Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե չոչ անելով էդ ճամփով հմի ես եմ գնում». Լեւոն Ջավախյան

Մարտ 20,2020 12:00

«Կյանքը խաղ է, ինչ-որ տեղ ոնց որ պոկեր, էլի՛։ Ուրեմն, մարդիկ փակ խաղաթղթերով են խաղում, իսկ ես միշտ բաց եմ խաղացել ու, ի տարբերություն ուրիշների, որ միշտ կա՛մ կրել են, կա՛մ կրվել են, ես միշտ կրել եմ»։

Շատ նշանավորներ, եւ ոչ միայն, Վերնիսաժի մոտերքով անցնելիս ճամփան փոխում են՝ Լեւոն Ջավախյանին տեսնելու եւ մի քիչ «աշխարհի անցուդարձից զրից անելու»։ Այս ամառ 70 տարեկան դարձող արձակագիրը վերջին 25 տարիներին միշտ այստեղ է՝ արծաթե իրերի վաճառասեղանի մոտ.

«Էլի եմ ասել՝ Հուդան 30 արծաթով իրա հոգին ծախեց, ես էդ արծաթն եմ ծախում, որ հոգիս պահեմ։ Արծաթի հետ ես կապվել եմ, էլի՛։ Ավելի ազնիվ մետաղ է, քան ոսկին։ Ոսկին շառ է, ոսկին շքեղություն է, իսկ արծաթը՝ գեղեցկություն…»։

2019 թվականին «Ծնկան ծերին» ժողովածուի համար Ջավախյանն արժանացավ ՀՀ նախագահի մրցանակի, որն, ասում է՝ ոչ այլ ինչ էր, եթե ոչ իր ապրած տարիների արժեւորում, իսկ մրցանակային գումարը բանկում է, եւ տոկոսները ծառայում են «ընտանիքի տնտեսական հոգսերին»։ Նոր գիրքը դեռ ամբողջանում է. 16 նոր պատմվածքներն առայժմ միայն Hetq.am-ում կարելի է կարդալ։

«Դրանց մեջ մեկը կա՝ «Զավակի մահը», որը ես շատ եմ կարեւորում։ Ղուրանում խոսք կա՝ ոտդ որ դնես Ղուրանին, ինչին ուզենաս, կհասնես։ Ես իմ ամբողջ գրքերը երեւի ոտիս տակ եմ դրել, որ հասնեմ, էդ պատմվածքը գրեմ։ Իրական պատմություն է հիմքում։ 50-ական թվականներին Շնողից մի գողական շատ է համը հանած լինում, Կիրովականում բռնում, գլուխը կտրում են։ Բերում են գյուղ, որ թաղեն, ոչ ոք հանձն չի առնում, որ գլուխը մարմնին կարի։ Ճարը կտրած՝ մերը վերցնում, գիշերը կանեփի թելով ու մախաթի ասեղով իր տղու գլուխը կարում է մարմնին։ Մի տարի չարչարվում էի, չէի կարողանում գրել, հետո գտա բանալին՝ ի՞նչ պիտի անի մերը, պիտի երգի, ոնց որ ձեռագործ անելիս են կանայք երգում։ Պիտի երգի՝ վերստին արարելով իր որդուն։ Ու էդ երգը գնալով ողբի է վերածվում։ Շատ ուժեղ պատմվածք է։ Էդ միակ պատմվածքն է, որ սենց գլուխ եմ գովում, էլի՛… Գալիս էին, ինձ ասում էին՝ դու մարդ չես, արա՛, ո՞նց ես գրել էդ։ Ես ինձ անջատել էի։ Դա մոր կերպարն է էքստրեմալ պայմաններում, ու համ էլ մոր կերպարի շարունակությունը. մի պատմվածք էլ ունեմ՝ «Մոր նամակն իր անարժան որդուն՝ Լեւոն Ջավախյանին»։ Ուրիշ ձեւով եմ կապված իմ մոր հետ։ Իմ բոլոր հաջողություններն էլ կապում եմ մորս հետ»։

Իսկ որ հայ գրականությունը մոր կերպարի պակաս ոնց որ թե չունի, Լեւոն Ջավախյանն ասում է՝ Աստված կա, բոլորինն է, մի Աստված էլ կա, մենակ իմն է, էդ իմ մերն է.

«Օր չկա, որ ես իր հետ չլինեմ, գետնի տակից էլ ինձ բարձրացնում է իմ մերը, ա՛յ, էդ ձեւի զորավոր կապ կա։ Որ գրող էլ դարձել եմ, Հովհաննես Մկրտիչը ո՞նց էր Հիսուսի շավիղները բաց անում, իմ մերը էդ դերն է խաղացել։ Ինքնաբերաբա՛ր։ Երեւի Աստծո դրածոն է եղել։ Էն գլխից ասում էր՝ իմ տղեն նշանավոր մարդ է դառնալու… Ես էլ հինգերորդ դասարանում, հիշում եմ, տարվա ամփոփագիրը՝ քարտիկը, բացեցի՝ ծերից ծեր 3 էր։ Էդքան էլ դեբիլ չէի չջոկելու համար, ասի՝ բա որ մեծ մարդ է դառնալու, բա մի քիչ էլ խելոք չպիտի՞ լինի։ Ու գնալով էղավ, էլի՛, ինստիտուտի երրորդ-չորրորդ կուրսում արդեն գերազանցիկ էի, լավ էի սովորում… Մոր կերպարի պակաս, հա՛, չունի հայ գրականությունը, բայց իմ մոր կերպարը յուրովի է։ Էնտեղ ես մորս ցավը ուրիշ կերպով եմ, չէ՞, տալիս, որը հիմա գլոբալ խնդիր է՝ ծնողները միայնության մեջ են մեռնում, չէ՞…»։

Իսկ զավակների՞ ուշադրության բաժինը. «Ես իմ էրեխանց սիրել եմ, բայց ստեղծագործող մարդիկ էգոիստ են լինում։ Հա՛, թոռներովս քիչ եմ զբաղվում։ Տղես ասում է՝ ա՛յ հեր, մի անգամ ձեռը բռնած դուրս չգնացիր ուրիշների նման (բայց մի անգամ գնացել եմ)։ Իմ սերը էրեխանց նկատմամբ պակաս չի եղել։ Բայց գրականությունն էլ է սեր պահանջում, նա չի սիրում, որ կողքերից ավելորդ կրուգներ անի գրողը։ Ա՛յ, էդ անմնացորդ սերն է ինձ խանգարել, որ իրենց ժամանակ տրամադրեմ։ 88-ին միտինգների էի, հիմա զզվել եմ։ Կեղծ հայրենասիրությունից եմ զզվել։ Հիմի ես ինչի՞ էրեխանց կենացի վրա էս բանն ասեցի, որ էս խոսքն ասեմ՝ մարդ իր հայրենիքը պիտի էրեխու նման սիրի։ Ո՛վ է կուրծք ծեծում, որ իր էրեխուն շատ է սիրում, չէ՞։ Էտենց էլ հայրենիքը պիտի սիրի, էլի՛»։

«Քիրվա» պատմվածքի միջոցով խաղաղություն եւ հանդուրժողականություն տարածելու համար Ջավախյանը 2010-ին Բաքվի հանդուրժողական կենտրոնի մրցանակը ստացավ։ Հայաստանում հանրությունը վատ ընդունեց, ներե՞լ է.

«Էլի ուռա-հայրենասիրության պատճառով էր։ Իսկական գրականությունը պիտի մարդակենտրոն լինի։ Հայրենիքը սիրում ես որոշակի սահմանների մեջ, գրականությունը փշրում է ամեն տեսակի սահման։ Կոսմոպոլիտ է, բայց դա պիտի գա իր հայրենիքից, ոնց որ ես իմ հորից, մորից եմ գալիս, Լոռվա ձորից եմ գալիս, գրականությունն էլ պիտի դրանից սկսվի, որտեղից որ քո հայրենիքն է սկսվում, բայց հետո պիտի անհայրենիք դառնա։ Իսկ էդ մրցանակը… Սենսացիա ուզո՞ւմ ես։ Չեմ ուզում գաղտնի մնա՝ սարքովի է եղել էդ մրցանակը։ Ես 7-8 տարի հետո եմ իմացել։ Եթե իմանայի, կյանքում չէի վերցնի էդ շինովի մրցանակը։ Իմ մոտիկ ընկեր Վազգեն Խաչիկյանը «Քիրվան» կարդացել էր, դուրը եկել էր, պաշտոնյա էր, մտածել էր՝ սա կարող է հնչողություն ունենալ ժողովուրդների բարեկամության թեմայով։ Վիրահայոց թեմի էն ժամանակվա մեր Վազգեն Սրբազանին էր տվել, որն էլ՝ Վրաստանի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ախունդին, նա էլ՝ էդ կազմակերպությանը»։

Ջավախյանի հերթական ծանոթն է Վերնիսաժում ընդհատում զրույցը, ու որերորդ անգամ անջատվում ու միացվում է ձայնագրիչը. «Գլխիս նշան կա՝ պեծիկ։ Մորս ասելով՝ Կամչատկայի ուրվագծով սպիտակ էին մազերս ու աջ ականջիս հետեւից պեծին էին տալիս։ Պեծը լոռվա բարբառով կրակի շեղջն է, էտենց էլ իմ գիրն ա պեծին տալիս… Իմ գիրը մեր աշխարհից է գալիս, մեր Լոռուց։ Սուրբ տեղը դատարկ չի մնում, չէ՞։ Որոշ չափով լոռեցի Սայաթ-Նովա, լոռեցիներ Հովհաննես Թումանյան, Հրանտ Մաթեւոսյան, դե չոչ անելով էդ ճամփով հմի ես եմ գնում։»…

Ռուզան  ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահի ամենամյա մրցանակը նախաձեռնել եւ ֆինանսավորում է Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա)։ Մրցանակաբաշխությունը կազմակերպում է Հայաստան համահայկական հիմնադրամը։ Մրցանակներն ավանդաբար ՀՀ նախագահի նստավայրում հանձնում են Հանրապետության նախագահը եւ Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։

«Առավոտ» օրաթերթ
19.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031