Լրահոս
Օրվա լրահոսը

Կա իրական վտանգ

Մայիս 15,2020 10:00

Այս երեք ամիսների ընթացքում ես շատ մարդկանցից եմ լսել «ես չեմ հավատում» արտահայտությունը: Խոսքը, բնականաբար, կորոնավիրուսի մասին է: Հազարավոր մարդիկ Հայաստանում մինչեւ հիմա կարծում են, որ համավարակի հետ կապված այս ամբողջ պատմությունը ծայրից ծայր հնարած է, որ բացի սովորական գրիպից որեւէ այլ արտասովոր բան մարդկանց հետ չի պատահում, եւ ինչ-որ մութ ուժեր, դավադիրներ (դրանց անունը տարբերակվում է ըստ ճաշակի) կորոնավիրուսի միջոցով պարզապես մոլորության մեջ են գցել մարդկությանը: Անգամ վարակվածների եւ մահացածների` Հայաստանի մասշտաբով ահռելի թիվը մարդկանց չի սթափեցնում. ի հեճուկս փաստերի նրանք շարունակում են մնալ «անհավատ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին մեր քաղաքացիների մեծամասնությունը, կարծես թե, վստահում է, երեկ եւս մեկ անգամ վերահաստատել է, որ կորոնավիրուսը «բլեֆ չէ», որ դա իրական վտանգ է, որից բոլորս պետք է զգուշանանք: Հուսով եմ, դա կազդի կասկածողների գոնե մի մասի վրա: Զգուշացումն, իհարկե, տեղին է, արտակարգ դրության երկարաձգումը՝ նույնպես: Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք ինքը՝ կառավարությունը, չի նպաստել հասարակության «անհավատությանը»` սկզբնական շրջանում թեթեւամիտ վերաբերմունք ցուցաբերելով կորոնավիրուսի հանդեպ եւ արդյո՞ք այս ամիսների ընթացքում ամենն արել է՝ վարակի տարածումը կանխելու համար:

Ինձ թվում է, երկու հարցերի պատասխանն էլ ակնհայտ է: Այս ուղղությամբ կառավարության կատարած աշխատանքի լավագույն ցուցիչն է վարակվածների եւ մահացածների թվի դինամիկան, որը Հայաստանում բացասական է՝ ի տարբերություն եվրոպական երկրների մեծամասնության, որտեղ համավարակի բարձրակետն, ըստ ամենայնի, անցած է:

Իհարկե, ավելի մանրամասն վերլուծությունները կարվեն այն ժամանակ, երբ մարդկությունը կհաղթահարի այդ արհավիրքը (իսկ որ դա վաղ թե ուշ տեղի կունենա, կարծում եմ, ոչ ոք չի կասկածում): Այս պահին, ըստ երեւույթին, ամենահրատապ խնդիրն է ավելի կոշտ եւ վճռական դարձնել ոստիկանության աշխատանքը: Բոլոր այն հաստատությունները, առեւտրի կետերը, սննդի օբյեկտները, որտեղ չեն պահպանվում պարետատան կողմից ներկայացված կանոնները, պետք է անողոքաբար տուգանվեն: Նույն վերաբերմունքը պետք է ցուցաբերել օրինախախտ քաղաքացիների նկատմամբ: Կանոններն էլ անհրաժեշտ է ամեն օր հստակեցնել եւ, եթե հարկ կա, խստացնել: Քանի որ տնտեսական եւ, հետեւաբար, սոցիալական վիճակը մոտակա ամիսների ընթացքում վատթարանալու է, բացառված չէ, որ կլինեն բողոքներ: Չվախենալով «ոչ դեմոկրատ» լինելուց, քաղաքացիներին պետք է հորդորել առայժմ ձեռնպահ մնալ ցույցերից, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ՝ կիրառել հարկադրանքի միջոցներ:

Եվ, վերջապես, կառավարության անդամներն ու պատգամավորներն իրենք պիտի ցույց տան ձեռնոց, դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահելու օրինակը: Այս պահին նրանք սոցիալապես պատասխանատու վարքի, մեղմ ասած, լավագույն մոդելը չեն:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ծառը ուժեղ քամիներին դիմանալու համար մի ձեւ ունի՝ ինչքան հնարավոր է ավելի խորն է ձգում իր արմատները, նմանապես եւ մարդն է՝ ինչքան խորն է նրա ազգային արմատները, այնքան նա ուրիշների համեմատ ավելի քիչ վնասներով է դուրս գալիս տարբեր տեսակ արհավիրքներից եւ ավելի պատրաստված դիմագրավում հաջորդ արհավիրքները: Այնպես որ, հեռուստատեսությամբ եւ այլ ազգային լրատվական միջոցներով ազգին պետք է սովորեցնել քաղաքական, մշակութային, տնտեսական ազգային ինքնաբավության՝ բարբառների, խոհանոցների, պարերի ու նման ազգային յուրահատկությունների փառատոներ ու ու մրցույթներ կազմակերպել՝ ինչ ինչ աստված մեզ բարբառների ու խոհանոցների մեծագույն բազմազանություն է նվիրել: Կարճ ասած, չկա չարիք առանց բարիքի՝ վերադառնանք մեր արմատներին, դրախտի թե դժոխքի որ անկյունում էլ լինենք:

  2. henri says:

    ” Futurabilia ” -ները յետագային գործադրելիք են ։
    Այս տագնապը ցոյց տուաւ թէ որքան դիւրաբեկ է մեր 21-րդ դար թեւակոխած ընկերութիւնը ։
    Եթէ Կտրուկ միջոցներ չառնուին այսօր իսկ
    դիմացնիս շատ անախորժ օրեր կը սպասուին ։
    Հզօր կարծուած պետութիւններ յանկարծակիի
    եկած,շփոթած վիճակ մը ունին։
    Անոնք որ հիւլէին տիրապետած ըլլալով կը կարծէին անխոցելի ըլլալ ,ամէն օր իրենց մահացածները կը հաշուեն սարսափած․։
    Ամիսներ վերջ տակաւին յուսահատ փնտռտուքներու մէջ են ։ Ամէն օր ՛՛ նոր գիւտի՛՛ մը մասին կը խօսին որ ժողովուրդը չի յուսալքուի ։Կացութիւնը շատ մտահոգիչ է .անհրաժեշտ է վճռական քայլեր առնել առանց ժամանակ կորսնցնելու ։

  3. Alfred says:

    Մեքենայի ամրագոտին հայերիս մի մասը համարում է ավելորդ այն դեպքում երբ աշխարհը վաղուց ընդունել է դրա կարևորությունը։ Նույնն էլ կորոնավիրուսը։ Բայց որ երկրի ղեկավարն էր նույն կար
    ծիքի դա արդեն ողբերգություն է

  4. Հ.Շ. says:

    Հայաստանը լայն տարածութիւն ունի, լիքը գիւղեր, ամէն կողմ

    ամէն մի ընտանիք, իր տարեցները եւ արդէն առողջական խնդիր ունեցող անդամները, թող առաւելագոյն չափով՝ մեկուսացնէ, գոնէ յաջորդ ութը ամիսները – եւ դա անհնար է Երեւանի մէջ -. երկու մեթր հեռաւորութիւն, ոեւէ մէկին համար, որեւէ պատճառով,այս անձերի պարագային. ոնց որ բանտարկուած լինեն, առանց այցելութեան իրաւունքի. – կենսական գնումները դուռին առջեւ կը տեղաւորէք, վրան՝ հականեխիչ մի բան կը սրսկէք, իրենք ներս կը տանին, կը լուանան, կը սնանին/կ’օգտագործեն. ութէն տասը ամիս. չարչարանքներու մէջ մեռնելէն լաւ է.

    ուրիշ լուծում չկայ. եւ ամէն տեղ, հիմնականօրէն, նոյն վիճակն է.

    թէ ոչ՝ իսկապէս, լրջօրէն, կարգին ջարդ է լինելու

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031