«Գրպանահատության դեպքը ինձ հետ տեղի է ունեցել 35 համարի ավտոբուսում։ Սկզբում ես ոչ մի արտառոց բան չնկատեցի բացի նրանից, որ ընթացքում մի քանի տղամարդիկ արհեստական հրմշտոց էին ստեղծում։ Միայն ավտոբուսից իջնելուց հետո նկատեցի, որ դրամապանակս չկա։ Այնտեղ կային կարևոր փաստաթղթեր՝ անձնագիրս, բանկային քարտերս, ուսանողական քարտս, ինչպես նաև բավականաչափ գումար»,- պատմեց Գոհար Ասատրյանը։
Գրպանահատությունը հնարավոր է իրականացնել միայն մարդկանց կուտակման վայրերում` զանգվածային միջոցառումներ, հերթեր, քաղաքային տրանսպորտ։ Ըստ ոստիկանության տվյալների` գրպանահատության դեպքեր գրանցվում են հատկապես երթուղային ավտոբուսներում և միկրոավտոբուսներում։
Ըստ վիճակագրության` գրպանահատության զոհ մեծ մասամբ դառնում են կանայք ու աղջիկները։ Գրպանահատության արարքը դատապարտվում է գողության հանցակազմով։ Գողության քրեական դատապարտման տարիքը սկսվում է 14 տարեկանից։ Նաև կան հանգամանքներ, որոնք կարող են մեղմել քրեական պատասխանատվությունը։
«Քրեական պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները օրենքում թվարկված են։ Դրանք կարող են լինել հանցագործություն կատարած անձի բնութագրող հատկանիշները, առաջին անգամ հանցանք կատարելը, հանցանք կատարելու շարժառիթները, սոցիալական վիճակը»,- նշեց իրավագետ, դատախազ Շահեն Տոնոյանը։
Գրպանահատության դեմ պայքարի առանձին մասնագիտացված բաժանմունք կա ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում։ Ըստ ոստիկանության ներկայացրած վիճակագրության` 2015 թվականին գրանցվել է 554, 2016 թվին՝844 գրպանահատության դեպք: Սրանք միայն գրանցված դեպքերն են, շատերը ընդհանրապես չեն բողոքում, որի հետևանքով դեպքերը անընդհատ ավելանում են:
«Գրպանահատության դեպքից հետո ես չեմ դիմել համապատասխան մարմիններին, որպեսզի բացահայտվի գողությունը ու ստանամ փոխհատուցում, ուղղակի խուսափեցի քաշքշուկներից»,- պատմեց Գոհար Ասատրյանը:
Կանխարգելման հարցում, ըստ Շահեն Տոնոյանի, ամենալուրջ խնդիրը դա է․ «Գրպանահատների դիտավորությունը սովորաբար ուղղված չէ խոշոր չափի գումարներ հափշտակելուն, ուստի նրանց կատարած արարքը որակվում է գողության հանցակազմի առաջին մասով։ Այստեղ էական է մասնավոր գանգատի ինստիտուտը, այսինքն` տուժողի բողոքը։ Բայց խնդիրն այն է, որ տուժածները իրենց բողոքը մինչև վերջ չեն պնդում։ 2016 թվականին դատապարտվել է ընդամենը մեկ գրպանահատ, սակայն այն պատճառով, որ քաղաքացու հետ ընդհարում էր տեղի ունեցել և արարքը որակվել է որպես բացահայտ հափշտակություն:
Գրպանահատության դեպքերը բացահայտելն ու կանխարգելելը գերխնդիր չէ, եթե յուրաքանչյուր տուժած քաղաքացի բողոքի ու հետևողական լինի»:
Շահանե ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ


















































