Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ էլ կնոջը տեղափոխել է Նուբարաշենի գերեզմանատուն եւ սպառնալիքներով նրա կոշիկներից հանել ու հափշտակել է գումարը

Հուլիս 06,2020 13:00

2018թ. մայիսի 1-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: 2018թ. մայիսի 16-ին Նարինեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Սիրանույշի՝ չորս հատ ոսկյա շղթայի, երկու հատ ոսկյա մատանու, մեկ հատ ոսկյա խաչի եւ մեկ հատ ոսկյա կախազարդի գողության համար: Սակայն սա միայն գողության գործ չէր, իրապես իրեն տուժող համարող Նարինեի ծնողները բողոքներ են ներկայացնում իրավապահ մարմիններին, հայտնում, որ դստերը դրդել են մարմնավաճառության: Սակայն կարծես նախաքննությունը գողության սահմաններից դուրս չի եկել: Մինչդեռ, չի բացառվում, որ  մենք գործ ունենք ավելի ծանր հանցագործության հետ, ինչու ոչ`թրաֆիկինգի:

Առերեւույթ տուժողի եւ կասկածյալի անունները փոխված են:

«Արդեն 2 տարի եւ 2 ամիս ձգվող նախաքննութունը կատարվել է քրեական եւ դատավարական օրենքի բազմաթիվ խախտումներով, որոնց վերաբերյալ պաշտպանական կողմը բազմաթիվ միջնորդություններ ու բողոքներ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, համայնքի դատախազությանը եւ դատարանին, պահանջվել են՝ կատարվել կոնկրետ քննչական գործողություններ, նշանակվել դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն, բացարկ է հայտնվել գործով քննիչին, սակայն բոլոր մարմինները անդրդվելիորեն համարում են, որ գործով կատարվել է բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ նախաքննություն, հիմնավորված է, որ նախ Սիրանույշի ոսկեղենը գողացվել է եւ ապա՝ այն գողացել է Նարինեն եւ այդ հիմնավորմամբ մերժվում են ներկայացված միջնորդություններն ու բողոքները: Նարինեի ծնողների կողմից բազմաթիվ դիմում բողոքներ են ներկայացվել ինչպես նշված մարմիններին, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ վարչապետին, որոնցով հայտնվել են, որ իրենց դուստրը գողություն չի կատարել, որ եթե իրենք համոզվեին, որ դուստրն է գողացել ոսկյա զարդերը, ապա վաղուց մարած կլինեին վնասը, նա մեղավոր կճանաչեր իրեն եւ գործի ընթացքը ավարտված կլիներ, նույնիսկ դստերը մեղսագրված արարքի նկատմամբ կիրառելի է 2018թ. նոյեմբերի 1-ին Ազգային Ժողովի կողմից ընդունված համաներման ակտը, սակայն աղջիկը չի ցանկանում, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի այդ հիմքով, քանի որ նա գողություն չի կատարել, ուղղակի այդ կերպ Սիրանույշը ցանկանում է նրան պատժել, իսկ վարույթն իրականացնող մարմինն առանց հիմնավորումների, առանց իր պատճառաբանությունները հերքելու հավատում է ակնհայտ սուտ մատնություն կատարած Սիրանույշին ու նրա ազդեցության տակ գտնվող գործընկերներին»,-ասում է ՓՊ Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան, պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը (լուսանկարում):

Նա նաեւ հաստատում է, որ կա նման գողության գործ, սակայն նախաքննության շահերից ելնելով հրաժարվեց թե անուններ տալ, թե գործի որոշ հանգամանքներ:

Անչափահաս երեխաների մայր Նարինեն ծնողներին հայտնել է, որ աշխատանք փնտրելու նպատակով գնում է Երեւան: Նա ծնողներին է թողնում երեխաների խնամքը:

2018թ. գարնանը Երեւանում Նարինեն պատահաբար հանդիպել է Սիրանույշին, ով համոզվելով, որ վերջինը հիվանդ, տկարամիտ, դյուրահավատ ու «մշակման» համար հարմար թեկնածու է, նրան սեռական շահագործման ենթարկելու հեռահար նպատակով խոստանում է ապահովել աշխատանքով ու բնակարանով: Համատեղ բնակվելու նպատակով առաջարկել է բնակարան վարձակալել՝ վարձավճարը միասին վճարելու պայմանով: Սիրանույշը հայտնելով, որ ինքը անձնագիր չունի, բնակարաններ վարձելու պայմանագրերը կազմել է Նարինեի անձնագրով: 150.000 ՀՀ դրամ վարձավճարով ճոխ բնակարաններում բնակվելու, սնվելու եւ առօրյա ծախսերն ապահովելու նպատակով Սիրանույշը Նարինեից պահանջել է զբաղվել մարմնավաճառությամբ։ Սիրանույշի պահանջով օտար տղամարդու հետ առաջին սեռական հարաբերությունից հետո Սիրանույշը Նարինեին հայտնել է, որ այն տեսանկարահանել է, ապա սպառնացել է` ցույց տալ վերջինի հարազատներին՝ եթե նա չենթարկվի ու չկատարի իր ցուցումները:

Սիրանույշը տաքսիով հաճախակի է Նարինեին ուղարկել տղամարդկանց հասցեներով, իսկ սեռական հարաբերությունների դիմաց վճարած գումարներն ամբողջությամբ Նարինեն փոխանցել է Սիրանույշին, որոնք ծախսվել են նրա կողմից: Հաճախ պատահել է, որ այդ գումարն էլ չեն տվել Նարինեին, իսկ մի անգամ էլ նրան գիշերով անծանոթ տղամարդը տեղափոխել է Նուբարաշենի գերեզմանատուն եւ սպառնալիքներով նրա խուզարկությամբ կոշիկներից հանել ու հափշտակել է նրա գումարը: Սիրանույշը, ըստ բողոքաբեր կողմի, դրանով չի բավարարվում, նա Նարինեի միջոցով խաբեությամբ ուրիշին պատկանող եւ բանկում գրավադրված անսարք ավտոմեքենան 6000 ԱՄՆ դոլար գումարով իրացրել է նրա հորը: Հետագայում Նարինեի հայրը պարզում է, որ մեքենան վարկի գումարի դիմաց գրավ է դրված  բանկում, այն ստիպված հետ է վերադարձրել սեփականատիրոջը՝ կրելով 9000 ԱՄՆ դոլարի գույքային վնաս, որը մինչ օրս որեւէ մեկի կողմից չի վերականգնվել:

Ըստ նախնական տեղեկությունների, նա հայրական տուն գնացել է միշտ Սիրանույշի ուղեկցությամբ:

2017թ. երկու անգամ եւ 2018թ. Սիրանույշի պահանջով ու ներկայությամբ, նրան պատկանող ոսկյա զադերը Նարինեի անձնագրով մաս-մաս գրավադրվում է գրավատանը, որոնց դիմաց տրված համապատասխանաբար առանձնապես խոշոր չափի սպառողական վարկի գումարն ու վարկային պայմանագրերը գրավատանը վերցնում է Սիրանույշը:

2018թ. փետրվարի վերջին Սիրանույշը ընկերուհիների հետ միասին 10 օրով մեկնել է Թբիլիսի քաղաք: Նարինեն նրանց վարձակալած բնակարանում մնում է միայնակ: Նարինեի մայրը տեղեկանալով դստեր վիճակի, նրան շահագործելու եւ թալանելու մասին, պահանջում է, որպեսզի աղջիկը վերադառնա հայրական տուն: Սիրանույշը ըստ երեւույթին հասկանալով, որ Նարինեի հեռանալով … ինքը կզրկվի կայուն եկամուտի աղբյուրից, հայտնում է, որ Նարինեն իր ոսկեղենը գրավ է դրել, գումարները ծախսել է իր կարիքների համար եւ մինչեւ գումարները չվճարի ու իր ոսկեղենը չվերադարձնի, ոչ մի տեղ չի գնալու:

Նարինեն մոր հետ միասին վերադարձել է հայրական տուն,  ծնողները Սիրանույշին հայտնել են, որ Նարինեն իրենց ասել է ճշմարտությունը եւ որ իրենց աղջիկը նրան պարտք չէ, ընդհակառակը՝ նա է իրենց ընտանիքին խոշոր վնաս պատճառել, շահագործել իրենց դստերը եւ եթե չդադարեն իրենց անհանգստացնել, ապա կդիմեն իրավապահ մարմիններին:

Հենց դրա հաջորդ օրը Սիրանույշը դիմել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին:  Նա հաղորդում է տվել այն մասին, որ Երեւանի բնակարանում, իր հետ համատեղ բնակվող Նարինեն բնակարանի հյուրասենյակի պահարանից գաղտնի հափշտակել է իրեն պատկանող ոսկյա զարդերը։

Հարուցվել է քրեական գործ` գողության համար: Նարինեն մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ հայտնել է, որ ինքը Սիրանույշի ոսկյա զարդերը չի գողացել:

Գործով հիմնավորված է համարվել, որ Սիրանույշին պատկանող, գողացված ոսկեղենի շուկայական արժեքը ոչ թե մոտ մեկ միլիոն դրամով պակաս է,  ինչի կապակցությամբ Նարինեին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է եւ նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որում նա իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանի. «Որակման եւ ծավալի առումով բարդություն չներկայացնող այս գործը ոչ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվում, ոչ էլ Նարինեի նկատմամբ քրեական հետապնդումն է դադարեցվում: Վարույթն իրականացնող մարմինն անդրդվելի է՝ համարում է, որ Նարինեի հանցանքը հիմնավորված է, սակայն՝ մինչեւ օրս չի պատասխանել մի շարք հարցերի, որոնք կհիմնավորեն այդ ամենը»: Վարչապետին ուղարկած նամակի համաձայն, առկա է սուտ մատնություն Սիրանույշի  կողմից, նրա ոսկյա զարդերը չեն գողացվել եւ Նարինեին այդ զարդերի գողության համար ակնհայտ անհիմն մեղադրանք է առաջադրվել: Բողոքաբեր կողմի դիմում-բողոքի համաձայն,  Սիրանույշը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում տված հաղորդմամբ հայտնել էր, որ Նարինեի կողմից բնակարանի հյուրասենյակի պահարանից ոսկյա զարդերը գողացվել են 2018թ. փետրվարին, այն դեպքում, երբ նրա ոսկեղենը մաս-մաս գրավադրվել է 2017թ. դեկտեմբերի 5-ին, 2017թ. դեկտեմբերի 8-ին եւ 2018թ. հունվարի 23-ին եւ դրանց դիմաց ստացված վարկերը չեն մարվել ու ոսկեղենը հետ չի ստացվել վարկային կազմակերպությունից: Եվ նաեւ հաղորդում տվեց այն ժամանակ, երբ  Նարինեի ծնողները սպառնացին դիմել իրավապահ մարմիններին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 «Առավոտ» օրաթերթ
04.07.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Թույլ տվեք հարցնել։ Սա՞ Հայաստանի համար հրատապ լուրը։ Ի՞նչ նպատակի է հետապնդում ։ Եվ այսպիսի մանրամասնություններով։ Այդպիսի զազրելի գործեր ինչքան ասես եղել է ու կան ։ Ինչու՞ եք հրապարակում ։ Նորմալ նյութ չկա՞ ։ Երանի նպատակը բացատրեք։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031