Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ կլինի՞, որ Վիտալի Բալասանյանին ԼՂՀ ՊԲ նախարար նշանակեն»

Հուլիս 04,2016 16:00

Հայ գործարարի մտորումները

«Փողով ընտրելու, փողով լռելու կամ փողով խոսելու ժամանակները արդեն պետք է անցնեն: Ապրիլյան քառօրյա պատերազմը բոլորիս պետք է սթափեցնի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Սոչիում բնակվող գործարար Տիգրան Պողոսյանը:

Հայրական տունն Աբովյան քաղաքում է, տարվա ընթացքում հաճախ է գալիս, նաեւ լավատեղյակ է տեղի անցուդարձերից: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ժամկետային զինծառայող է եղել: Ծառայել է Արցախում: Ապրիլյան պատերազմի օրերին էլ եկել է Հայաստան, գրվել է կամավորական, բայց քանի որ առաջնագծում զինվորի կողքին կանգնելու ցանկություն ունեցողները շատ էին, ու հասկանալի դարձավ, որ զինվորին նաեւ նյութական օգնություն է պետք, վերադառնում է Սոչի, հանդիպում ջավախքեցի եւ երեւանցի իր գործարար ընկերների` Գագիկի, Կարենի եւ Հովիկների հետ, որոշում են իրենք էլ իրենց կարողությունների շրջանակում օգնել բանակին: Նա չի ընդունում Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների մոտեցումը, թե իրենք օգնություններ են ուղարկում, տեղական չինովնիկները թալանում են, ուստի այլեւս չեն օգնելու: Կոչ է անում օգնել ու այդ օգնությունն անձամբ, թեկուզ մի քիչ էլ ժամանակ վատնելով, ճանապարհներին հոգնելով՝ տեղ հասցնել ու նպատակին ծառայեցնել: Ինքն արդեն մի քանի անգամ տարբեր օգնություններ է բերել եւ իր հրամանատարի` գեներալ Վիտալի Բալասանյանի օգնությանն է դիմել այն զինվորներին հասցնելու համար: Իսկ բանակում չարաշահումներով զբաղված չինովնիկների նկատմամբ ներողամիտ չէ. «Բանտերում պիտի ապրեն այն գեներալները, որոնց պատճառով հարյուր զինվոր զոհվեցն: Որ գեներալը կարող է բիլիարդ խաղալ եւ չլսել, թե իրեն ինչ են զեկուցում… Հեռվից անհանգստանում ես, հայրենիքիդ հանդեպ ինչ ես զգում, տեղում մարդիկ ոնց են վարվում հայրենիքի հետ:

Հայաստանում ապրողներից շատերը միգուցե սովորական են ընկալում, բայց… Նշանակություն չունի, որ դրսում ենք ապրում. մի խնդիր` մենք Հայաստանում ենք: Ես հեռվից հիացող, հայրենիքը հեռվից սիրող չեմ: Իրենց ուժն ու կարողությունը բոլոր հայերը պետք է ներդնեն մեր բանակի եւ հանրապետության զարգացման համար, ու վերադառնանք մեր երկիր, ոչ թե տեղում մնացածները ամեն օր փախնեն կամ մտածեն փախնելու մասին: Հայաստանում, Արցախում շատ մարդիկ, զինվորականներ կան, որ շատ արժանիքներ ունեն: Ինձ համար իրենք են չափանիշը, իրենց ապրած կյանքը, իրենց կեցվածքը, ոչ թե զինվորի հացը գողացած գեներալը, զինվորի հաշվին առանձնատուն կառուցած կամ շքեղ ավտոմեքենա գնած գեներալը: Որ Ղարաբաղում էի, հարցրեցի՝ երբ կլինի՞, որ Վիտալի Բալասանյանին ԼՂՀ ՊԲ նախարար նշանակեն: Ղարաբաղում ընկերոջս հարցրեցի` Բալասանյանը որտե՞ղ է ապրում: Ասաց` 1990-ականներին որտեղ որ իմացել ես, էդ տանն էլ ապրում է: Նա է իսկական գեներալը, գեներալի կերպարը, ոչ թե Մանվել Գրիգորյանը կամ մյուսները: Բալասանյանը զինվորի հացն ուտող գեներալներից չի: Ճիշտ է, վատն այսօր շատ է, բայց պիտի աշխատենք կամաց-կամաց էդ վատից ազատվել: Ոչ թե բահերով պիտի գնանք հրապարակ ու գլուխներ ջարդենք, այլ ագիտացիայով պիտի փոխենք մարդկանց: Գլուխ ջարդելով ոչ մեկի չես օգնի ոչ մի բանով: Մարդիկ պիտի հասկանան: Իբր ազատ-անկախ երկրում ենք ապրում, բայց ոչ ազատ ենք, ոչ անկախ: Այդ գիտակցությունը պիտի տարածենք»: Ճիշտ է, ընդդիմադիր ուժերից որեւէ մեկին էլ չի վստահում, բայց հավատում է` ամեն ինչ իր տեղը կընկնի: Ասում է` կաշառքն ու եսասիրությունը պիտի վերացնենք մեր միջից ու դառնանք աշխարհի ամենահզոր ազգը:

Ի դեպ, մեր դիտարկմանը, որ ԼՂՀ-ում կան ուժեր, որոնք պահանջում են, որ Սամվել Բաբայանը նշանակվի ԼՂՀ ՊԲ նախարար, մեր զրուցակիցն ասաց, որ ոչինչ չունի Սամվել Բաբայանի դեմ, նրան «լավ մարդ, կիրթ մարդ ու հայ զինվոր» է համարում: Ինքը չգիտի` Սամվել Բաբայանն ինչո՞ւ է հեռացել, հիմա ինչո՞ւ որոշեց վերադառնալ, բայց մի բան հաստատ գիտի` պատերազմի ժամանակ արած ոչ մի հերոսություն, հաղթանակում ունեցած ոչ մի ներդրոմ որեւէ մեկին թույլ չի տալիս խաղաղ ժամանակ իշխան կարգվելու:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

02.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031