Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն». Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկով

Մայիս 15,2020 09:00

– Պարոն Պոլոսկով, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները «ԶՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերի շուրջ, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կոմբինատի բաժնետերերի կառուցվածքում:

– Հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75%) եւ այդ ծավալից 12.5%-ը վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել գերմանական «ՍԻ 2 Քափիթալ» ընկերության հետ:

Այս փոփոխությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլվել են ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի) ստանդարտի ներդրման շրջանակներում ներկայացվող հայտարարագրում:

Ինչպես կարելի է տեսնել իմ հիշատակած հայտարարագրից, փոփոխություն է տեղի ունեցել նաեւ ԶՊՄԿ բաժնետերերից մեկի վերջնական սեփականատիրոջ մակարդակում:

Ավելի հասկանալի լինելու համար թույլ տվեք նկարագրել այդ շղթան:

Եվ այսպես, «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը տիրապետում է կոմբինատի բաժնետոմսերի 12.5% -ին, այդ ընկերության 100% -ի սեփականատերն է «Մուն Մեթալս» ընկերությունը, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթեդ» ընկերությանը, որի միակ մասնակիցն էր Ժան Ժակ Լուի Պոլ Բաֆֆեն:

Վերջին փոփոխությամբ Պոլ Բաֆֆեն իր ակտիվը փոխանցել է Միխայիլ Զուրաբովին: Այսինքն՝ ի դեմս պարոն Մ. Զուրաբովի, ունենք նոր իրական սեփականատեր (UBO):

Ուզում եմ հստակ ընդգծել, որ այս եւ նմանատիպ փոփոխությունները, որոնք պարբերաբար կարող են տեղի ունենալ, ԶՊՄԿ բաժնետերերի եւ տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չեն: Նմանատիպ վերադասավորումների նկատմամբ մենք ազդեցություն չունենք եւ չենք կարող ունենալ:

Ես՝ որպես գլխավոր տնօրեն, այդ մակարդակում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացվում եմ պոստ ֆակտում, եւ ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան՝ պարտավոր եմ գործարքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սահմանված ժամկետում արտացոլել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում, ինչն էլ կատարվել է:

Հիմա մենք ակտիվ բանակցություններ ենք վարում մեր ոլորտի առաջատար ձեռնարկությունների, խոշորագույն թրեյդինգային ընկերությունների եւ զարգացման բանկերի հետ` ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխելու ուղղությամբ:

Դա խոսում է այն մասին, որ ԶՊՄԿ բաժնետերերի կառուցվածքում հետագայում նույնպես փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց հիմնական նպատակն է ապահովել ընկերության սեփական կապիտալի անհրաժեշտ մակարդակը:

Վերը շարադրվածը առավել արդիական եւ պահանջված է դառնում համաշխարհային տնտեսության ցնցումների, սպասվող ռեցեսիայի եւ արդյունաբերական մետաղների գների էլ ավելի անկման կանխատեսումների համատեքստում:

Բացի այդ, մեր միջնաժամկետ քաղաքականությունը, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշել, նախատեսում է ընկերության կազմակերպչական ձեւի փոփոխություն՝ հանրայնացման ուղղությամբ։

Ներկայումս մենք ակտիվորեն իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիմք նախապատրաստել ընկերության բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման (IPO) համար:

Սպասվող տրանսֆորմացիաներից հետո ընկերության բաժնետերերի ցանկն ավելի կընդլայնվի, եւ նրա գործունեությունը կկարգավորվի նաեւ այն երկրների օրենսդրությամբ, որոնց բորսայական հարթակներում կտեղաբաշխվեն բաժնետոմսերը:

Մենք շահագրգռված ենք, որ առաջնային տեղաբաշխումը տեղի ունենա հենց հայկական ֆոնդային բորսայում:

Այս ուղղությամբ առաջին կարեւոր քայլը ընկերությունն արդեն կատարել է՝ Հայաստանի ֆինանսական շուկայում հաջողությամբ տեղաբաշխելով ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր`բոնդեր:

Հաշվի առնելով, որ մեր ուղենշած ճանապարհը բերելու է ԶՊՄԿ բաժնետերերի շարունակական ընդլայնմանը, հույս ունեմ՝ հիմնականում հայաստանյան շահառուների հաշվին, կցանկանայի, այդ թվում նաեւ մեր հնարավոր նոր գործընկերների ուշադրությունը հրավիրել լեռնագործային ոլորտի զարգացման համաշխարհային փորձի վրա հիմնված մի այսպիսի գաղափարի վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը պետք է օգտագործի հանքարդյունաբերության եւ մետալուրգիայի բնագավառում սերնդեսերունդ գեներացված մասնագիտական ներուժը, արդեն իսկ առկա եւ մշակման փուլում գտնվող նորարարական տեխնոլոգիական լուծումները, ֆինանսական միջոցներ ներգրավելու կարողությունները` զարգացնելու համար հանքարդյունաբերական նախագծեր Հայաստանից դուրս:

Հայաստանն իմ գնահատմամբ իրական հնարավորություն ունի տեսանելի ապագայում դառնալ երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող, ձեռնարկություններ կառավարող խոշոր հոլդինգային ընկերությունների կենտրոն:

Դա հնարավորություն կտա մեր երկրից «արտահանել» իմ թվարկած ռեսուրսները, եւ ներմուծել դրանց արդյունքը:

Մեր դիտարկումները եւ համեստ փորձը վկայում են այն մասին, որ այս ձեռնարկումը կարող է պահանջված լինել բազմաթիվ՝ առաջին հերթին զարգացող երկրներում:

Մ. ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

15.05.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031