Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան բանաձեւի Արցախյան համատեքստը

Նոյեմբեր 05,2019 22:00

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմանը զուգահեռ՝ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի այցը Վաշինգտոն։

Արցախյան դիվանագիտության ղեկավարի կարեւոր հանդիպումները, ելույթները, հայտարարությունները կարծես մնացին պատմական իրադարձության ստվերում, մինչդեռ դրանք ուշագրավ համատեքստ հաղորդեցին բանաձեւի հաստատման գործընթացին՝ Արցախյան համատեքստ։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, բողոքի նոտան, որը Բաքվում հանձնվեց ԱԳՆ կանչված ամերիկյան դեսպանին՝ այդ ամենը սոսկ հերթապահ արձագանք չէր, այլ արտահայտում էր Բաքվի ոչ հիմնազուրկ խորը մտահոգությունն այն փաստից, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ալիեւի ռեժիմի դիցաբանության ողջ «բուրգը» փուլ է գալիս։

Բաքվի բողոքին ի պատասխան, թե ինչու էին ԱՄՆ իշխանությունները մուտքի արտոնագիր տվել «սեպարատիստ» ԱԳ նախարարին՝ ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերն Ադրբեջանի ԱԳՆ-ում, համաձայն հաղորդագրության, ընդամենը պարզ անգլերենով բացատրել էր, որ Մասիս Մայիլյանի այցը կազմակերպվել էր մի շարք կոնգրեսականների կողմից, նրանց հրավերով եւ ԱՄՆ-ն շարունակում է սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին եւ պաշտոնական Վաշինգտոնն Արցախի անկախությունը չի ճանաչում։ Սակայն, այն ընդունելությունը, որին արժանացավ Արցախի ԱԳ նախարարը եւ արցախյան պատվիրակությունը ԱՄՆ Կոնգրեսում ու վերլուծական կենտրոններում, որտեղ Chatham House-ի կանոններով նա ելույթ ունեցավ եւ մասնակցեց Արցախյան հակամարտության թեմայով քննարկումներին, հիմք են տալիս Ադրբեջանին մեծ հիասթափություն ապրել։ Եվ, անկասկած, այս զարգացումը դեռ շարունակվելու եւ խորանալու է։

Թուրքիայի անհաշվենկատությունը, Էրդողանի ագահությունը եւ նեոօսմանական շովինիզմը դարձել են Մերձավոր Արեւելքի գլխավոր չարիքներից մեկը, եւ այդ ընկալումն առկա է Ամերիկայի եւ Եվրոպայի քաղաքական շրջանակներում, ինչն այլեւս չի կարող նույն կարգավիճակում պահպանել Անկարայի ավանդական հարաբերություններն իր դաշնակիցների հետ, որոնց նա ուղղակիորեն արհամարհում է։ Արհամարհում է եւ ի պատասխան ստանում թե՛ ծաղր, թե՛ արհամարհանք։

Իսկ Օսմանյան կայսրության հետ որեւէ կապ չունեցող Ադրբեջանն առաջինը կարող է տուժել նման զարգացումներից, որոնք հաստատապես չէին մտնում Բաքվի հաշվարկների եւ մանավանդ երազանքների մեջ, մինչդեռ Պուտինը մարտավարական առումով առայժմ հաղթանակ է արձանագրում հաղթանակի հետեւից՝ օգտվելով տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության խառնաշփոթից։

Թուրքական ուժգնացող ժխտողական քաղաքականության (հիշեցնենք, որ Էրդողանն ասում էր, որ 1915-ին տեղի ունեցածը «միակ բանական որոշումն էր»), ներքին քաղաքական մուտացիայի, Արեւմուտքի հետ հարաբերությունների աննախադեպ խզման եւ պուտինյան Ռուսաստանի հետ նույնպես աննախադեպ մերձեցման ֆոնին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի եւ հայերի համար միայն պատմության եւ արդարության հարց չէ, այլեւ եւ գուցեւ առաջին հերթին՝ ազգային անվտանգության հարց։ Եվ այդ իմաստով, Հայաստանն անհրաժեշտություն ունի ապահովելու հարյուր չորս տարի առաջվա դեպքերի կրկնության բացարձակ բացառման երաշխիքներ հայության ցանկացած հատվածի պարագայում, եւ առաջին հերթին՝ Արցախում։

Ղարաբաղյան հակամարտության տրանսֆորմացիայի գլխավոր խոչընդոտներ հանդիսացան Թուրքիան՝ իր շրջափակմամբ եւ Ադրբեջանին միակողմանի սատարմամբ, ինչպես նաեւ՝ ամենամութ շովինիստական եւ ջարդարար բնազդները շահարկելով, եւ Ռուսաստանը, որ ոչ պակաս դեր ունեցավ այդ գործում, այդ մազութի տակառը հարձակողական սպառազինությամբ լցնելով եւ քաղաքականապես թուլացնելով, ապականելով եւ մեկուսացնելով Հայաստանը։ Ի՞նչ է սա, որպես քաղաքականություն, եթե ոչ գոյաբանական սպառնալիք հայկական երկու պետականություններին։

Երբ ռուս «փորձագետ» էմիսարները Ստեփանակերտում ճառեր էին ասում առ այն, որ արցախցիներն «ավելի ճիշտ հայեր» են, քան «հեղափոխությամբ տարված» Հայաստանի հայերը, եւ որ Արցախը պետք է Երեւանից առանձին հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ, դրանից հետո վարչապետ Փաշինյանի ասածը Ստեփանակերտի հրապարակում, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ նոր համատեքստ է ձեռք բերում։ Այսինքն, հանկարծ որեւէ մեկի մտքով չանցնի, որ ինչ-որ «ռուսական խաղեր» են խաղալու Արցախում, Արցախի շուրջ, Արցախի հարցով։ Արցախը հասցրել է կշտանալ այդ խաղերից դեռ վաղ 90-ականներին, երբ ռուսական համազգեստով բանդիտները, գեներալ Սաֆոնովի գլխավորությամբ, «Կոլցո» օպերացիա էին իրագործում ընդդեմ արցախահայերի, բռնագաղթեցնելով նրանց, իսկ հետեւից գալիս էր թալանելու հարեւան ադրբեջանական գյուղերի խաժամուժը…

Հետեւաբար, որքան էլ որ ամերիկյան բանաձեւը գնահատվի որպես բարոյական եւ խորհրդանշական փաստաթուղթ, ինչի հետ դժվար է համաձայնելը, այն նախեւառաջ՝ քաղաքական փաստաթուղթ է, որի քաղաքական հետեւանքները կախված են նաեւ Երեւանի եւ Ստեփանակերտի դիվանագիտական արդյունավետությունից։

Կոնգրեսականներ Էդվարդ Ռոյսի եւ Էլիոթ Էնգելի առաջարկությունները, որոնք դարձան 2016-ի մայիսին Վիեննայի պայմանավորվածությունների հիմք՝ շարունակում են մնալ որպես միջոցառումների ամենաարդյունավետ փաթեթ, որն էականորեն կփոխի ողջ տարածաշրջանի ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական խորապատկերը։ Դրանք այն միջոցառումներն են, որոնք այսուհետ կբացառեն պատերազմի անպատիժ վերսկսման հնարավորությունը, կստիպեն Բաքվին հրաժարվել առավելապաշտական դիրքորոշումից, իսկ Ռուսաստանի խարդավանքները եւ շանտաժը կզրկվեն աշխատող լծակներից։

ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը, որին նաեւ լուրջ նախընտրական պայքար է սպասվում 2020-ին՝ Արցախում նախագահական ընտրություններին, եւ որի հետ արմատական ժողովրդավարական բարեփոխումների հույսեր են կապում արցախյան հասարակության քաղաքականապես ակտիվ շրջանակները, հնարավորություն ունեցավ ազդեցիկ ամերիկյան շրջանակներին ներկայացնել իրողությունները հակամարտության գոտում։ Դրանք հակամարտության կարգավորման այլ ելք չեն թողնում, քան միջազգայնորեն ամրագրված՝ Արցախի դե յուրե անջատումն (սեցեսիա) Ադրբեջանից եւ միջազգային ճանաչումը՝ դրանից բխող իրավա-քաղաքական հետեւանքներով։ Հենց դա է բխում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության շահերից, որոնք նաեւ եվրոպական անվտանգության կարեւոր բաղկացուցիչն են։

Ըստ այդմ, հայկական դիվանագիտության օրակարգն Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում իր առաջին կետով պետք է ունենա Ռոյս-Էնգելի փաթեթի եւ Վիեննայի պայմանավորվածությունների իրագործումը, ինչի «շարժիչն» այսօր Վաշինգտոնում է։ Սա պետք է ներառվի նաեւ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության օրակարգում եւ արցախյան համատեքստ հաղորդի վերջին շաբաթներում Վաշինգտոնում տեղի ունեցած «հայկական զարգացումներին»։ Սա ոչ թե ճաշակի, այլ ազգային անվտանգության խնդիր է։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

Նկարը՝ Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքից

«Առավոտ» օրաթերթ
05.11.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «…Ալիեւի ռեժիմի դիցաբանության ողջ «բուրգը» փուլ է գալիս…»
    Ձեր փոխարեն ես կգրեի՝ արդեն փուլ է եկել… ՃՃՃ

    © 1998 – 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930