Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու դեմ և յոթ օր Արմեն Սարգսյանի համար. «Ժամանակ»

Մարտ 03,2018 11:18

Արմեն Սարգսյանի թեկնածությունը, մեծ հաշվով, այնպիսին էր, որ կարծես թե նրան զերծ էր պահում խոշոր հարվածներից` չտալով դրա առիթները: Ամենախոշորը, թերևս, քաղաքացիության խնդիրն է, որում, սակայն, առկա ինտրիգը դեռևս ամենևին չի նշանակում, որ նրան ուղղված մեղադրանքները կամ կասկածները հաստատված են: Այդ խնդիրը կամ ինտրիգը, անշուշտ, դեռևս կզարգանա և, հետաքրքիր է, թե ինչ անակնկալներ կարող են պատրաստված լինել այստեղ ոչ միայն Արմեն Սարգսյանի համար, այլ գուցե հենց Արմեն Սարգսյանը կարող է պատրաստած լինել անակնկալներ:

Ընդհանուր առմամբ, չլինելով խոցելի խոշոր հարվածների տեսանկյունից, Արմեն Սարգսյանը թերևս կենթարկվի պարբերական մանր հարվածների, և երկու «ավելորդ» «դեմ»-ը ուղղակի դրա խորհրդանշական ազդանշանն էին Ազգային Ժողովի քվեարկության փաթեթում: Մյուս կողմից, այստեղ, անշուշտ, Սարգսյանի համար պետք է որ չլինի որևէ անսպասելի բան:

Համենայնդեպս, դա արդեն կլինի տարօրինակ, դա կնշանակի, որ մինչև համաձայնություն տալը շփվելով քաղաքական, իշխանական, հանրային սփյուռքյան, արցախյան բազմաթիվ ուղղություններով, Արմեն Սարգսյանը չի հասկացել կամ պատկերացրել ամենաառանցքայինը՝ Հայաստանի իշխանությունը հայտնվել է ներքին լարման ու դիմակայության մի գերակտիվ փուլում, և դրա ընթացքում կուտակվող լիցքերը չեզոքացնելու, այսպես ասած՝ շանթարգելային էֆեկտ ստանալու համար է նաև Հայաստանում ներդրվել կառավարման խորհրդարանական մոդելը, պատասխանատվության, իշխանության և ուժի այսպես ասած՝ ապակենտրոնացված մեխանիզմով: Դա նշանակում է, որ Արմեն Սարգսյանը դառնալով Հայաստանի նախագահ, միաժամանակ ստանում է թե՛ հարված հասցնելու հնարավորություն, թե՛ հայտնվում է հարվածի ենթակա թիրախի դերում: Սակայն հազիվ թե Սարգսյանի համար այդ հանգամանքը լինի անակնկալ, ինչի մասին վկայում են այս օրերին նրա արած հայտարարությունները, մասնավորապես այն մասին, որ ինքն ապավինելու է «խոսքի ուժին»:

Բանն այն է, որ դա լինելու է Արմեն Սարգսյանի գլխավոր հաղթաթուղթը, և Սարգսյանը գործնականում միայն դրանով կարող է կենսունակ լինել ներհամակարգային դիմակայության, այսպես ասած, ինստիտուցիոնալացման ներկայիս փուլում: Ըստ այդմ, Սարգսյանը թերևս գիտե, թե որտեղից է երկու «ավելորդ» «դեմ»-ը և, ըստ ամենայնի, պետք է տեսանելի ապագայում սպասել պատասխանի: Ընդ որում բացառել պետք չէ, որ պատասխանը կլինի այն յոթ օրերի ընթացքում, երբ Հայաստանում Սերժ Սարգսյանի չի լինի թե՛ նախագահ, թե՛ հասցրած չի լինի դառնալ վարչապետ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031