Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չէի ուզի այսպես գնալ». Ռուզաննա Ազիզյանը կոնկրետ մարդկանց է մատնացույց անում՝ իրենից վրեժ են լուծել

Մայիս 05,2018 12:35 Share

Ինչպես արդեն հայտնել ենք, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հիշեցնենք, որ երեկվանից դպրոցում լարված իրավիճակ է:

Մենք զրուցեցինք Ռուզաննա Ազիզյանի հետ: Նա վստահ է, որ սա իր ուսուցիչներից մեկի՝ Եկատերինա Բադալյանի «սարքած» պատմությունն է՝ իր դեմ. «Բադալյան Եկատերինան այն մարդն է, ով տարվա ընթացքում անհարգելի բացակայություններ է ունեցել: Ես իր նկատառումները գիտեի, դրա համար ոչ հրաման եմ տվել, ոչ նկատողություն, ոչ մի բան, ասում էի՝ եթե ուզում է, թող դառնա»: Նա ասաց, որ այդ ուսուցիչները, որոնք բողոքում են, ուզում էին, երբ ուզենան գնալ, երբ ուզենան ու ինչ ուզենան՝ անեն. «Հասկանում եք, ես չեմ կարող այդպես աշխատել»:

Տիկին Ազիզյանի պատմելով՝ Բադալյան Եկատերինան դպրոցում որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի է աշխատել. «Երբ դպրոց եկավ, այնքան գովեստի խոսքեր ասաց ինձ: Ասում է՝ ամեն տեղ նստում եմ, ձեր մասին եմ պատմում, որ անշահախնդրորեն, առանց շահի ինձ ընդունել եք, ասում էր՝ երկու տարի պարապել եմ, այնքան լավ եմ ինձ զգում, այնքան բան ունեմ սովորելու, բայց ինքը երեխաների հետ կոպիտ էր վերաբերվում, բողոքներ կային: Անընդհատ ծնողները գալիս բողոքում էին գնահատականի համար, երեխաների հետ կոպիտ լինելու համար: Ես իրեն փորձում էի հղկել, մշակել, ինքը միշտ շնորհակալ էր: Հիմա, հունվարին լրանում էր…երեւի դրա համար է խուճապի մատնվել: Ինձ ասում էր՝ մաքրիր կողքիդ տականքներին, ես ձեր կողքին կլինեմ, ձեզ ավելի օգտակար կլինեմ: Ես դա չարեցի, ինքը վրեժ լուծեց: Ինքը ուզում էր փոխտնօրեն դառնար, որ հետո նոր դառնար տնօրեն»:

Այսօր դպրոց էին այցելել այն ուսուցիչները, որոնց մի մասին ժամանակին հեռացրել է Ռուզաննա Ազիզյանը, կային ուսուցիչներ, որոնք իրենք էին դիմում գրել եւ ազատվել, դատական գործընթացների մեջ են եղել: Նախկին ուսուցիչները պատմում էին, որ տնօրենն իրենց ստորացրել, վիրավորել է, ասել է՝ «հավ»:

Այդ առնչությամբ Ռուզաննա Ազիզյանն ասաց, որ երեկ էլ է իր համար զարմանալի մի շարք մեղադրանքներ լսել. «Ամաչում էի, որ մարդն ընդունակ է նման բանի: Ես ասացի՝ եթե դուք այսպես եք ձեզ պահում, ես ասելիք չունեմ, դուք ասում եք այն, ինչ ուզում եք»: Ինչ վերաբերում է նախկին ուսուցիչներին, որոնց հետ ժամանակին դատական վեճ է ունեցել, Ազիզյանը պատմեց, որ նույն Եղիազարյանը, որն այսօր բողոքում է, սուպերմարկետում է աշխատել, ուսուցիչներից մեկի հետ էլ բարեւներ է ուղարկել տնօրենին՝ ասելով. «Այդ դպրոցում միակ մարդը տնօրենն է, իրեն այդպես էլ ասեք, շատ կարոտել եմ: Հիմա, որ ասում եք բողոքում է, շատ զարմացած եմ»:

Ռուզաննա Ազիզյանն ասաց. «Երեխաներս ինձ կտրուկ արգելեցին աշխատել: Ասացին՝ չես աշխատելու: Ես չէի ուզի այսպես գնալ: Ես պիտի գնայի, երբեք աթոռի կռիվ չմ տվել, միայն ի սեր երեխաների եմ դպրոցում մնացել: Բայց զարմանում եմ՝ ուսուցիչներն ինչու են իրենց այսպես պահում»: Ըստ նրա, ուսուցիչները վախենում են հիմա իրեն սատարել, որովհետեւ մտածում են՝ բա որ ինքը փոխվի, նոր մարդ գա, իրենց կհանի աշխատանքից. «Գիտեք, մարդկանց հոգին փոքր է, նեղ է: Ես չեմ մեղադրում, երեւի իրենց աշխատանքի համար են մտածում: Ոչինչ չունեմ ասելու, Աստված իրենց հետ: Ուղղակի ես մի քիչ ինձ լավ զգամ, կարողանամ ոտքի կանգնել, ուրիշ բան չեմ ուզում»:

Մեր դիտարկմանը, որ գուցե սպասեիք, քաղաքապետարանի ստեղծած հանձնաժողովն իր ստուգումներն աներ, եզրակացությունն աներ, նոր հեռանայիք՝ Ռուզանա Ազիզյանը պատասխանեց. «Մեկ տարի առաջ են ստուգեն, այն էլ ոնց են ստուգել: Բախշյանը վերջում ասել է՝ շնորհակալություն, ապրես: Հիմա այլեւս նյարդեր չունեմ, էլ չեմ կարող»:

Ռուզաննա Ազիզյանը Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եղել. «Իրենք ինձ ասում են՝ Հանրապետական տնօրեն եմ, ամեն ինչ կապում են դրա հետ: Բայց այդպես չի կարելի, թող իրենք կոնկրետ մարդուն գնահատեն, իր աշխատանքը: Ես կուզենայի, որ այդ հեղափոխությունը մարդկանց հոգիները թավիշ դարձներ, ոչ թե չարությամբ լցներ»,- ասաց տիկին Ազիզյանը եւ չկարողացավ զսպել արցունքները:

Նրա խոսքով՝ «Միակ նպատակս երեխային ծառայելն է եղել»:

Հիշեցնենք, որ դպրոցի հետ կապված այս դժգոհությունը գլուխ բարձրացվեց, երբ ահազանգ եղավ, որ տնօրենը սպառնում է աշխատանքից ազատել բոլոր այն ուսուցիչներին, որոնք թույլ են տվել աշակերտներին ցույցերի գնալ:

Ազիզյանի խոսքով՝ «Չեմ արգելել, ես իրենց ասել եմ՝ ուզում եք, գնացեք, իրենք գալիս էին դասի: Երեխաները, ովքեր գալիս էին, ես չէի կարող հանել դուրս, կամ ծնողին ասել՝ ինչու ես ուղարկել: Չի եղել նման բան: Ուղղակի դասղեկներին ասել եմ ծնողներից անպայման ճշտեք, որովհետեւ կարող է երեխան ասի դպրոց եմ գնում, բայց ուրիշ տեղ գնա: Ցուցարարները, որ եկել էին աղմուկով, դպրոցում փոքր երեխաներ կային, ես մինչեւ իմ վերադասին կզեկուցեի, ինքը դռները բացեց, աղմուկով, աղաղակով, երեխեքս սթրեսի մեջ էին, մեղք էին: Դպրոցում անարխիա էր տիրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Հարգելի ՛՛Առավոտ՛՛, առաջարկում եմ սույն տիկնոջ արտահայտած մտքի գոհարների համար, հատկապես բառացի մեջբերվածների, հատուկ խորագիր ստեղծել, ասենք՝ ՛՛Բեռնարդ Շոու՛՛…
    Սակայն, արդարության դեմ չմեղանչելու համար հարկ եմ համարում ընդգծել նրա անուրանալի դերը այսօրվա հեղափոխական իրավիճակի հասունացման գործում: Նա իր պաշտոնավարման 18 տարիների ընթացքւմ ցույց է տվել, թե ինչպես չի՛ կարելի դպրոց ղեկավարել: Նրա մշակած և տարիների ընթացքում շարունակ հղկվող ՛՛ուրույն ձեռագրի՛՛ արդյունավետությանը կնախանձեր անգամ Ռոբին Հուդը: Օրինակ՝ ձեր մտքով կանցնե՞ր 10 տարի շարունակ տնօրինել գոյություն չունեցող արհեստակցական կազմակերպության հավաքագրած գումարները: Դժվար թե ձեր մտքով անցներ դպրոցի այնպիսի կանոնադրություն գրել, որ այն ըստ էության լիներ ուղեցույց. ՛՛Ինչպես օրինական թվացող ձևակերպումների միջոցով ստրկացնել ուսուցիչներին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին արդյունավետ կերպով ՛՛քերեն՛՛ աշակերտներին և նրանց ծնողներին՛՛, դե իսկ նրա երևակայության թռիչքի մասին չասեմ. դրա դրվագներից մեկը արծարծվել է նաև ՛՛Առավոտի՛՛ էջերում՝ ՛՛Թե ինչպես Ազիզյանը ինքն իրեն պարգևատրեց ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ շքանշանով և մնաց անպատիժ…
    Կարծում եմ այս հպանցիկ ներկայացումն էլ բավարար է հասկանալու, թե ինչպիսի դրդապատճառներից ելնելով աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները բառացիորեն վռնդեցին նրան դպրոցից…

Պատասխանել Մարգար Մախսուդյան

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031