Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշես Ներսիսյան. «Ապահով ընտանիքներում գերադասում են «էլիտար» մարզաձեւերը»

Փետրվար 17,2017 13:30

Ծանրամարտի Հայաստանի 13-ից 17 տարեկան աղջիկների առաջնության ավարտից հետո կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ թեեւ մասնակցության աշխարհագրությունն ընդլայնվել է, բայց ծանրամարտով զբաղվող աղջիկների քանակը դեռ քիչ է, ինչը հետագայում լուրջ խնդրի կարող է վերածվել:

Մարզիչն աղջնակների այսօրվա ցուցանիշները չհամեմատեց այն կիլոգրամների հետ, որոնք նույն տարիքում բարձրացնում էին Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը, Մելինե Դալուզյանը: Նրա խոսքերով, այսօր ծանրամարտով զբաղվելու գալիս են հիմնականում անապահով ընտանիքների երեխաները: «Բարվոք ընտանիքներում ծնողները գերադասում են, այսպես կոչված, «էլիտար» մարզաձեւերը: Իսկ մեզ մոտ հաճախող երեխաների մեջ, որքան էլ զարմանալի թվա, այնպիսիներին գիտեմ, որոնք չնայած մեծ ցանկությանը, մարզումների հաճախելու համար տրանսպորտի գումար չունեն», – ասաց նա:

Մարզիչը մարզաձեւին հատկացվող պետական աջակցության գումարի չափերից դժգոհ չէ, սակայն կանոնադրությունն արգելում է այդ գումարներն ուսումնամարզական հավաքներից եւ մրցումներից բացի, այլ բաների հատկացնել: Բայց նա հույս է փայփայում, որ շուտով կունենան Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ, որն այդ կարգի երեխաների խնդիրները լուծելու միջոցներ ու ձեւեր կգտնի:

Արտաշես Ներսիսյանի կարծիքով՝ պատճառներից մեկն էլ ինտերնետն է ու համացանցը: «Այն ժամանակ կապի եւ ինֆորմացիայի միջոցներն այնքան էլ զարգացած չէին Հայաստանում: Աղջիկները հավաքներում կենտրոնացած էին միայն ծանրաձողի, իրենց մարզումների ու գալիք մրցումներին տրամադրվելու վրա: Իսկ հիմա այդպես չէ, ու վերահսկելը շատ բարդ է: Այս առումով մարզիչների խնդիրը շատ է դժվարացել: Պետք է ձեւեր գտնել հեռախոսից, հեռուստացույցից կտրելու եւ երեխաներին իրենց ընտրած մարզաձեւն առաջնային եւ ավելի սիրելի դարձնելու համար», – ասում է նա:

Մարզիչն այսօր ծանրամարտով զբաղվող աղջնակների մասին ասում է. «Ֆեդերացիայի նպատակը Տոկիոյի եւ հաջորդ օլիմպիական խաղերն են: Կան խոստումնալից աղջիկներ, որոնք արդեն եկող տարի որոշակի արդյունքներ ցույց տալու ներուժ ունեն: Նրանք մեր ուշադրության կենտրոնում են եւ ճիշտ, համբերատար աշխատելու դեպքում կարող են արագ աճել, համալրել երիտասարդական, իսկ մինչեւ 2020 թվականը, նաեւ՝ ազգային հավաքականը: Ես հրաժարվել եմ այս տարի պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելուց, քանի որ այնտեղ բարձր տեղերի համար պայքարողների առայժմ չեմ տեսնում: Դրա փոխարեն խնայված գումարով հնարավորին չափ կավելացնենք ուսումնամարզական հավաքների քանակը: Ծաղկաձորում, Աբովյանում, Գյումրիում կամ ցանկացած տեղ հավաքներ կազմակերպելով՝ հատկապես մարզերում բնակվող լավագույն աղջիկների համար կստեղծենք թե մարզումային, թե սննդի անհամեմատ լավ պայմաններ, ինչը կնպաստի նրանց ցուցանիշների բարձրացմանը»:

Մարզիչը, սակայն, կարեւորում է աշնանը կայանալիք պատանիների Եվրոպայի առաջնությունը: «Առջեւում վեց-յոթ ամիս կա: Այդ ընթացքում աղջիկներին պետք է ամրացնենք, որպեսզի կարողանան պայքարել մեդալների եւ Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար», – եզրափակեց գլխավոր մարզիչը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

16,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728