Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխությունը շարունակվում է

Մայիս 19,2019 12:00

Չնայած թավշյա հեղափոխության հաղթանակից մի ամբողջ տարի է անցել, բայց, ըստ էության, հեղափոխությունը շարունակվում է, եւ չնայած Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի «Սեւեր ու սպիտակներ» բնորոշումը բոլորեքյան շատ քննադատվեց, ըստ էության ու փաստորեն մեջներս սեւեր ու սպիտակներ, այնուամենայնիվ, գոյություն ունեն ու կան, եւ քանի որ մեր քաղաքացիների մի մասը դեռեւս սեւ է, մյուս մասը՝ սպիտակ, նշանակում է՝ հեղափոխությունը շարունակվում է, եւ չնայած ասացինք, որ թավշյա հեղափոխության հաղթանակից մեկ տարի է անցել, բայց սեւերի ու սպիտակների գոյությունը վկայում է, որ թավշյա հեղափոխությունը շարունակվում է եւ վերջնական հաղթանակի չի հասել, եւ չնայած իներցիայով շարունակում ենք մեր հեղափոխությունն անվանել «թավշյա», դրանից մեր հեղափոխականներն ու հակահեղափոխականներն առանձնապես չեն փափկում, եւ եթե այսպես շարունակվի, մեր հեղափոխությունն էլ կշարունակվի ու չի ավարտվի, մանավանդ որ՝ բոլորեքյան «շիրա տվողներն» ավելանում են, եւ Վլադիմիր Պուտինն է Հայաստանի երկրորդ՝ կալանավորված նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր բացահայտ դրական վերաբերմունքը բարձրաձայնում՝ դրանով մեր սեւերի ու հակահեղափոխականների հակահեղափոխականությանը նոր ու լրացուցիչ լիցք ներարկելով, մինչդեռ մեր իրական հեղափոխականներն ու սպիտակները լիահույս են, որ նոր Հայաստանի իշխանությունները ոչ միայն մարտի 1-ի ողբերգության մեղավորներին անմնացորդ կբացահայտեն, այլեւ հոկտեմբերի 27-ին էլ ամենայն լրջությամբ ու ամենայն խորությամբ կանդրադառնան, եւ էդ դեպքում արդեն մեր սեւերի ու մեր սպիտակների քանակը ոչ միայն չի պակասի, այլեւ կբազմապատկվի, եւ մեր սեւերն ավելի կսեւանան, եւ մեր սպիտակներն ավելի կսպիտակեն, եւ հատկապես մեր սեւերի քանակը կավելանա, որովհետեւ հոկտեմբերի 27-ի կիսատ մնացած, ավելի ճիշտ՝ չսկսված դատավարության առաջին իսկ օրերից պարզ դարձավ, որ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը մեր համերկրացիներից ու համաքաղաքացիներից շատերն են խառը, եւ եթե հոկտեմբերի 27-ի իրադարձություններին մեր արդարադատությունն իսկապես ու իրապես անդրադառնա, շատերի համար իսկապես անցանկալի հետեւանքներ կունենա, եւ եթե հոկտեմբերի 27-ին առնչվող իրավական գործընթաց սկսվի, մեր սեւերի ու մեր սպիտակների քանակությունն իսկապես շեշտակի կավելանա, եւ հատկապես ու մանավանդ սեւերի քանակությունը կբազմապատկվի, որովհետեւ, ըստ ամենայնի, հոկտեմբերի 27-ին մեր հայրենակիցներից շատերն են մասնակցություն ունեցել, եւ շատերն էլ, ովքեր անձամբ մասնակցություն չեն ունեցել, այս կամ այն կերպ առնչություն են ունեցել մասնակցություն ունեցածների հետ, եւ ամենեւին պատահական չէր, որ հենց Վահան Շիրխանյանն անդրադարձավ հոկտեմբերի 27-ին եւ շոշափեց հոկտեմբերի 27-ի թեման, չորս կողմից հարձակվեցին Շիրխանյանի վրա, եւ պարզ դարձավ, որ հոկտեմբերի 27-ի սպանդի արծարծումն ու դատավարությունը, ինչպեսեւ մարտի 1-ինը, ձեռնտու չի մեր հայրենակիցներից ոմանց, եւ «ոմանք» ասելով՝ նկատի ունեմ հիմնականում «սեւերին» ու հակահեղափոխականներին, որովհետեւ ինչպես մարտի 1-ի գործը, նմանապես նաեւ հոկտեմբերի 27-ի գործն ուղղակիորեն է առնչվում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, ընդ որում՝ նախքան Շիրխանյանի նամակն ու անկախ Շիրխանյանի նամակից էր առնչվում, եւ էդ նամակի առթիվ շատերը Շիրխանյանի դեմ ըմբոստացան ու մեղադրեցին վերջինիս, եւ Շիրխանյանի դեմ մամուլով արտահայտվողներ էլ եղան, եւ ինչքան էլ տարօրինակ ու զարմանալի է, մեր շարքերում ու մեր կողքին բավական մարդիկ կան, ովքեր դեմ են, որ հոկտեմբերի 27-ի նախաձեռնողներն ու կազմակերպիչները բացահայտվեն, եւ եթե շուրջ մեկ տարի առաջ քչերն էին հավատում, որ երբեւէ կարող են ի հայտ գալ 27-ի սպանդի կազմակերպիչները, հիմա արդեն շատերն են հավատում, որ այն վճռականությունը, որ հանդես է բերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ի մեղավորներին հայտնաբերելու հարցում, կարող է նաեւ հոկտեմբերի 27-ի կապակցությամբ հանդես բերել:

Սպասենք եւ հուսանք, որովհետեւ հոկտեմբերի 27-ի արհավիրքը մեր երկիրն ակնհայտորեն հետ գցեց ակնկալվող առաջընթացից, որն առնչվում էր Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի անունների հետ:

Նրանք, ովքեր կասկածում են, որ 27-ի կազմակերպիչները երբեւէ ի հայտ կգան, իրենց կասկածը հիմնավորում են, ասելով, որ հոկտեմբերի 27-ի հարցում նաեւ դրսի չափազանց ազդեցիկ ուժեր են խառը:

Սպասենք եւ հուսանք, հավատալով, որ անհնարին բան գոյություն չունի:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ, 

17.05.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031