնությունների վրա: Համոզված ենք, այս դեպքում նույնպես այդպես կլինի»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ էկոնոմիկայի ՀՅԴ-ական նախարարը տեսել է, որ այս օրենսգիրքը գործարարների համար վատ է, դրա՞ համար եք նոր առաջարկներ ներկայացնում՝ նա պատասխանեց. «Հարկային օրենսգիրքը 700 էջանոց կարեւոր փաստաթուղթ է, որտեղ կան եւ մի շարք խնդիրներ, որոնք կարող են ազդել տնտեսվարողների վրա, որոնք ունեն առաջնային նպատակ՝ ֆիսկալ խնդիրներ լուծելու, ե՛ւ կան էական խնդիրներ, որոնք վերաբերում են հարկային մարմիններին տրվող նոր լիազորություններին, որոնք կարող են կամայականորեն օգտագործվել ոչ ի շահ տնտեսվարողների: Կա նաեւ մեկ այլ խնդիր՝ ի վերջո ակնհայտ է, որ այստեղ դերակատարում ունեն նաեւ միջազգային ֆինանսական կառույցները: Ենթադրում եմ, որ այլապես օրենսգիրքը, որը պետք է ուժի մեջ մտնի 2018-ի հունվարի 1-ից, այսպես արտահերթ նիստով չէր գա: Բայց մենք ունենք նաեւ մեր այսօրվա խնդիրը, իրավիճակը: Եթե մենք խնդիր ունենք մեր արտաքին պարտքի սպասարկման հետ կապված առաջիկա տարիներին եւ այս հարցն ինչ-որ առումով առնչվում է դրան, ունենք նաեւ խնդիր մեր անընդհատ ավելացվող արտաքին պարտքի հետ: Մենք ամեն քառօրյային նոր վարկային համաձայնագիր ենք ստորագրում: Մենք տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, այդ ճնշումները վաղը կարող է ավելի խիստ լինեն, եթե մեր արտաքին պարտքը մեծանա»:

Մեր հարցին՝ այսպես կառավարությունը աչքի տեղը ունքն էլ չի՞ հանում՝ հարկատուներին այսպես սեղմելով՝ նա պատասխանեց. «Ես կողմնակից չեմ ամբողջ հարկային օրենսգիրքը մեկ գրչի հարվածով ջնջելու: Մեծ աշխատանք է կատարվել, բայց կան էական խնդիրներ, որոնք վնասելու են տնտեսությանը: Մեր առաջարկն է՝ լավ բանը թող մնա լավ, որը վատ է, կառաջարկենք փոխել»:

Խոսքը, մասնավորապես, եկամտահարկի, շրջանառության հարկի մասին է. «Մեր առաջարկությամբ ու մեր պահանջով էր, որ 58 մլն-ը դարձավ 115 մլն, հիմա վերադառնում ենք 40 մլն: Ինչ մեխանիզմներ կան, որոնք թույլ կտան արդյունավետ աշխատել, ստվերը չմեծացնել, ինչ երաշխիքներ կան աշխատավարձերի հետ կապված: Մեր լրջագույն պրոբլեմներից մեկը աշխատավարձի ստվերայնությունն է՝ սեւ աշխատավարձերը, սա ավելի չի՞ մեծանալու: Մենք խոսում ենք 120 հազարից վերեւի մասին, իսկ ո՞վ է կանխատեսել, որ 2018-ին մենք այդ 120 հազարն ունենալու ենք որպես ինչ-որ մի շեմ»:

Մեր հարցին՝ չե՞ք պատրաստվում Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եւ նրան ձեր մտահոգությունները հայտնել՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ ըստ իրենց համաձայնագրի, ցանկացած ներքին, արտաքին քաղաքականության հետ կապված հարց քննարկելու են համակարգող խորհրդում:

Հարցին՝ եթե չընդունեն ձեր առաջարկներն, ի՞նչ եք անելու՝ Աղվան Վարդանյանը վստահեցրեց. «Մեր բարձրացրած բոլոր տրամաբանական առաջարկներն իշխանություններն ընդունել են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930