Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ՀՀԿ-ն մասնակցի…

Հոկտեմբեր 20,2018 10:00

Եթե ճիշտ են այն լուրերը, որ ՀՀԿ-ն մասնակցելու է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա դա, մեղմ ասած, ռիսկային քայլ կլինի հանրապետականների կողմից: Վստահաբար կարելի է ասել, որ այդ կուսակցությունը չի հայտնվի խորհրդարանում՝ չունի համապատասխան ընտրազանգված: Թեեւ ի բնե տապալված գործին մասնակցելը, իհարկե, նրանց գործն է՝ գուցեեւ օգտակար լինի իմանալ ազատ ընտրությունների պարագայում սեփական վարկանիշը:

Բայց ՀՀԿ-ի, ինչպես նաեւ Քոչարյանի ստեղծած միավորի հնարավոր մասնակցությունը բացասաբար կազդի նաեւ ընտրարշավի ողջ մթնոլորտի վրա: Ընտրական պայքարի մյուս մասնակիցները, իրենց բուն քարոզչությունը թողած, զբաղվելու են նախկին (եւ, կրկնեմ, ընտրվելու որեւէ շանս չունեցող) ուժերի խարազանմամբ: Այսինքն՝ քարոզարշավի թեման, օրակարգը կլինի ոչ թե ապագան, այլ անցյալը, ոչ թե այն, թե ինչ է պետք անել, որ մեր երկիրն անվտանգ եւ բարգավաճ լինի, այլ այն, թե ինչ խորը անդունդի են հասցրել Հայաստանը անցած 20 կամ 30 տարիների ընթացքում: Դատափետումը («ժողովրդին թալանեցիք, պանդուխտ դարձրիք, երկիրը քանդեցիք, 800 հեկտար տվեցիք թշնամուն» եւ այլն) կլինի մեծ մասամբ արդարացի, բայց, մյուս կողմից, մեծ մասամբ՝ անիմաստ, որովհետեւ այժմ նման բաներ խոսելը ո՛չ քաղաքացիական արիություն է պահանջում, ո՛չ էլ խորը վերլուծական միտք:

Նորմալ, հանգիստ վիճակում այնպիսի պատգամավորները, ինչպիսիք են՝ Վիգեն Սարգսյանը, Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, անշուշտ, պատիվ կբերեին ցանկացած երկրի խորհրդարանին: Բայց այս պահին մեր քաղաքացիներին դա բացարձակապես չի հետաքրքրում: Ժողովրդի սիրտը, ինչպես ասում են, լցված է եւ տվյալ դեպքում լցված է խորը ատելությամբ, որն արդար, հիմնավորած ցասումը համատեղում է «թացն ու չորը խառնելու» միանգամայն բնական ձգտմամբ:

Ինչ էլ ասեն հիշյալ գործիչները, ինչպիսի առողջ, բանական առաջարկներ էլ անեն, նրանց մրցակիցների եւ քաղաքացիների ճնշող մեծամասնության արձագանքը կլինի «ժողովրդին քի՞չ եք թալանել, էլի՞ եք ուզում» հռետորական հարցը: Պաշտպանվել այդ հարցից բանական փաստարկներով անիմաստ զբաղմունք է: Արդարացումները, թե «մենք չենք թալանել, իսկ թալանողները շարունակում են բարգավաճել», նույնպես ոչ ոք չի լսի:
Հետեւաբար, եթե ՀՀԿ-ում դեռեւս որոշում չի կայացվել, ապա թե՛ իրենց եւ թե՛ պետության շահերից կբխեր ընդհանրապես ընտրություններին չմասնակցելը եւ առնվազն մեկ տարի դադար վերցնելը: Բայց ի՞նչ իմանաս՝ գուցե նրանք այլ հաշվարկներ ունեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հիմա կա երկու շարժում՝ դրսի ազգերի շահերը պաշտպանող կուսակցություններ՝ հաճախ հակադրվելով հայ ազգի շահերին եւ հայ ազգային շահերը պաշտպանող կուսակցություններ, որոնք հաճախ հակադրվում են դրսի ազգերի շահերին: Մի անգամ սեփական ազգի շահերը զոհաբերելով այլազգիրների շահերին՝ ինչքան էլ իսկապես լավ ու մասնագետ մարդիկ լինեն, ինչպիսին են վերը թվարկած ազգանուններով մարդիկ, նրանք մեծ հավանականությամբ կարող են սայթակել ու կրկնել հին սխալները, մյուս կողմից, եթե նրանց ՝կատաղեցնել՝ այնպես, որ նրանք ոչ թե միայն խելքով, այլ նաեւ սրտով գործեն, կարծում եմ նրանք հայ ազգի իսկական հերոսներ կդառնան:
    Ապագայում պետք է լինի ուրիշ երկու շարժում՝ խաղաղասեր շարժումը, որոնք կկառավարեն խաղաղ պայմաններում եւ որտեղ կհավաքվեն խաղաղասեր կուսակցությունները եւ պատերազմասեր շարժումը, որը կկառավարի պատերազմի պայմաններում եւ որտեղ համապատասխանաբար կհավաքվեն պատերազմասեր կուսակցությունները: Մենք մեր՝ հայերի մեջ գործող հայ օրենքները պետք է պատերազմի միջոցով տարածենք մյուս ազգերի ու ժողովուրդների մեջ, որ նրանք էլ իրենց ազգային արժեքները կարողանան պահպանել ու սովորեն այդ արժեքները պաշտպանել՝ խոսքն առաջին հերթին գնում է բնիկ ազգերին:

  2. Հ.Շ. says:

    Վերոյիշեալ երեք անուններէն զատ ու անոնց նման ուրիշներ ալ կան, արդարեւ, ցարդ՝ անցած վարչակարգին կապուած, որոնք իրենց «ետեւի գրպանից կը հանեն» ամենազարգացած երկիրների ամենավարպետ ու ամենաբարձր աստիճանի պետական ծառաները: Ասոնք է որ պիտի մարզեն այն նորելուկները որոնք կանխահաս կերպով ամիսներէ ի վեր տեղաւորուած են իրենց հասակէն մեծ պետական աթոռների վրայ, եւ որոնք այդ մարզումէն ետք է որ, իրենց կարգին, կրնան ապագային հասնիլ այդ ծանր պաշտօններուն:

    Արժանիքների տէր, պետական ըմբռնողութիւն եւ փորձառութիւն ունեցող, ի շահ երկրին օգտաշատ կարողութիւններով եւ հմտութեամբ տոգորուած ՀՀԿ-ի պատգամաւորները պէտք է որ դուրս գան այդ սպառած կուսակցութենէն եւ, պատշաճ բանակցութեամբ ու նուազագոյն աղմուկով, միանան ԼՀ-ին, կամ նոյնիսկ ՔՊ-ին: Քաղաքական կառոյցների մասին է խօսքը, եւ ոչ թէ ընտանիքի, գերդաստանի, հոգեւորական միաբանութեան, աղանդի… Նամանաւանդ այս խիստ տագնապալից պահին, այս կենսական գործընթացի վերաբերեալ որեւէ յուզականութիւն կարեւորութիւն չունի:

    Նախկին նախագահը, իր պատուաւոր մեկնումի տրամաբանութիւնը ամբողջացնելով, իր (նախընտրաբար ոչ-հանրային) հաւանութիւնը կու տայ քաղաքական անցեալից անջատուող եւ Նոր Հայաստան փոխանցուող այդ պետական գործիչներին, անոնց ճակատից կը համբուրէ (մի քիչ ոտքի մատներուն վրայ բարձրանալով…), սպիտակ թաշկինակը շարժելով՝ կը ճանապարհէ: Պատուարժան Պարոն Փաշինեանն ալ, իր իւրայատուկ հմայքով եւ հաղորդակցական անմրցելի ձիրքերով, ժողովուրդին կը բացատրէ եւ վստահաբար կը յաջողի ընդունիլ տալ, այս եւս: Պարոն Քոչարյանն ալ սուսիկ-փուսիկ կը վերադառնայ ուր որ էր, երբ որ հանգստեան կոչուած էր:

    Եւ այսպէս, կ’երթանք առաջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031