Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքի նախագծի համաձայն՝ Երեւանի քաղաքապետը հրապարակելու է որոշակի չափի նվիրատվությունները

Մայիս 05,2020 15:28

Խորհրդարանն այսօր քննարկում է «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի մի խումբ պատգամավորների հեղինակած՝ ՏԻՄ-ների մասին օրենքում փոփոխությունների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

Օրինագծի հեղինակներից «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը (լուսանկարում) տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումը օրինագիծը փոփոխվել է, եւ կարգավորումը վերաբերվում է միայն Երեւանին. «Նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով համայնքին արված նվիրատվության պարագայում քաղաքապետը պարտավոր է քաղաքապետարանի կայքում տեղեկացնել այդ նվիրաբերության մասին: Շեշտադրվել էր նվիրատուի անձնական տվյալների պաշտպանության հարցը, ուստի սահմանել ենք՝ նվիրատուի մասին տեղեկատվությունը հրապարակման ենթակա կլինի այն դեպքում, երբ նվիրատուն տա գրավոր համաձայնություն»:

Նշենք, որ Կառավարության դիրքորոշումն այս օրինագծի վերաբերյալ դրական է՝ հիմնավորմամբ, որ այն կնպաստի տեղական ինքնակառավարման բարելավմանը:

ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը նշեց, որ նման օրինագծի տրամաբանությունը պետք է շարունակական լինի. «Հնարավորինս պետք է ընդլայնել թափանցիկությունը»:

ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանն էլ համոզմունք հայտնեց, որ օրինագիծը թափանցիկություն չի ապահովելու, որովհետեւ նվիրաբերողը իր նվիրատվության դիմաց, թեկուզ եւ անանուն, բայց համայնքից կարող է ստանալ որեւէ ծառայություն, օրինակ՝ ապօրինի շինարարության. «Նվիրատվությունների մեծ մասը չի հրապարակվելու, եւ օրենքը հիմնականում ունենալու է ձեւական նշանակություն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031