Լրահոս
Օրվա լրահոսը

Հուլիս-օգոստոսի հարկային մուտքերի կատարողականը վկայում է, որ բյուջեի երրորդ եռամսյակի պլանը հարցականի տակ է.«168 ժամ»

Հոկտեմբեր 10,2019 12:23 Share

Ապրիլին մուտքերը գերազանցել են 166 մլրդ դրամը, եւ դա պայմանավորվել է մեկ հանգամանքով՝ ապրիլը հաշվետու ամիս է շահութահարկի տարեկան վճարումների համար։ Ամեն տարի էլ այդպես է. այդ ամսին մուտքերի շատ ավելի բարձր կատարողական է արձանագրվում։ Բայց դա չի նշանակում, թե նույնը լինելու է նաև հետագա ամիսներին։ Պատահական չէ, որ ապրիլի ռեկորդային մուտքերից հետո մայիսին դրանք նույնքան կտրուկ նվազեցին և կազմեցին հազիվ 104-105 մլրդ դրամ։

Հուլիս-օգոստոսի հարկային մուտքերի կատարողականը վկայում է, որ բյուջեի երրորդ եռամսյակի պլանը հարցականի տակ է։ Այս տարվա բյուջետային համամասնություններով նախատեսված 373,7 մլրդ դրամից դեռևս հավաքվել է 224 միլիարդը։

Այն անհամեմատ քիչ է, քան նախորդ եռամսյակի առաջին երկու ամիսների մուտքերն էին։ Խոսքն ավելի քան 47 մլրդ դրամի մասին է։ Մի բան, ինչն էլ հնարավորություն տվեց տարվա առաջին կեսին ապահովել խոստացված հարկային հավելյալ մուտքերը։ Բայց արդեն երրորդ եռամսյակի արդյունքներով այն այլևս այդպիսին չի լինի։ Այդպիսին չի լինի նաեւ Միացյալ Նահանգներում Նիկոլ Փաշինյանի հայտարարած 120-125 մլն դոլարը։

Նախնական գնահատումներով՝ բյուջեի հարկային եկամուտների երրորդ եռամսյակի պլանը կթերակատարվի 20-25 մլրդ դրամով։ Իսկ դա նշանակում է, որ վարչապետի ասած գերակատարումն արդեն ինն ամիսների տվյալներով՝ կարող է լինել ոչ թե 63 մլրդ դրամ, այլ, ասենք՝ 40 կամ 45 միլիարդ։ Ու դեռ հարց է, թե տարեվերջի երեք ամիսներին, որքանով հնարավոր կլինի հետ բերել կորցրածը։ Եթե, իհարկե, դարձյալ ասպարեզ չգան նախորդ տարվա վերջի աճպարարությունները, որոնց այդպես էլ մինչև հիմա մարդավարի բացատրություններ չեն տրվել։ Թեեւ հասկանալի է, որ դա հեշտ չէ։

Վերջին ամիսների հարկային մուտքերի դինամիկան իսկապես սկսում է անհանգստացնել։ Աճի տեմպը գնալով իջնում է։ Ու դա պարզորոշ երևում է. ապրիլին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, հարկային մուտքերի աճը հասնում էր գրեթե 32 տոկոսի, մայիսին այն կազմեց 22,3, հունիսին՝ 17,3, հուլիսին՝ 15,9 տոկոս։ Արդեն օգոստոսին աճի տեմպը նվազել է՝ ընդհուպ 8,2 տոկոսի։ Եթե առաջիկա ամիսներին այն չվերականգնվի, խնդիրներից խուսափել հաստատ հնարավոր չի լինի։

Զարմանալի է, որ դա տեղի է ունենում մի կողմից՝ պաշտոնապես արձանագրվող տնտեսական բարձր աճի, մյուս կողմից՝ բյուջեի հարկային մուտքերի վրա կարևոր դերակատարություն ունեցող մեկ այլ գործոնի՝ տրանսպորտային միջոցների ներմուծման ծավալների կտրուկ ավելացման պայմաններում։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսին կարող էր լինել բյուջեի մուտքերի կատարողականը, եթե չլիներ ավտոմեքենաների ակտիվ ներկրումը։ Նշենք, որ միայն այդ գործոնի լրացուցիչ ազդեցությունը բյուջեի այս տարվա եկամուտների վրա գնահատվում է շուրջ 50-60 մլրդ դրամ։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031