Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանը լրիվ դերի մեջ է». Հրաչյա Հակոբյան

Մարտ 27,2017 12:18

Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի, ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածու Ժասմին Ասրյանի համոզմամբ, թատրոնը, որպես կառույց, իր անելիքն ունի քաղաքականության հարցում, ինչպես մշակույթի մյուս բնագավառները:

«Թատրոնը թողնելու մտադրություն չունեմ, եթե ընտրվեմ պատգամավոր»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց դերասանուհին:

«ԵԼՔ» դաշինքի պատգամավորության թեկնածու, դերասան Հրաչյա Հակոբյանն էլ ասաց, որ չի կարելի առանձնացնել թատրոնը քաղաքականությունից, որովհետեւ երբ չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով. «Մշակույթի շատ գործիչներ ասում են՝ հեռու ենք քաղաքականությունից, հստակ դիրքորոշում չեն հայտնում, բայց այս կամ այն երգչին, երբ տալիս են վաստակավորի կամ ժողովրդական արտիստի կոչում ու դա իրենց սրտով չի լինում, սկսում են բողոքել՝ այս ում են տալիս, ինչ է կատարվում, բողոքում են, բայց երբ ընտրում ենք իշխանություններին, որոնք հետագայում պետք է տան այդ կոչումները, ձեռնպահ են մնում»:

Ըստ նրա, շատ անելիքներ կան մշակույթի ոլորտում. «Մշակույթը պետք է ծառայի ժողովրդի կրթական ցենզը բարձրացնելու համար, այսօր ունենք թատրոններ, որոնց մեծ մասը պարզապես աշխատատեղեր են ապահովում»:

Հրաչյա Հակոբյանը նաեւ նկատեց, որ քաղաքական գործիչների մեջ քիչ չեն այն գործիչները, որոնք դերասանական տաղանդ ունեն: Օրինակ՝ ըստ նրա, Սամվել Ալեքսանյանը լավ է խաղում, երբ լրագրողներին ասում է, որ փող չունի, բիզնես չունի, որտեղից ընտրակաշառք կարող է բաժանել. «Ստանիսլավսկու ասած՝ լրիվ դերի մեջ է, ես հավատում եմ նրան: Քաղաքական դաշտում այնպիսի դերասաններ ունենք, որոնք Օսկարի են արժանի»:

Դերասանի խոսքով, ՀՀԿ-ն մեր ժողովրդին հասցրել է մուրացկանության, երբ քաղաքացիները քարոզարշավի ժամանակ ավտոշարասյուն են տեսնում, միանգամից հարցնում են՝ բա փող չես տալիս: Ըստ դերասանի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ինքն էլ է առաջադրված, աստղաբաշխական թվերի հասնող ընտրակաշառքի մասին է խոսվում. «Մոտ քառասուն հազար դրամի է հասել: Ծառուկյան դաշինքից էլ եկել էին ու ասել, որ կտան այնքան, որքան ՀՀԿ-ն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031