Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղափոխության մասին պետք է խոսեն արվեստագետները` նկարչության, երաժշտության, կինոյի, պոետների լեզվով»

Հունիս 12,2019 13:00

Այս օրերին Երեւանում էր ավստրիաբնակ երաժիշտ , Armenian spirit (Հայկական ոգի) համույթի ղեկավար Կարեն Ասատրյանը: Նա 1994 թվականից ապրում եւ ստեղծագործում է Ավստրիայում: «Առավոտի» հետ զրույցում ասում է` Հայաստանից գնացել է այն տարիներին, երբ ոչ լույս կար, ոչ ջերմություն, իսկ ինքն ուզում էր իր ապագան կառուցել: Ավարտել է Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը եւ Երեւանի պետական կոնսերվատորիան, եւ ստացած կրթության շնորհիվ էլ կարողացել է կայանալ, թեեւ առաջին հինգ տարին դժվար էր օտար երկրում, այժմ դասավանդում է Քլագենֆուրտի կոնսերվատորիայում եւ Վիեննայի երաժշտության եւ գեղարվեստի համալսարանում:

Կարեն Ասատրյանը նշում է, որ հաճախ է լինում Հայաստանում, որովհետեւ կարեւորում է հայրենիքի հետ կապը, նաեւ ծնողներն են այստեղ ապրում: Ինչ վերաբերում է այս տարվա այցին, այն, երաժշտի բնորոշմամբ, առանձնահատուկ է, քանի որ մի քանի նախագիծ է իրականացրել: «Այս տարիների ընթացքում կարողացա այնպես դասավորել կյանքս, որ հիմա միջին խավից շատ լավ եմ ապրում, ուստի մտածեցի փորձել Չայկովսկու անվան դպրոցի մի քանի երեխաների օգնել փոքրիկ կրթաթոշակներով: Ինձ մոտեցան իրավաբաններ, բժիշկներ, կորպորացիաների նախագահներ, որոնք իմ ունկնդիրներն են, եւ ցանկություն հայտնեցին ինչ-որ բանով աջակցել:…Սկզբից խոսում էին դեղերի եւ այլնի մասին, որոնք ինձ հետ կապ չունեին: Այնուհետեւ մի համերգ նվագեցինք եւ մոտ 3000 եվրոյի չափով գումար մի կողմ դրեցի Չայկովսկու անվան դպրոցի սաների համար: Արդեն 3 տարի է՝ այդպես եմ անում: Այս անգամ ինձ հետ 32 ավստրիացիներ եկան Հայաստան, որոնք ուզում էին մեր երկիրը տեսնել: Իսկ երկրի լավագույն այցեքարտը մշակույթն է: Ես նրանց ցույց տվեցի հնարավոր ամեն ինչ, նաեւ մեր տեսարժան վայրերը` Գառնի, Գեղարդ, Նորավանք, Խոր Վիրապ, Էջմիածին, Սեւան»,-պատմեց երաժիշտը: Նաեւ հավելեց, որ իր երաժշտությունը փորձում է Հայաստանում ներկայացնել Ջոն Գրիգորյանի շնորհիվ: Մի համերգ եղել է Մեցցոյում, մեկն էլ Եղեգնաձորում, իսկ ՀԲԸՄ-ը դահլիճում վարպետության դաս է անցկացրել:

«Ասում են՝ տղամարդը լիարժեք է, երբ տուն է կառուցել, ծառ է տնկել, ամուսնացել է ու երեխաներ է ունեցել: Այդ ամենը տեղի է ունեցել իմ կյանքում, ու ամեն լուման աշխատել եմ երաժշտությամբ ու ճանաչված եմ Եվրոպայում: Եղավ մի պահ, որ իմ կարեւոր նպատակներին հասնելուց հետո մի փոքր հիասթափվեցի ինձանից, որ իմ երկրում չեմ, թեեւ Եվրոպայում հարգված ու ճանաչված եմ: Հետո մտածեցի, որ «դրսից» հայրենիքի համար ավելի շատ գործ կարող եմ անել: Ես արդեն տասնհինգ տարի իմ Armenian spirit band-ով ներկայացնում եմ հայ երաժշտությունը դրսում, երաժիշտների 2/3-ը հայեր են՝ աշխարհի տարբեր անկյուններից, օրինակ, երգչուհի Ռիտա Մովսիսյանը իրաքահայ է, բուզուկահար Խուան-Կառլոս Սունգուրլյանը` Ուրուգվայից է: Դա է իմ երաժշտության բացառիկությունը, որովհետեւ եթե միայն Երեւանի հայերը նվագեին, այլ հնչողություն կլիներ»,- հավելում է ավաստրիաբնակ երաժիշտը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ 2015թ. գրված Պատարագին, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին եւ կոչվում է Prayer Wheel («Աղոթանիվ»): 2015թ.-ին Քլագենֆուրտի համերգային սրահում եւ Վիեննայի «Porgy& Bess» ջազային ակումբում ներկայացրել է երգչախմբի եւ ջազային նվագախմբի համար հեղինակած «Աղոթանիվը»: Համերգին ներկա են եղել դեսպան Արման Կիրակոսյանը եւ այն ժամանակվա մշակույթի նախարարը: Ի դեպ, Ավստրիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը Հայաստանի Հանրապետության Մշակույթի նախարարության պատվոգիր է հանձնել Կարեն Ասատրյանին՝ հայ երաժշտարվեստը տարածելու եւ զարգացնելու, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը միջազգային հարթակում լավագույնս ներկայացնելու, ինչպես նաեւ Սփյուռքում հայրենանպաստ գործունեություն ծավալելու համար:

Կարեն Ասատրյանը՝ տիկնոջ հետ

Կարեն Ասատրյանը տեղեկացրեց, որ կարողացել է ֆինանսավորում գտնել ORF-ում աշխատող մի խմբի համար եւ մեկ շաբաթ նկարահանումներ են իրականացվել Հայաստանում: «Իմ ցանկությունն է այսօրվա Հայաստանը ներկայացնել գերմանախոս ժողովրդին մշակույթի միջոցով: Եթե ասենք, որ մեզ մոտ հեղափոխություն է եղել, դա քիչ կլինի, դրա մասին պետք է խոսեն արվեստագետները` նկարչության, երաժշտության, կինոյի, պոետների, քանդակագործների լեզվով: Առաջիկայում պատրաստ կլինի 8-10 րոպեանոց թրեյլերը, կփորձենք դրամահավաք անել 45 րոպեանոց վավերագրական ֆիլմի համար: Արդեն հետաքրքրություններ կան գերմանական մշակութային ալիքներից, ARTE-ից: Կարծում եմ` անցյալ քսան տարվա ընթացքում ոչ մի նման ֆիլմ չի եղել Հայաստանի մասին, ի դեպ, Ադրբեջանում միլիոններ են ծախսվում նման բաների վրա: Ես չեմ ուզում, որ դա զուտ տուրիստական ֆիլմ լինի, թեեւ այն կնպաստի, որ Հայաստանը զբոսաշրջային առումով ավելի գրավիչ լինի: Իմ ուղերձն այն է, որ ամեն մեկը պետք է աշխատի, որ Հայաստանում կյանքն ավելի լավը դառնա»,-ասաց ավստրիաբնակ երաժիշտը

Նա ցանկություն ունի, որ իր Պատարագը հնչի նաեւ Հայաստանում` տեղի երգչախմբերից մեկի հետ համագործակցությամբ, ափսոսում է, որ այն ուղարկել է Հայաստանի լավագույն երգչախմբերից մեկին, սակայն որեւէ արձագանք չի եղել: «Այդ պատարագի մեջ հայկական ոգի կա մինչեւ վերջին նոտան, գրել եմ մեկ տարվա ընթացքում, այն իմ շնորհակալությունն էր Աստծուն»,-նշում է Կարեն Ասատրյանը ու ընդգծում, որ իր երաժշտությունը արտասահմանցիներին պատմում է Հայաստանի մասին: Ինչպես նշել էինք վերեւում, կնոջ` Աննա Հակոբյանի հետ մի համերգ էլ Եղեգնաձորում են ունեցել DUO MASIS դուետով, եւ ողջ հասույթը տրամադրվել է տեղի մշակույթի տանը:

 

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է Կարեն ԱՍԱՏՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ

12.06.2019 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930