Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես համայնքի ղեկավար եմ եղել, հետո դարձել ՀՀԿ-ական». Արաբկիրի նախկին թաղապետը՝ ՀՀԿ-ից նեղացածների մասին

Փետրվար 02,2017 11:23 Share

Արաբկիրի նախկին թաղապետ, Հովիկ Աբրահամյանի նախկին խորհրդական Հովհաննես Շահինյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Երևանի թիվ 2՝ Արաբկիր, Դավթաշեն եւ Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող ընտրական տարածքից, «Ծառուկյան դաշինքի» տարածքային ցուցակով առաջադրվելու է:

Մեր այն հարցին, թե նախկինում լինելով ՀՀԿ-ական, ինչու՞ է այժմ որոշել առաջադրվել «Ծառուկյան դաշինքով», պարոն Շահինյանն արձագանքեց. «Նախկինում ՀՀԿ-ական»:

Այնուհետև տեղեկացրեց, որ «Միասնություն» համահայկական շարժման խորհուրդը որոշում է կայացրել, որ ինքն առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ծառուկյան դաշինքով»:

Հարցին՝ ի՞նչ առաջնահերթ ծրագրեր ունի, պարոն Շահինյանը պատասխանեց, թե իր ծրագրերը 1990-ականներից են գալիս, արդեն իր 7-րդ ընտրությունն է նույն ընտրատարածքում. «Շարունակում ենք մեր գործը»:

Մեր այն հիշեցմանը, թե շատ քաղաքական գործիչներ կարծիք են հայտնում,  որ նեղացածներին ու աբիժնիկներին դաշինքում ներառելով՝ Գագիկ Ծառուկյանը վնաս կհասցնի դաշինքին, պարոն Շահինյանն այսպես արձագանքեց. «Ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել 2012-ի մարտին: Ես ՀՀԿ-ին անդամագրվել եմ, երբ Արաբկիր համայնքի ղեկավարն էի արդեն 7 ամիս: Այնպես չի եղել, որ մտել եմ ՀՀԿ, որ ընտրվեմ համայնքի ղեկավար: Ես 2005-ին ընտրվել եմ համայնքի ղեկավար, 2006-ի գարնանը անդամակցել կուսակցությանը և նույն որոշումով 2012-ին դուրս եմ եկել»:

Մեր այն հստակեցմանը՝ իսկ նման մարդկանց հետ նույն դաշինքով ընտրություններին մասնակցելը չի՞ վախենում, որ իր վարկանիշի վրա կազդի, պարոն Շահինյանը պատասխանեց. «Ես միայն Աստծո դատաստանից եմ վախենում»:

Մեր այն հարցին, եթե խորհուրդը որոշեր, որ պետք է ասենք «Ելք»-ի հետ համագործակցի, ապա կհամագործակցե՞ր, թե՞ գաղափարապես հարում է Գագիկ Ծառուկյանին, պարոն Շահինյանն արձագանքեց. «Հատուկ որևէ բան չկա: Գաղափարների մասին խոսելու դեռ ժամանակ կա: Քաղաքական կուսակցական համակարգերի կայացման անցումային փուլերում ենք: Եթե հասարակությունը փոխվում է, պետք է փոխվի նաև քաղաքական համակարգը, և շարժման հիմնական սկզբունքներից մեկն էլ դա է, որ պետք է արագ գնանք սերնդափոխության»:

Պարոն Շահինյանը չի համարում, թե ինքը պայքարի մեջ է մտնում՝ հավաստիացնելով, որ պայքարը սահմաններին է, որ ամուր պահենք մեր երկիրը. «Մարդիկ պայքար են ուզում, թող գնան կորցրածը հետ բերեն»:

Փաստեցինք, թե իշխող կուսակցությունից պաշտոնյաների արտահոսք է այս օրերին, կուսակցության երկրորդ դեմքը՝ նախկին վարչապետն է դուրս եկել, ինչպե՞ս կմեկնաբանի, պարոն Շահինյանը նկատեց, թե դա սովորական երևույթ է և քննարկման արժանի թեմա չէ:

Պարոն Շահինյանի կարծիքով՝ կուսակցությունների և դաշինքների բազմազանությունը, այս աժիոտաժն ավելի է խճճում հասարակությանը: Նրա համոզմամբ՝ լավ կլիներ, որ այդ դաշինքները հետագայում միավորվեին մեկ ուժի ներքո:

Վրդովվելով պայքարի տրամադրություններից ու աժիոտաժից՝ պարոն Շահինյանը ամփոփեց. «Մահապարտների գունդ աժիոտաժ, ի՞նչ ենք անում՝ այս հասարակության համար վախի ու ահաբեկչության մթնոլո՞րտ ենք ստեղծում, այնինչ մարդկանց պետք է տրամադրենք, որ գիտակցաբար հանգիստ գան մասնակցեն ընտրության, այլ ոչ թե ասեն թքեմ ձեր բոլորի վրա: Տարին էլ դեռ չի լրացել ապրիլյան դեպքերից: Մարդիկ, որ հարազատ են կորցնում, մեկ տարի չեն հանդարտվում, իսկ մենք հարյուրից ավելի զոհեր ենք տվել, տարածքային կորուստներ, դրանց մասին է պետք մտածել, հասարակության համախմբման»:

Տաթեւ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728